Եվրոպական հանձնաժողովը հայտարարում է 434,8 միլիոն եվրոյի մրցույթ՝ դոկտորանտների վերապատրաստմանն աջակցելու համար

Եվրոպական հանձնաժողովը հայտարարում է 434,8 միլիոն եվրոյի մրցույթ՝ դոկտորանտների վերապատրաստմանն աջակցելու համար

Վրաստանում հայտարարվել են ԵՄ աջակցությամբ «Մելիորա 2022» պատասխանատու բիզնեսի մրցանակի հաղթողների անունները

2023 թվականի մայիսի 30-ին կայացել է «Մելիորա 2022» Վրաստանի պատասխանատու բիզնեսի չորրորդ մրցանակաբաշխությունը։ Այն կազմակերպվել եւ իրականացվել է ԵՄ աջակցությամբ։

Այս ամենամյա մրցույթի իրականացմանն աջակցում է նաեւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը (KAS)։ Այն իրականացվում է Վրաստանի ռազմավարական հետազոտությունների եւ զարգացման կենտրոնի (CSRDG) կողմից՝ կոչված լինելով գնահատելու Վրաստանում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) խթանմանն ու ամրապնդմանն ուղղված ջանքերը։ Այն պարգեւատրում է գործարար կազմակերպություններին կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը խթանող լավագույն նախաձեռնությունների եւ նախագծերի համար։

«Մելիորա 2022»-ի տարբեր անվանակարգերի հաղթողներն են.

  • «Կանաչ նախաձեռնություն»

Հաղթող խոշոր ընկերություն՝ «Tegeta Holding», «Tegeta-ն շրջակա միջավայրի համար» նախագիծ։

Հաղթող ՓՄՁ՝ «Biodiesel Georgia», «Կենսավառելիքի ստացում թափոններից՝ մաքուր շրջակա միջավայր եւ էներգետիկ անկախություն» նախագիծ։

  • «Պատասխանատու գործատու»

Հաղթող խոշոր ընկերություն՝ «Majorel Georgia», «Feel Good» նախագիծ։

  • «Աջակցություն համայնքին»

Հաղթող խոշոր ընկերություն՝ «APM Terminals Poti», «APM Terminals-ը Փոթիի համար» նախագիծ։
Հաղթող ՓՄՁ՝ «Edena», «Աջակցություն ապամոտիվացված կանանց» նախագիծ։

  • «Միջոլորտային գործընկերություն – համատեղ պատասխանատվություն»

Հաղթող ՓՄՁ՝ «Qwerty», «Աջակցություն Supergmiri.ge-ին» նախագիծ։

  • «Թափանցիկություն եւ հաշվետվողականություն ԿՍՊ-ի եւ կայունության ոլորտում»

Հաղթող խոշոր ընկերություն՝ «TBC Bank», «2021թ. կայունության զեկույց» նախագիծ։

  • «Տարվա ԿՍՊ կառավարիչ»

Հաղթող՝ Անա Կուխալեիշվիլի, «BIM Cube» ընկերություն։

  • «Տարվա պատասխանատու ՓՄՁ»

Հաղթող՝ MBC։

Պարգեւատրման արարողությանը ներկա է գտնվել 250 հոգի, այդ թվում՝ դիվանագետներ, պետական պաշտոնյաներ, տեղական եւ միջազգային փորձագետներ, քաղաքացիական հասարակության եւ բիզնեսի ներկայացուցիչներ:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Բրյուսելում հանդիպել է ԵՄ ղեկավարությանը

Մայիսի 30-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հանդիպում են ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։

Նախագահ Միշելը հիշեցրել է Վրաստանին եվրոպական հեռանկար տրամադրելու վերաբերյալ Եվրոպական խորհրդի 2022 թվականի հունիսի պատմական որոշման մասին եւ վերահաստատել իր ամուր համոզմունքը, որ Վրաստանի ապագան ԵՄ-ում է:

Միշելն ու Զուրաբիշվիլին քննարկել են Վրաստանին սպառնացող մարտահրավերները։ Նախագահ Միշելն ընդգծել է, որ ավելի մեծ առաջընթացի կարիք կա արդարադատության բարեփոխումներին, մամուլի ազատությանը, քաղաքացիական հասարակությանը, ապաօլիգարխիզացիային եւ ապաբեւեռացմանն առնչվող հարցերում:

Եվրոպական հանձնաժողովն իր աշնանային «Ընդլայնման փաթեթի» շրջանակներում կպատրաստի զեկույց՝ Վրաստանին առաջարկված տասներկու առաջնահերթությունների կատարման վերաբերյալ։ Այս զեկույցից հետո՝ 2023 թվականի վերջին եռամսյակում, նախագահ Միշելը մտադիր է հաջորդ քայլերի հարցը բերել Եվրոպական խորհրդի օրակարգ։

Շառլ Միշելը նաեւ բարձր է գնահատել Վրաստանի նախագահի դերը եվրոպական ճանապարհով Վրաստանի առաջխաղացման եւ միջկուսակցական տարաձայնությունների հաղթահարման հարցերում եւ ընդունել առաջիկա շրջանում Վրաստան այցելելու նրա հրավերը։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը եւս ողջունել է Զուրաբիշվիլիի հաստատուն նվիրվածությունը Վրաստանի եվրոպական հեռանկարին։ «Ես անհամբերությամբ եմ սպասում ձեզ հետ աշխատանքը շարունակելուն», – գրել է նա Twitter-ում:

«ԵՄն անկախ լրատվամիջոցների համար» ծրագիրը մեկնարկում է ինքնուրույն ուսումնառության դասընթաց լրագրողների եւ լրատվամիջոցների ղեկավարների համար

ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն անկախ լրատվամիջոցների համար» (EU4Independent Media) ծրագիրը մեկնարկել է առցանց դասընթացների շարք՝ նախատեսված լրագրողների եւ լրատվամիջոցների ղեկավարների համար: Բոլոր դասընթացները ենթադրում են ինքնուրույն ուսումնառություն, ինչը նշանակում է, որ դրանց կարող եք մասնակցել ըստ ձեր հարմարության։

«ԵՄ-ն անկախ լրատվամիջոցների համար» ծրագրի նպատակն է խթանել Արեւելյան գործընկերության երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա) գործող անկախ լրատվամիջոցների դիմակայունությունը եւ ֆինանսական կայունությունը:

Ծրագրի մշակած առցանց ռեսուրսները օգնում են լրատվական կազմակերպություններին զարգացնել կառավարման եւ խմբագրական հմտություններն ու աջակցել քաղաքականապես եւ տնտեսապես բարդ միջավայրերում աշխատող լրագրողներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով Ուկրաինայում պատերազմը լուսաբանող լրագրողներին:

Օրինակ, պատերազմի լուսաբանման եւ ռիսկերի գնահատման մասին էլեկտրոնային դասընթացները մշակել է BBC-ի Մոսկվայի ու Բաղդադի բյուրոների նախկին ղեկավար Քրիս Բութը:

Պատերազմի լուսաբանման վերաբերյալ դասընթացը ներառում է պատերազմի լուսաբանման էթիկական նկատառումները եւ նպատակ ունի առավելագույնի հասցնել լուսաբանման որակը` միաժամանակ նվազագույնի հասցնելով այլոց եւ հենց լրագրողներին վնաս պատճառելու ռիսկը:

Ռիսկերի գնահատման վերաբերյալ դասընթացը համապարփակ վեբինար է՝ ուղեցույց այն մասին, թե ինչպես կարելի է գնահատել ռիսկերը, երբ խմբագրության՝ ռազմական հակամարտությունները եւ պատերազմները լուսաբանող անձնակազմն աշխատում է թշնամական միջավայրում։

«Management Kit» դասընթացը ԱլԳ երկրների լրատվական խմբագրությունների ղեկավարների համար նախատեսված ռեսուրս է: Այն նպատակ ունի աջակցել անկախ լրատվական կազմակերպությունների նորությունների բաժնի խմբագիրների ուսուցմանը եւ վերապատրաստմանը: Այն նպատակ ունի ծանոթացնել նրանց նորությունների կառավարման հիմունքների հետ եւ օգնել դրանց գործնական կիրարկման հարցում՝ հիմնական փաստաթղթերի ձեւանմուշների եւ օժանդակ տեսանյութերի միջոցով: Դասընթացը մշակվել է լրատվության հարցերով անկախ խորհրդատու Զոի Փորթերի (Մեծ Բրիտանիա) եւ «Պալիտրա Մեդիա»-ի լրատվական տնօրեն Նատալյա Մումլաձեի (Վրաստան) կողմից:

Վերջերս հրապարակված խմբագրական կանոնների վերաբերյալ դասընթացը մշակվել է Էդինբուրգի Նափիեր համալսարանի լրագրության դասախոս Միրանդա Հերսթի կողմից: Դասընթացը մանրամասն բացատրություն է տալիս, թե ինչու են խմբագրական կանոնները կարեւոր եւ ինչպես են դրանք օգնում խմբագրական աշխատանքին լրատվության բաժնում:
Դասընթացները զետեղված են EU NEIGHBOURS east-ի վեբկայքի «Մեդիա» բաժնում, որտեղ կարող եք ծանոթանալ նաեւ լրատվամիջոցների համար ԵՄ կողմից ֆինանսավորվող այլ հնարավորությունների, ներառյալ վերապատրաստման, ֆինանսավորման եւ դրամաշնորհների վերաբերյալ մանրամասներին, ԵՄ ֆինանսավորմամբ լրատվամիջոցների աջակցմանն ուղղված ծրագրերի մասին վերջին նորություններին, նյութերին ու տեղեկատվությանը, ինչպես նաեւ լրատվամիջոցների մասին ուսումնասիրություններին ու զեկույցներին։

Վրաստանում երիտասարդ եվրոպական դեսպանները մասնակցել են «Վերջին զանգ»-ի միջոցառումներին

Մայիսի 22-ին Վրաստանում երիտասարդ եվրոպական դեսպանները միացել են Սամեգրելոյի շրջանի Զուգդիդ քաղաքում ավագ դպրոցի դասերի ավարտի կապակցությամբ տեղի Երիտասարդական խորհրդի կողմից Զուգդիդի քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպված «Վերջին զանգ»-ի միջոցառումներին: Դպրոցի ավարտական ավանդական միջոցառումն ամեն տարի գրավում է տեղի հազարավոր երիտասարդների:

Տասը դեսպաններ, օգտագործելով այս հնարավորությունը, երիտասարդների հետ զրուցել են ԵՄ-Վրաստան հարաբերությունների մասին՝ հատկապես Վրաստանի եվրոպական ուղու համատեքստում, եւ բարձրացրել եվրոպական արժեքների մասին իրազեկությունը:

Դեսպանները ներգրավել են տեղի երիտասարդներին՝ նրանց համար կազմակերպելով զվարճալի միջոցառումներ, ինչպիսիք են վիկտորինաները: Բացի այդ, դեսպանները կազմակերպել են «ԵՄ-ն եւ շոկոլադը» կոչվող հարակից միջոցառումը, որի ընթացքում նրանք մոտենում էին տեղի բնակիչներին, պատմում որեւէ հետաքրքիր փաստ ԵՄ-ի մասին եւ նվիրում ԵՄ ապրանքանիշով շոկոլադներ:

Փառատոնի ընթացքում դեսպանները շփվել են շրջանի շուրջ 250 երիտասարդների հետ:

Մոլդովայում տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին մասնակցել է 45 երկիր

Հունիսի 1-ին Մոլդովայի Բուլբոակա քաղաքի «Միմի» ամրոցում կայացավ Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ հանդիպումը՝ համախմբելով աշխարհի տարբեր երկրների առաջնորդների:

«Մենք այստեղ՝ Քիշնեւում, ներկայացնում ենք 45 երկիր։ Դա հզոր խորհրդանիշ է», – հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

Այս երկրորդ հանդիպմանը մասնակցել են ԵՄ անդամ 27 երկրներ, Միացյալ Թագավորությունը, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան եւ եվրոպական այլ երկրներ։

Հանդիպմանը միացել էին նաեւ Եվրոպական խորհրդի նախագահը, Եվրոպական հանձնաժողովի նախագահը եւ Եվրոպական խորհրդարանի նախագահը։

Նրանք քննարկել են խաղաղության ու անվտանգության համատեղ ջանքերին, ներառյալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի վարած պատերազմին, ինչպես նաեւ Եվրոպայում էներգետիկ դիմակայունությանը, միակցվածությանն ու շարժունակությանը վերաբերող հարցեր:

Եվրոպական քաղաքական համայնքը անցյալ տարի ստեղծված քաղաքական համակարգման հարթակ է, որը չի փոխարինում գոյություն ունեցող որեւէ կազմակերպության, կառուցվածքի կամ գործընթացի եւ այս փուլում նպատակ չունի ստեղծել նորերը:

Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպումները տեղի կունենան Իսպանիայում եւ Միացյալ Թագավորությունում։

«EU4 Independent Media» ծրագիրը կաջակցի հետաքննական լրագրողական նյութերի արտադրությանը Արեւելյան գործընկերության երկրներում. միավոր ծրագրի բյուջեն կազմում է մինչեւ 100,000 եվրո

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ գործող «ԵՄ-ն անկախ լրատվամիջոցների համար» (EU4 Independent Media) ծրագիրը հայտարարում է հետաքննական լրագրությանն աջակցության ծրագրի մեկնարկի մասին, որի նպատակն է նպաստել հանրային բարձր հետաքրքրություն ներկայացնող թեմաներով ազդեցիկ եւ համոզիչ հետաքննությունների պատրաստմանը:

Ծրագիրն իրականացվում է Եվրամիության աջակցությամբ, իսկ դրա թիրախում են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան։

Մրցույթի շրջանակներում աջակցության ենթակա հետաքննական թեմաները ներառում, բայց չեն սահմանափակվում հետեւյալով.

  • կոռուպցիոն եւ ֆինանսական հանցագործություններ, կազմակերպված հանցավորություն,
  • հանրային անվտանգություն, ժողովրդավարություն եւ մարդու իրավունքներ,
  • շրջակա միջավայր եւ կլիմայի փոփոխություն, առողջապահություն:

Մրցույթը բաց է Արեւելյան գործընկեր երկրների լսարանները սպասարկող օրինական գրանցում ունեցող լրատվական կազմակերպությունների համար, ներառյալ՝ վտարանդի կազմակերպությունները, լրագրողական եւ մամուլի ազատության ոչ առեւտրային կազմակերպությունները, անկախ բովանդակություն արտադրող ընկերությունները եւ այս կազմակերպություններից որեւէ մեկի անունից գործող լրագրողների/բովանդակության արտադրության թիմերը։

Միավոր ծրագրի առավելագույն բյուջեն կազմում է 100,000 եվրո:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 9-ը:

Հետաքրքրության դեպքում խնդրում ենք դիմել միայն առցանց դիմումի ձեւի լրացնելու միջոցով: Դիմումը լրացնելիս առաջացած ցանկացած հարցի դեպքում կարող եք գրել support.eu4im@dt-global.com էլեկտրոնային հասցեին։

Եվրոպական հանձնաժողովը հայտարարում է 434,8 միլիոն եվրոյի մրցույթ՝ դոկտորանտների վերապատրաստմանն աջակցելու համար

Եվրոպական հանձնաժողովը հայտարարում է նոր մրցույթ՝ 2023 թվականի Մարի Սկլադովսկա-Կյուրի գործողությունների (MSCA) դոկտորական ցանցերի շրջանակներում: Ակնկալվում է, որ տվյալ մրցույթի շրջանակներում կֆինանսավորվեն ավելի քան 130 դոկտորական ծրագրեր գիտության բոլոր բնագավառներում, ինչպես նաեւ՝ 1,600 դոկտորանտների վերապատրաստումն ու հմտությունների զարգացումը:

434,8 միլիոն եվրո բյուջեով մրցույթը կիրականացնի դոկտորական ծրագրերի ֆինանսավորում՝ եվրոպական եւ այլ երկրներում գործող համալսարանների, հետազոտական հաստատությունների եւ հետազոտական ենթակառուցվածքների, բիզնեսների՝ ներառյալ ՓՄՁ-ների եւ այլ սոցիալ-տնտեսական դերակատարների համագործակցությամբ։

MSCA դոկտորական ցանցերը բաց են միջազգային կոնսորցիումների համար, որոնցում ներառված են առնվազն երեք անկախ իրավաբանական անձինք՝ հիմնադրված ԵՄ անդամ կամ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ասոցացված (Հայաստան, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա) առանձին երկրներում, ընդ որում՝ նրանցից առնվազն մեկը պետք է հիմնադրված լինի ԵՄ անդամ երկրում։ Այս նվազագույն պահանջը բավարարելու դեպքում կոնսորցիումին կարող են միանալ նաեւ այլ կազմակերպություններ աշխարհի ցանկացած երկրից:

Դոկտորական ծրագրերը կբավարարեն հետազոտությունների եւ նորարարությունների (R&D) տարբեր ոլորտների կարիքները, հետազոտողներին կծանոթացնեն ակադեմիական եւ ոչ ակադեմիական ոլորտների հետ եւ կառաջարկեն հետազոտությունների, ինչպես նաեւ նորարարությունների ու երկարաժամկետ զբաղվածության համար անհրաժեշտ փոխանցվող հմտությունների եւ կարողությունների հետ կապված վերապատրաստում (օրինակ՝ ձեռներեցություն, արդյունքների առեւտրայնացում, մտավոր սեփականության իրավունք, հաղորդակցություն):

Radio NOR · Վրաստանում երիտասարդ եվրոպական դեսպանները մասնակցել են «Վերջին զանգ»-ի միջոցառումներին

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2023 թվականի նոյեմբերի 28-ն է:

«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:


Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից  ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։