Ծալկացի երիտասարդը Երևանում սպանել է իր եղբորը սպանած տղամարդու որդուն

Ծալկացի երիտասարդը Երևանում սպանել է իր եղբորը սպանած տղամարդու որդուն

Մայիսի 29-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 26-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ ժամը 23.20-ին Իսակովի պողոտայում «Մակարով» ատրճանակով յոթ անգամ կրակել և սպանել է Դավիթ Թամարյանին: Հայտնում են հայկական ԶԼՄ-ները։

ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ ժամը 23.30-ին շտապօգնության ենթակայանից է ահազանգ ստացվել, որ կանչով մեկնել են Իսակովի պողոտայի 42/9 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դիակ՝ հրազենային վնասվածքներով:

Նշված հասցե մեկնած օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է 18-ամյա Դավիթ Թամարյանի դիակը՝ հրազենային վնասվածքներով:

26-ամյա երիտասարդը ներկայացվել է քննչական բաժին: Նա ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ կատարվածն արյան վրեժ է՝ վենդետա․ սպանվածի հայրը տարիներ առաջ Վրաստանում սպանել է 26-ամյա տղամարդու եղբորը։ Սպանված Դավիթ Թամարյանը և սպանության մեջ մեղադրվող 26-ամյա երիտասարդը Ծալկայի շրջանի Նարդևան գյուղից են։