Վրաստանում Ղրիմ-Կոնգո տենդով վարակված ութ քաղաքացիներից մեկը՝ 60-ամյա տղամարդը, հունիսի 3-ին մահացել է: Ըստ տեղեկության՝ նա Ախալցիխեի Ծկղալթբիլա գյուղի բնակիչ էր:
Տղամարդը Ախալցիխեի կլինիկա էր դիմել հունիսի 1-ին: Ախալցիխեի կլինիկան՝ հաշվի առնելով հիվանդի ծանր վիճակը, նրան տեղափոխել է Թբիլիսի, որտեղ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի նախաձեռնությամբ հիվանդը հետազոտվել է։ Ընտանիքի անդամները պատմել են, որ վարակվածը բարձր ջերմություն ու որովայնի ցավեր է ունեցել, կարծել են, թե դա թունավորման հետևանք է:
Ի դեպ, Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդը պատկանում է առանձնապես ծանր վարակների խմբին։ Այս հիվանդությամբ պայմանավորված մահացության մակարդակը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, կազմում է 10-40 տոկոս:
Նշենք՝ Սամցխե-Ջավախեթիի երեք մունիցիպալիտետներում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում տարածվել է Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդը։ Մարդկային վարակի դեպքեր են գրանցվել Ախալցիխե, Մուսխի և Ծկղալթբիլա, Ասպինձայի՝ Տոլոշ և Ադիգենի՝ Նակուրդևի գյուղերում։
Առաջին անգամ տարածաշրջանում Ղրիմ-Կոնգո տենդի դեպքեր են հայտնաբերվել 2013 թվականին: Այդ ժամանակից ի վեր ամեն տարի դեպքերի թիվն ավելանում է։ Հիվանդության բարդ ընթացքի պատճառով հիվանդների մի մասը տեղավորվում է Թբիլիսիի հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքում։
2015-2021 թվականներին Ղրիմ-Կոնգո վարակի մակարդակը Վրաստանում տատանվել է 5-ից 24 դեպքի միջակայքում, մինչդեռ 2022 թվականին գրանցվել է 47 դեպք, որից 3 հիվանդ մահացել է։aliq.ge