Աննախադեպ կարկուտն առանց տանիքի է թողել ընտանիքներին

Աննախադեպ կարկուտն առանց տանիքի է թողել ընտանիքներին

Մառնեուլիի շրջանի Կարմիր գյուղի բնակիչ Աշոտ Հակոբյանն արդեն 4 օր՝ հուլիսի 11-ին տեղացած կարկուտից հետո, չի կարողանում մտնել իր տան վերին հարկ՝ ներսում թողնելով վնասված կահույքը, իսկ տանիքը կարկուտն ամբողջովին ավիրել է:

Վաղը նա Կարմիր ու հարակից գյուղերի բնակիչների հետ որպես բողոքի նշան պատրաստվում է փակել գլխավոր ճանապարհը: Հակոբյանի նման տուժել է գյուղի գրեթե ողջ բնակչությունը՝ վնասվել են բնակելի տները, հատկապես կտուրները, սակայն մեծագույն վնասը հասցվել է գյուղի բնակչության եկամուտի միակ աղբյուրին՝ հողատարածքներին, բերքին ու ծառերին: Գյուղի բնակիչներն ասում են՝ նման աղետ այս տարածքում չի եղել անհիշելի ժամանակներից:

Մառնեուլիի շրջանի հայաբնակ Կարմիր գյուղը բավականին բարենպաստ է հողագործությամբ զբաղվելու համար, այդ պատճառով անասուններ այստեղ չեն պահում: Մոտ 210 ընտանիքից 20-ը հարյուրավոր հեկտարներ ունի, ստացած բերքով առևտուր են անում, սնվում են նաև իրենք, պահածոներ անում ձմռանն ապրելու համար: Իսկ նրանք, ովքեր մեծ հողատարածքներ չունեն, զբաղվում են նույն գործով, սակայն ավելի փոքր մասշտաբներով, սահմանափակվելով իրենց այգիների բերքով:

Այս գյուղը յուրահատուկ է կաղամբի յուրահատուկ տեսականիներ աճեցնելու մշակույթով: Աստեղ է աճում բրոկկոլի, ծաղկակաղամբ, մանուշակագույն կաղամբ, կանաչիների տարբեր տեսակներ, ինչպես նաև այլ միրգ ու բանջարեղեն: Բնակիչներն ասում են՝ «Կարմիր գյուղը Վրաստանի կաղամբի մայրաքաղաքն է»: Այսօր, սակայն, կարկուտը ոչնչացրել է կաղամբի, ձմերուկի, լոլիկի հեկտարները, բնակիչներից ոմանք չեն էլ փորձում հաշվել կրած վնասը, ասում են՝ «ինչը՞ հաշվենք, եթե այս հողը մեր ողջ կյանքն է, իսկ ավերիչ կարկուտը կեղևազրկել է ծառերը, որոնք կվերականգնվեն առնվազն 5 տարի հետո»:

«Գյուղում սով է սկսվելու»,- «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է գյուղի բնակիչ Գևորգ Միրզոյանը՝ մեզ ցույց տալով տան վնասված կտուրը, թրջված առաստաղը, ընկած, կոտրված ջահը, ավերված կտուրը ու դրա մասնիկները, նաև ավելացնում՝ «ափսոս անհնար է լուսանկարներով փոխանցել խոնավության հոտը»:

Մառնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալլին հենց կարկուտից հետո՝ հուլիսի 11-ի լույս 12-ի գիշերը այցելել է տուժած գյուղեր, որոնց թվում ի դեպ ամենմեծ վնասը հասցվել է Կարմիր գյուղին: Դարգալլին խոստացել է շտապ լուծել տանիքների հարցը, իսկ վնասված բերքի ու հողատարածքների հետ կապված հարցը թողել է անպատասխան: Հաջորդ օրը քաղաքապետարանի ներկայացուցիչները պոլիէթիլենե կտուրի ծածկոցներ են բաժանել գյուղի ընտանիքներին, յուրաքանչյուր տանը՝ մեկական ծածկոց: Այսպես, որոշ տների չի բավարարել մեկ ծածկոցը, որը պատռվել է անմիջապես նույն գիշերը շարունակաբար տեղացող անձրևների հետևանքով: Ստիպված են եղել գնել նորերը: Քաղաքապետարանից ասել են՝ շուտով կլուծեն տանիքների հարցը, կփոխհատուցեն վնասը, իսկ մինչ այդ բնակիչների տները շարունակում են մնալ ավերված: Միրզոյանն ասում է՝ եթե մի քանի օր էլ ուշացնեն ու հանձնաժողով չուղարկեն գյուղ՝ արձանագրելու համար հասցված վնասը, հետքերի մեծ մասը վերացած կլինի:

Այդ պատճառով վաղը Կարմիր գյուղի, Շահումյան ավանի ու հարակից գյուղերի բնակիկչները պատրաստվում են իրենց ձայնը հասցնել իշխանություններին՝ փակել Հայաստան-Վրաստանը ռազմավարական նշանակության Մառնեուլիի գլխավոր ճանապարհը: Գյուղի բնակիչների կարծիքով այսպես նրանց ձայնն ավելի լսելի կդառնա, իսկ Վրաստանի հիմնականում ադրբեջանցիներով բնակեցված շրջանի մոտ 10 հայկական գյուղերից մեկը խտրականության օբյեկտ չի լինի: aliq.ge