Հունվարի 17-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբայի շենքի դիմաց հարկային ծառայության օպերատիվ կենտրոնը ժամը 10:00-ից 17:0-ն ընկած ժամանակահատվածում որոշել էր անցկացնել խորհրդատվություն տեղացի ձեռներեցների համար: Անցկացվող խորհրդատվությունների մասին հարկային ծառայությունը տեղեկացրել էր բնակչությանը հեռախոսային հաղորդագրության և էլեկտրոնային նամակի միջոցով:
Սակայն ձեռներեցները առանձնապես ակտիվություն չցուցաբերեցին այս ակցիայի նկատմամբ, և այն մեքենան, որը մի քանի ժամ կանգնած էր գամգեոբայի շենքի մոտ, նախանշված ժամանակից շուտ մեկնեց Թբիլիսի: Ինչպես ավելի ուշ պարզեցինք, ձեռներեցների պասիվության պատճառն այն էր, որ շատերը չէին հասկացել ստացված հեռախոսային հաղորդագրության իմաստը:
Նինոծմինդայի մունիցիպալիտետից բացի այս ակցիան անցկացվել է նաև Ասպինձայի և Ադիգենի մունիցիպալիտետներում: Այս խորհրդատվությունների նպատակն է տեղացի ձեռներեցներին հարկային քաղաքականության հարցերի շուրջ տեղեկատվությամբ աջակցելը:
Գարուշ Արզումանյան