Վրաստանը կսահմանի փոխնակ մայրության արգելք օտարերկրացիների համար, հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Երկրում փոխնակ մայրության ծառայությունը կթույլատրվի միայն Վրաստանի քաղաքացիներին։
«Սա բիզնեսի վերածված բարդ խնդիր է, սա առանց կանոնակարգման թողնելը տագնապալի է… Ներեցեք կոպիտ արտահայտություն է, բայց իրականում «պատվերը» դրվում է ուղղակիորեն գովազդի տեսքով կայքերում։ Մեր կանանց առաջարկում են «շահութաբեր բիզնես»: Եվ հետո ոչ ոք չգիտի, թե որտեղ և ով է իր հետ տանում Վրաստանում ծնված երեխաներին»,– ասել է Ղարիբաշվիլին։
Փաստարկների թվում նա նշել է այն, որ փոխնակ երեխաների ճակատագիրը, որոնք տարվում են երկրից, հնարավոր չէ հետագա վերահսկում, և տեղեկություններ կան, որ «երեխաներին կարող են տանել միասեռ զույգերը»։
Բացի փոխնակ մայրությունից, օտարերկրացիների համար Էկո (արտամարմնային բեղմնավորման) սահմանափակումներ կան:
Ինչ վերաբերում է Վրաստանի քաղաքացիներին, ապա նրանք իրավունք կունենան երեխա ունենալ ձվաբջիջների նվիրատվության կամ փոխնակ մոր միջոցով, սակայն կանանց կարգելվի դրա համար գումար վերցնել։
Փոխնակ մայրությունը, ըստ կառավարության, պետք է անշահախնդիր լինի.
Այլ զույգերի համար երեխաներ կրող կանանց կթույլատրվի ստանալ միայն այն գումարները, որոնք ուղղակիորեն կապված են հղիության և ծննդաբերության ծախսերի հետ։
«Այստեղ պետք է գործի ալտրուիզմի սկզբունքը»,- ասել է նախարար Զուրաբ Ազարաշվիլին։
Վրաստանում փոխնակ մայրության և Էկոի սահմանափակումները նախատեսվում է ուժի մեջ մտնել 2024 թվականի հունվարի 1-ից։ Բացի օտարերկրացիների համար այդ ծառայությունների արգելքից, արգելվելու է նման ծառայությունների գովազդը կլինիկաների կողմից։
Նախարարի խոսքով՝ այժմ Վրաստանում մոտ երկու հազար կին «զբաղված է փոխնակ մայրությամբ»։
Աշխարհում առաջին անգամ հաջող փոխնակ մայրության մասին հայտարարվել է 1980թ.: Առաջին փոխնակ մայրը եղել է 37-ամյա Էլիզաբեթ Քեյնը Իլինոյսից։ Մինչ այժմ փոխնակ մայրությունը բավականին տարածված է դարձել՝ միևնույն ժամանակ կատաղի վեճերի պատճառ դառնալով։
Ընդդիմախոսները կարծում են, որ չի կարելի կանանց դարձնել «կենդանի ինկուբատոր», իսկ երեխաներին՝ ապրանք։ Ավանդական քրիստոնեական դավանանքների ներկայացուցիչները փոխնակ մայրությունը համարում են անբարոյական միտում, որը խաթարում է ամուսնության և ընտանիքի սրբությունը: Ամենամեծ դավանանքներից կաթոլիկությունը կտրականապես դեմ է փոխնակ մայրությանը:
Փոխնակ մայրության, փոխնակ մոր և նրանց համար, ում համար նա երեխա է կրում, իրավունքներն ու պարտականությունները կարգավորող օրենքները տարբեր իրավասություններում տարբերվում են: Երկրներ, որտեղ այն ամբողջությամբ արգելված է. Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ֆինլանդիա, Իտալիա, Շվեյցարիա։ Որոշ երկրներ ունեն հիբրիդային մոդել՝ դրանք են Բելգիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում թույլատրվում է միայն փոխնակ մոր ընթացիկ ծախսերի վճարումը։ ԱՄՆ-ում տարբեր նահանգներում հարցը տարբեր կերպ է կարգավորվում։
Օտարերկրացիների համար փոխնակ մայրության ծառայությունների արգելքն ընդունվել է 2022 թվականի վերջին Ռուսաստանում։