Աշխարհում փախստականների թիվը հասել է 110 միլիոնի. ՄԱԿ

Աշխարհում փախստականների թիվը հասել է 110 միլիոնի. ՄԱԿ

ՄԱԿ-ի 2022 թվականի տվյալներով՝ ամբողջ աշխարհում 108,4 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր բնակավայրը ռազմական հակամարտությունների, հետապնդումների, բռնությունների եւ մարդու իրավունքների խախտումների պատճառով։ Այս ցուցանիշը տասներորդ անգամ անընդմեջ աճել է մինչեւ առավելագույն արժեք, մեկ տարի առաջ այն գրեթե 20 միլիոնով ցածր էր: 2023 թվականի մայիսին ամբողջ աշխարհում փախստականների թիվը կարող է հասնել 110 միլիոնի: Այս մասին ասվում է հունիսի 14-ին հրապարակված ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության (ՄԱԿ ՓՀԳ) «Գլոբալ միտումները» ամենամյա զեկույցում:

Այս ցուցանիշի կտրուկ աճի գլխավոր պատճառը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմն է։ Ուկրաինայից փախստականների թիվը 2021 թվականի վերջին 27 300-ից 2022 թվականի վերջին հասել է 5,7 միլիոնի։ ՄԱԿ ՓՀԳ-ի տվյալներով ՝ խոսքը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր արտագաղթի ամենաարագ ալիքի մասին է։ Բացի այդ, 2022 թվականին ամբողջ աշխարհում տեղահանվածների թվի աճը բացատրվում է Աֆղանստանից փախստականների ենթադրյալ ցուցանիշների վերահաշվարկով, ինչպես նաեւ ռազմական այլ հակամարտություններով, հատկապես Սուդանում:

Ընդ որում, փախստականների մեծ մասն ընդունել են աշխարհի ոչ ամենահարուստ երկրները։ Հարկադրված միգրանտների ավելի քան հինգերորդը գտնվում է 46 առավել թույլ զարգացած պետություններում, որոնց բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 1,3 տոկոսից պակասը, նշում է ՄԱԿ-ը:  

Զեկույցի համաձայն՝ 2022 թվականին ավելի քան 339 հազար փախստական է վերադարձել հայրենիք՝ 38 պետություն, մասնավորապես՝ Հարավային Սուդան, Սիրիա, Կամերուն եւ Կոտ դ’Իվուար։ Ներքին տեղահանվածների թվում իր բնակավայր է վերադարձել 5,7 մլն մարդ, այդ թվում՝ Եթովպիա, Մյանմար, Սիրիա, Մոզամբիկ եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն։ news.am