Երիտասարդ եվրոպական դեսպանները նոր Եվրաակումբ են բացել Վրաստանում

Երիտասարդ եվրոպական դեսպանները նոր Եվրաակումբ են բացել Վրաստանում

Վրաստան. Երիտասարդ եվրոպական դեսպանները նոր Եվրաակումբ են բացել Քեդայում

Հունիսի 8-ին Երիտասարդ եվրոպական դեսպանների վրաստանյան ցանցը նոր Եվրաակումբ է բացել Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության Քեդա մունիցիպալիտետի Քեդա բնակավայրի հանրային դպրոցում:

Բացման արարողությանը մասնակցել են երկու հարյուր դպրոցականներ եւ 12 երիտասարդ եվրոպական դեսպաններ: Վերջիններս 40 աշակերտների նվիրել են Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից մշակված «Եվրոպական ուղի» սեղանի խաղը։

Երիտասարդներին միացել են Վրաստանում Եվրոպական միության դեսպան Պավել Հերչինսկին, ինչպես նաեւ Աջարիայի կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ Քեդայի մունիցիպալ իշխանությունների պաշտոնյաներ։

Քեդայի եվրաակումբը Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «EU NEIGHBOURS EAST» ծրագրի շրջանակներում գործող երիտասարդ եվրոպական դեսպանների նախաձեռնությունն է: Սա ծրագրի կողմից Վրաստանում գործարկված երրորդ տարածքն է, որը նպատակ ունի ստեղծել ոչ ֆորմալ կրթության հնարավորություններ տեղի երիտասարդների համար եւ ամրապնդել գործընկերությունը Եվրոպական միության եւ Վրաստանի միջեւ: Մյուս երկու եվրաակումբները բացվել են Թբիլիսիում (Գլդանի եվրաակումբ) եւ Կվարելում։

Վրաստանում ԵՄ դեսպանն այցելել է Աջարիա եւ ծանոթացել համագործակցության նախագծերի ընթացքին

Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին նախորդ շաբաթ այցելել է Աջարիայի տարածաշրջան՝ Աջարիայի եւ Եվրոպական միության միջեւ ավելի ամուր կապեր հաստատելու նպատակով:

Այցն ընդգրկում էր լայն օրակարգ՝ ներառյալ հանդիպումներ կառավարական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության, բիզնեսի եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների, ինչպես նաեւ երիտասարդության հետ:

Այցի ընթացքում դեսպան Հերչինսկին մասնակցել է Քեդայի եվրաակումբի բացմանը, որը կնպաստի տարածաշրջանի զարգացմանն ու կրթական հնարավորություններին։ Քեդայի եվրաակումբը Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «EU NEIGHBOURS EAST» ծրագրի շրջանակներում գործող երիտասարդ եվրոպական դեսպանների նախաձեռնությունն է:

Դեսպանն իր այցով նաեւ ընդգծել է ԵՄ-ի նվիրվածությունը ժողովրդական նախաձեռնություններին, տեղական ձեռներեցությանը եւ գյուղական կայուն զարգացմանը աջակցելուն: Դեսպան Հերչինսկին հնարավորություն է ունեցել այցելելու տեղական ձեռնարկություններ, այդ թվում՝ Քեդայում գտնվող Նուրի Սիրաբիձեի գինու մառան, որն աջակցություն է ստանում ՖԱՕ-ի նախաձեռնությունների միջոցով, եւ Մաճախելայի ազգային պարկում գտնվող «Woodhide» հյուրատուն, որն աջակցություն է ստանում ENPARD եւ ՄԱԶԾ ծրագրերից:

Դեսպանի այցն ավարտվել է հոգեւոր դասի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ՝ ընդգծելով կրոնական հանդուրժողականության եւ խաղաղ գոյակցության խթանման ԵՄ հանձնառությունը։

Օզի գերմանամուկը վերադառնում է, որպեսզի փրկի մոլորակը: Մեկնարկում է դպրոցականների համար նոր արշավ՝ վերականգնվող էներգիայի աղբյուրների վերաբերյալ

«EU4Energy» ծրագիրը Եվրոպական միության մեկ այլ՝ «EU NEIGHBORS east» ծրագրի հետ համագործակցությամբ մեկնարկել է իրազեկության բարձրացման նոր արշավ, որն Արեւելյան գործընկերության երկրների երեխաներին կպատմի, թե որքան կարեւոր են վերականգնվող էներգիայի աղբյուրները։

Այս արշավի գլխավոր հերոսը Օզի գերմանամուկն է։ Նոր «Ապակե գլոբուս» կոմիքսում Օզին եւ նրա ընկերները տեղեկանում են Երկիր մոլորակին սպառնացող կլիմայական աղետի մասին եւ փորձում են կանխել այն։

Կոմիքսը երեխաներին մատչելի լեզվով պատմում է, թե ինչպես կարելի է օգտագործել էներգիայի վերականգնվող աղբյուրները (օրինակ՝ ջուրը, քամին ու արեւը): Հենց վերջիններն են օգնում Օզիին եւ նրա ընկերներին փրկել մոլորակը։

Կոմիքսի նախորդ՝ «Էլեկտրալամպ» վերնագրով սերիայում Օզզին երեխաներին սովորեցնում էր, թե ինչպես խելամտորեն օգտագործել էներգիան:

Նոր արշավը նվիրված է վերականգնվող էներգիային եւ կիրականացվի 2023 թվականի հունիսի 5-ից 30-ը՝ ԵՄ կանաչ շաբաթվան (EU Green Week) զուգահեռ։ «EU NEIGHBOURS east» ծրագիրը կներգրավի դպրոցականներին սոցիալական ցանցերի տարբեր հարթակների միջոցով եւ կկազմակերպի դպրոցական միջոցառումներ Արեւելյան գործընկերության երկրներում:

Կոմիքսը մշակվել է «EU4Energy փուլ II. մաքուր էներգիայի անցման խթանումն Արեւելյան գործընկերության երկրներում» ծրագրի շրջանակում, որը նպատակ ունի աջակցել տարածաշրջանի անցմանը մաքուր էներգիային եւ նրա էներգետիկ շուկաների ազատականացմանը:

ԵԿՀ «Կանաչ հմտությունների մրցանակ». Հայաստանը, Վրաստանը եւ Ուկրաինան եզրափակիչ փուլ անցածների ցուցակում են

Եվրոպական կրթական հիմնադրամը հունիսի 8-ին ներկայացրել է 2023 թվականի «Կանաչ հմտությունների մրցանակի» եզրափակից փուլ անցած տասը մասնակիցների անունները: Նրանք ընտրվել են ավելի քան 60 երկրների շուրջ 600 դիմորդների թվից:

Մրցանակը ճանաչման է արժանացնում այն նախաձեռնությունները, որոնք ցուցաբերել են բացառիկ նվիրվածություն եւ նորարարություն՝ ամբողջ աշխարհում կանաչ հմտությունները խթանելու եւ զարգացնելու գործում:

Եզրափակիչ փուլ անցած մասնակիցներից երեքը ներկայացնում են Արեւելյան գործընկերության երկրները։

ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի (Հայաստան) «Թումո լաբորատորիաներ» նախաձեռնությունն առաջարկում է ուսանողների եւ երիտասարդ մասնագետների համար նախատեսված մի շարք նորագույն դասընթացներ, որոնք նրանց թույլ են տալիս ինքնուրույն կառավարել իրենց ուսուցման գործընթացը: Այս մրցույթին կենտրոնը մասնակցում է իրերի ինտերնետի (IoT) եղանակային կայանների ցանցով, որը երիտասարդ մասնագետներին եւ դեռահասներին հնարավորություն կտա դեր ունենալ կլիմայի փոփոխության մոնիտորինգի գործում:

Զեստափոնի Construct2 շինարարական քոլեջը (Վրաստան) մեկնարկել է գազաբետոնային բլոկների օգտագործմամբ աղյուսի շարման դասընթաց, որն առաջինն է իր տեսակի մեջ Վրաստանում: Մինչ օրս Վրաստանի մասնավոր հատվածի հատուկ կարիքների բավարարմանն ուղղված մասնագիտական ծրագրեր առաջարկող այս քոլեջը վերապատրաստել է 200 ուսանող:

Տարաս Շեւչենկոյի անվան ազգային համալսարանը (Ուկրաինա) մշակել է մի շարք դասընթացներ եւ ուսումնական նյութեր՝ ուղղված էկոլոգիական տնտեսագիտությանը, կանաչ բիզնեսին եւ շրջակա միջավայրի կառավարմանը: Համալսարանը նաեւ աջակցում է ուսանողների զբաղվածությանը եւ աշխատանքային պրակտիկա է ապահովում տարբեր ընկերություններում՝ նպաստելով Ուկրաինայի կանաչ անցմանը, ինչը չի դադարել նույնիսկ ռուսական ագրեսիայից հետո:

«Կանաչ հմտությունների մրցանակի» հաղթողները կընտրվեն հանրային քվեարկությամբ, որը բաց կլինի մինչեւ սեպտեմբերի 29-ը (կենտրոնաեվրոպական ամառային ժամանակով՝ 23:59-ը), իսկ նրանց անունները կհայտարարվեն 2023 թվականի տարեվերջին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:

EU4Climate ծրագրի աջակցությամբ Թբիլիսիում կայացել է Կանաչ շուկայի փառատոնը

Եվրոպական միությունը եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը «EU4Climate» ծրագրի շրջանակներում աջակցել են Թբիլիսիում հունիսի 3-ից 4-ը անցկացված Կանաչ շուկայի փառատոնին:

Փառատոնը կազմակերպել էին «Vintylator» սոցիալական ձեռնարկությունն ու «Betterfly» գովազդային ընկերությունը՝ մի շարք ներդրողների հետ համագործակցությամբ։

Կանաչ շուկայի փառատոնը կանաչ կենսաոճը խթանելու, միմյանց փորձով փոխանակվելու եւ գործընկերային հնարավորությունները ուսումնասիրելու հարթակ տրամադրեց քաղաքացիական հասարակությանը, մասնավոր հատվածին, երիտասարդներին եւ ակտիվիստներին:

Փառատոնի շրջանակներում անցկացվել են կրթական եւ ժամանցային տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ էկո-ընկերությունների տոնավաճառ, երեխաների համար կրթական անկյուն եւ վերամշակված նյութերից պատրաստված արտադրանքի ցուցահանդես:

«EU4Climate» ծրագիրը ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի համատեղ նախաձեռնությունն է, որն աջակցում է Փարիզի համաձայնագրով Արեւելյան գործընկերության երկրների ստանձնած հանձնառությունների իրականացմանը, կլիմայի վերաբերյալ քաղաքականության եւ օրենսդրության բարելավմանը, ինչպես նաեւ մարդկանց կյանքի վրա կլիմայի փոփոխության ազդեցության նվազմանը։

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ». ԵՄ-ն մեկնարկում է մեկամյա խաղամարաթոն վրաստանցի երիտասարդների համար

Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում մեկնարկել է հանրահայտ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի եվրոպական տարբերակը, որին հունիսի 10-ին միաժամանակ մասնակցել է ավելի քան 100 թիմ։

Խաղի հարցերը մշակված էին այնպես, որ երիտասարդները Եվրոպական միությունն իրենց համար նորովի բացահայտելու հնարավորություն ունենան։

Մեկ տարվա ընթացքում խաղը կանցկացվի Վրաստանի 63 համայնքապետարաններում եւ Թբիլիսի քաղաքի բոլոր 11 թաղամասերում, ինչպես նաեւ անչափահասների գաղութներում։ 8-12-րդ դասարանների աշակերտները կարող են մասնակցել, զվարճանալ եւ սովորել ԵՄ-ի մասին:

«Եվրոպպական միությունն արդիական է բոլոր տարիքային խմբերի համար: Հատկապես այն ժամանակ, երբ Վրաստանի եվրոպական հեռանկարը եւ ԵՄ-ին անդամակցելու ուղին բոլորի մտքում է, երիտասարդների համար կարեւոր է հնարավորինս շատ տեղեկատվություն ունենալ»,- նշել է Վրաստանում ԵՄ պատվիրակության Մարդու իրավունքների, արդարադատության եւ ներքին գործերի բաժնի ղեկավար Ագաթա Նիբոյը:

Քաղաքային վերափոխման առաքելություն. աշխարհի քաղաքներին ուղղված նոր կոչ՝ արագացնելու մաքուր էներգիայի քաղաքային լուծումների ներդրումը

Եվրոպական միության ֆինանսավորմամբ գործող «Քաղաքապետերի դաշնագիր – Եվրոպա» նախաձեռնությունն աշխարհի քաղաքներին հրավիրում է միանալու «Քաղաքային վերափոխման առաքելության» նոր խմբին:

«Քաղաքային վերափոխումների առաքելություն»-ը նպատակ ունի մեծացնել քաղաքների կարողություններն ամբողջ աշխարհում՝ հնարավորություն տալով դրանց վերափոխվել եւ միաժամանակ ցույց տալով, որ համակարգային քաղաքային ռազմավարությունները, ինչպես նաեւ կլիմայական դիմակայունությունը եւ վերափոխման սոցիալական ասպեկտները կարող են խթանել հուսալի, մատչելի, իրագործելի եւ ծախսարդյունավետ լուծումներ՝ քաղաքներում արտանետումների մակարդակը զրոյի հասցնելու համար։

Նոր կոչի շրջանակներում առաքելությունը փնտրում է 250 նոր քաղաք՝ առաջամարտիկներ, որոնք կմիանան մինչեւ 2024 թվականը նախաձեռնության հերթական խմբին: 50 քաղաքներից բաղկացած առաջին խումբը, այդ թվում՝ ուկրաինական Կոնոտոպ, Լվով եւ Ժիտոմիր քաղաքներն արդեն իսկ համագործակցում են առաքելության հետ։

Դիմելու համար քաղաքը պետք է ունենա առնվազն 50,000 բնակիչ, լինի Համաշխարհային քաղաքապետերի դաշնագրի (ՀՔԴ) ստորագրող կողմ, ունենա կլիմայական գործողությունների ծրագիր, որն ընդգրկում է ամբողջ քաղաքը, եւ պարտավորվի ներգրավել եւ հատկացնել Քաղաքային վերափոխման առաքելության համար անհրաժեշտ ռեսուրսներ։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 21-ը։

Հմտությունների եվրոպական տարի. ամառային վեբինարներ՝ նվիրված հանրային հատվածում տվյալների հետ աշխատանքի հմտություններին

Եվրոպական հանձնաժողովի ինովացիոն լաբորատորիան (iLab) հունիսին եւ հուլիսին սկսում է iTalks շարքը՝ կենտրոնանալով հանրային հատվածում տվյալների հետ աշխատանքի հմտությունների վերաբերյալ նախաձեռնությունների վրա:

Վեբինարները կվարեն տվյալների տասը փորձագետներ: Նրանք կխոսեն այն մասին, թե ինչպես են տարբեր կազմակերպություններ լուծում աշխատակիցների թվային հմտությունների պակասի խնդիրը։

Այս քննարկումները բաց են բոլորի՝ պետական ​​կառավարման մարմինների (տեղական, մարզային եւ ազգային մակարդակի), եվրոպական կառույցների, միջազգային կազմակերպությունների, ակադեմիական շրջանակների կամ հասարակ քաղաքացիների համար:

Հունիսի 14-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում կանցկացվի վեց քննարկում։

Համաշխարհային բանկը փնտրում է հաղորդակցության պատասխանատուի «EU4Environment» ծրագրի համար

Համաշխարհային բանկը փնտրում է բարձր մոտիվացված եւ փորձառու խորհրդատուի՝ «EU4Environment» ծրագրի շրջանակներում հաղորդակցական աշխատանքներին աջակցելու համար: Խորհրդատուն կօգնի ծրագրի հաղորդակցման եւ տեսանելիության ռազմավարության իրականացմանը՝ կենտրոնանալով հանրային իրազեկման, տեղեկատվության եւ տարածման գործողությունների վրա:

«EU4Environment» ծրագրի նպատակն է աջակցել Արեւելյան գործընկերության երկրներին իրենց բնական կապիտալը պահպանելու եւ մարդկանց բարեկեցությունը բարելավելու հարցերում:

Համապատասխան թեկնածուն պետք է ունենա բարձրագույն կրթություն հաղորդակցության, լրագրության, մարքեթինգի, միջազգային զարգացման կամ համապատասխան այլ բնագավառում, առնվազն տասը տարվա համապատասխան փորձ, հաղորդակցման գերազանց հմտություններ եւ վարժ տիրապետի անգլերենին ու Արեւելյան գործընկերության երկրների լեզուներից մեկին:

Աշխատանքի մեկնարկի ամսաթիվը 2023 թվականի սեպտեմբերի 1-ն է։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը հունիսի 19-ն է։

Radio NOR · Երիտասարդ եվրոպական դեսպանները նոր Եվրաակումբ են բացել Վրաստանում

«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:


Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից  ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։