Փարվանայի դժոխային ճանապարհը. Հորդառատ անձրեւի հետեւանքով ավերված ճանապարհներ

Փարվանայի դժոխային ճանապարհը. Հորդառատ անձրեւի հետեւանքով ավերված ճանապարհներ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փարավանի (Ռոդիոնովկա) գյուղում հունիսի 11-ին տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով հեղեղվել են գյուղի փողոցները, ավերվել է ճանապարհի մի մասը։ Սրա պատճառով գյուղացիները հայտնվել են ծանր վիճակում, քանի որ ճանապարհը դարձել է անանցանելի տրանսպորտային միջոցների համար։

Անձրևը զգալիորեն վնասել է առանց այն էլ վատ վիճակում գտնվող ճանապարհի մակերեսը։ 2021 թվականին «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում 12 000 լարի է հատկացվել ներգյուղական ճանապարհների խճապատման համար։ Ծրագրի շրջանակներում տեղ-տեղ ճանապարհները հարթեցվեցին, խիճապատվեցին, սակայն նույն տարում անձրեւաջրերը քշեցին ճանապարհը՝ վատթարացնելով իրավիճակը։

Անձրևաջրերը գյուղի դիրքի պատճառով փչացնում են ճանապարհը, քանի որ այն լանջով հոսում է դեպի Փարավանի լիճ։ Ճանապարհի լցոնումը նախատեսված է այս տարի, սակայն դա ժամանակավոր լուծում է։ «Արալի» ընկերությունն այս օրերին պատրաստվում է խճաքարով լցնել գյուղի ճանապարհները»,- մեզ հետ զրույցում ասաց Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքի ծառայության ղեկավար Արմեն Բդոյանը։

Զրուցեցինք նաև Փարավանի (Ռոդիոնովկա) գյուղապետարանի լիազոր Մասիս Աղայանի հետ, ով մեզ պատմեց ստեղծված իրավիճակի մասին։

Radio NOR · სოფელ ფარავანის წყალწაღებული ქუჩები მოიხრეშება

Այս պահին գյուղի փողոցներն այսպիսի տեսք ունեն.

Լուսանկարիչ Շուշան Մկրտչյան, Radio NOR-ի կամավոր.