Կանադայում 426 հրդեհի օջախ կա, և դրանք առայժմ հնարավոր չէ մարել։ Reuters-ի փոխանցմամբ՝ անտառային հրդեհների մեծ մասը Քվեբեկ նահանգում է։
Ավելի քան 1200 հրշեջներ, այդ թվում՝ 100 ֆրանսիացիներ, ներգրավված են հրդեհի մարման աշխատանքներին։
Հրշեջներից ասում են, որ առաջիկա օրերը կրիտիկական են լինելու։
Օդերեւութաբանները Կանադայի որոշ հատվածներում անձրև են սպասում, սակայն մասնագետները նշում են, որ դա բավարար չի լինի բոլոր հրդեհները մարելու համար:
Հրդեհների պատճառով Հյուսիսային Քվեբեկից արդեն տարհանվել է 13 հազար մարդ։ Որոշ քաղաքացիներ դեռ շարունակում են մնալ ռիսկային գոտում։
Կանադայում ամեն տարի անտառային հրդեհներ են մոլեգնում, սակայն այս տարի մասշտաբներն աննախադեպ են։ Հրդեհը տարածված է 4,4 մլն հեկտարի վրա։ Հրդեհներից առաջացած ծուխը տարածվել է ԱՄՆ-ի քաղաքներում՝ առաջացնելով օդի աղտոտվածություն։