
Գլխավոր լուսանկարը NOR -ի արխիվից.
Առնվազն 19 մարդ է զոհվել, ևս երեքն անհայտ կորել հորդառատ անձրևներից առաջացած հեղեղների հետևանքով, որոնք Իրանում շարունակվում են մայիսի վերջից ի վեր։ Ինչպես տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին այսօր հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ներկայացուցիչ Բաբակ Մահմուդին։
«Այդ ընթացքում 19 մարդ դարձել է հեղեղումների զոհ, 8-ը մահացել է կայծակների հարվածից, 3-ը՝ սողանքների հետևանքով։ Ընդամենը հեղեղների սկզբից երկրի 10 նահանգներում զոհվել է 30 մարդ», – մեջբերում է Մահմուդիի խոսքը ISNA գործակալությունը։
Կազմակերպության ներկայացուցիչը նաև նշել է, որ գրեթե 50 հազար մարդ արտակարգ ծառայությունների օգնության կարիք է ունեցել երկրի 31 նահանգներից 23-ում։ Տուժածների մեծ մասը՝ 46 հազար մարդ, Արդաբիլում են։ Մոտ 700 մարդ տեղավորվել է ժամանակավոր կացարաններում, ավելի քան 130-ը տեղափոխվել են անվտանգ շրջաններ։ 1in.am