ՌԴ-ում իրավիճակը լարված է. Պուտինը հանդես կգա հայտարարությամբ

ՌԴ-ում իրավիճակը լարված է. Պուտինը հանդես կգա հայտարարությամբ

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ Մոսկվայում «հակաահաբեկչական» ռեժիմի ներդրման պատճառով բոլոր զանգվածային միջոցառումները չեղարկվել են, գրում է Gazeta-ն։

Ըստ թելեգրամյան ալիքների՝ այս ռեժիմն իրենից ենթադրում է հակաահաբեկչական գործողության ռեժիմ, որի պայմաններում ԱԴԾ-ն դառնում է Ռուսաստանի տարածքում «գլխավոր իշխանությունը»։ 

Անվտանգության ուժերը կարող են վերահսկել բոլոր հեռախոսային խոսակցությունները և այլ հաղորդագրությունները, այդ թվում՝ ինտերնետում։

Նրանք կարող են խլացնել կապը: 

Անվտանգության ուժերը կարող են ստուգել քաղաքացիներին և ցանկացած տրանսպորտ, օգտագործել քաղաքացիների և կազմակերպությունների տրանսպորտն ու գույքը իրենց նպատակների համար։ 

Բացի դա, ստանում են անարգել մուտք դեպի բնակելի և այլ տարածքներ։

Ինչ է կատարվում

Մեր երկրի ղեկավարությունը մոռացել է արդարություն բառը և այդ պատճառով իրենք կպատժվեն։ Այս մասին Ateo Breaking թելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ հայտնել է «Վագներ» խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը։

Ըստ ալիքի հրապարակումների՝ նա ասել է, թե այս գիշեր կլուծվի «Ռուսաստանը խայտառակած դավաճանների և հանցագործների հարցը»։

Նշվում է, որ Սանկտ Պետերբուրգում «Վագներ»-ի գրասենյակ է ուղարկվել Ազգային գվարդիան։ Ալիքը գրում է, որ ռուսական պետական լրատվամիջոցներին և թելեգրամյան ալիքներին արգելվել է նշել Պրիգոժինի որևէ հայտարարություն։

Նշենք, որ Պրիգոժինն այսօր հայտարարել է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն դիտավորյալ ժամանել է Ռոստով՝ «Վագների» ոչնչացման հատուկ գործողություն իրականացնելու նպատակով։ Նրա խոսքով՝ Շոյգուն հրետանի ու ուղղաթիռներ է օգտագործել՝ իրենց ոչնչացնելու համար:

«Պետք է վերջ տալ այն չարիքին, որը կրում է ՌԴ ռազմական ղեկավարությունը։ Ով կփորձի դիմադրել, մենք կկործանենք։ Արդարությունը զորքերում կվերականգնվի, իսկ դրանից հետո՝ ողջ Ռուսաստանում»,- ասել է Պրիգոժինը։

Պրիգոժինը հայտարարել է նաև, որ Շոյգուն անձամբ է ղեկավարել օպերացիան։ 

ՌԴ ՊՆ-ն շտապել է հերքել այս տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ «Վագների» թիկունքային ճամբարների վրա հարձակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
 

«Պրիգոժինի անունից սոցցանցերում տարածված բոլոր հաղորդագրություններն ու տեսագրությունները իրականությանը չեն համապատասխանում և տեղեկատվական սադրանք են»»,- ասված է ՌԴ ՊՆ հայտարարությունում։ 

Դմիտրի Պեսկովն ասել է, որ Վլադիմիր Պուտինը տեղեկացված է Պրիգոժինի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ 

«Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները»,- ասել է նա։