Եղանակը տաքանում է, և սկսվում են քոր առաջացնող մոծակների խայթոցները, որոնք ոչ միայն անհանգստություն են առաջացնում, այլեւ կարող են առաջացնել ծանր ալերգիկ ռեակցիաներ։ Թեմային անդրադարձել է ալերգոլոգ, իմունոլոգ Սերգեյ Բիկովը։
Բժիշկը նշել է, որ մոծակի խայթոցի նկատմամբ ալերգիկ ռեակցիան կարող է ունենալ երեք տարբեր աստիճանի ծանրություն: Առաջինը տեղային ռեակցիան է, որն ուղեկցվում է մեծ այտուցով, կարմրությամբ և մաշկի ջերմաստիճանի բարձրացմամբ։ Այս ռեակցիան կարող է շարունակվել 10-14 օր։
Երկրորդը ռեակցիան է՝ եղնջացանի առաջացմամբ։ Այս դեպքում նույնիսկ կարող է առաջանալ անաֆիլակտիկ շոկ:
Երրորդը շնչառական ռեակցիան է՝ շնչահեղձությամբ:
Մոծակների խայթոցից պաշտպանվելու համար բժիշկներն առաջարկում են մոծակների ցանցեր կախել պատուհաններից, երկար թևերով հագուստ կրել և հագուստի վրա կիրառել մոծակներին և այլ միջատներին վանող քիմիական նյութեր:
Ալերգիայի բուժումը հակահիստամիններով կարող է օգնել նվազեցնել ալերգիայի ախտանիշները, ինչպիսիք են՝ քորը, կարմրությունը և այտուցը: Հորմոնալ քսուքներն ու հաբերը բժիշկները նշանակում են ծանրության վերջին աստիճաններում, երբ ալերգիկ ռեակցիան հանգեցնում է լուրջ հետևանքների։ Փորձագետն ընդգծել է, որ նման բուժումը պետք է նշանակի մասնագետը։
«Եթե մոծակի խայթոցի նկատմամբ ուժեղ ալերգիկ ռեակցիա կա, հատկապես երեխաների մոտ, ավելի լավ է դիմել մասնագետի»,- նշել է ալերգոլոգը։