Հուրգադայում շնաձուկը հարձակվել է ՌԴ քաղաքացու վրա և կերել նրան

Հուրգադայում շնաձուկը հարձակվել է ՌԴ քաղաքացու վրա և կերել նրան

Եգիպտական հանգստավայրային Հուրգադա քաղաքի Dream Beach հյուրանոցի լողափի մոտ այսօր շնաձուկը հարձակվել է ռուսաստանցու վրա ու կերել նրան: НТВ-ի հաղորդմամբ՝ տղամարդու ընկերուհին, որը նույնպես ջրի մեջ է եղել, կարողացել է փրկվել:

Մահացածի անունը Վլադիմիր Պոպով է, նա 23 տարեկան էր։ Նախկինում ապրել է Արխանգելսկի մարզում, իսկ մի քանի ամիս առաջ հոր հետ տեղափոխվել է Հուրգադա։ Այնտեղ նրանք բնակարան են գնել British Resort բնակելի համալիրում։ Հարևանի խոսքով՝ Վլադիմիրը մահացել է հոր աչքի առաջ։

Այժմ մոտակա հյուրանոցներում ոչ ոքի թույլ չեն տալիս ծովը մտնել։

Տեղի ունեցածից հետո ՌԴ հյուպատոսությունից կոչ են արել ռուսաստանցիներին զգոնություն պահպանել ջրում գտնվելիս, խստորեն առաջնորդվել Եգիպտոսի իշխանությունների կողմից սահմանված լողալու և սուզվելու արգելքներով։

Եգիպտոսի իշխանությունները կարգադրել են փակել Հուրգադայի բոլոր լողափերը շնաձկան հարձակման հետևանքով տղամարդու զոհվելուց հետո, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իրազեկ աղբյուրը: