Գերեզմանատանը տիզը ծծակիպ կպել է Ախալքալաքի բնակիչներից մեկի կողին: Միջատը հեռացվել է հիվանդանոցում, տզի խայթոցն անցել է առանց հետևանքների: Ախալքալաքում առաջին անգամը չէ, որ խոսում են այս տարածքի համար անսովոր, վտանգավոր, սարդակերպների դասին պատկանող միջատի առկայության մասին:
«Ես թաղման էի գնացել, գերեզմաներում էի: Զգացի ուժեղ, կտրուկ ցավ կողիս հատվածում: Հանեցի վերնազգեստս և տեսա, որ մի փոքրիկ միջատ կիպ խրվել էր մաշկիս մեջ: Գլուխը ներսում էր, շուրջը կարմրել էր: Ես հասկացա, որ դա տիզ է: Տանը կինս ինքն էր ուզում հանել, բայց ես որոշեցի գնալ հիվանդանոց, այնտեղ վիրաբույժը մշակեց ինչ-որ լուծույթով և հեռացրեց այն: Տարօրինակ էր այստեղ հանդիպել նման միջատի, այն էլ այն դեպքում, որ ես տաք հագնված էի: Ինչպես էր տիզը խրվել մաշկիս մեջ, անհասկանալի է», – ասում է Ախալքալաքի բնակիչը:
Սա առաջին դեպքը չէ, երբ Ախալքալաքի մունիցիպալիտետում մարդիկ խոսում են տզերի խայթոցների մասին: Նմանատիպ դեպք մեր կողմից գրանցվել էր նաև ամռանը: Սեփական տան բակում գտնվող կնոջը կծել էր տիզը, նա չէր դիմել բժշկի, այլև ինքնուրույն էր հանել դրան մաշկի տակից:
Հոդվածոտանիների տիպի սարդակերպների դասին պատկանող միջատների 54 հազար տեսակ կա: Իրենց զարգացման ընթացքում նրանք ձեռք են բերել մանրադիտակային փոքր չափսեր, ինչը նրանց թույլ է տալիս ապրել հողի վերին շերտերում, որոնք հարուստ են քայքայվող բույսերի մնացորդներով: Ձմռանը մակաբույծ տզերը ցրտից թաքնվում են գետնի տակ: Նրանք դուրս են սողոսկում, երբ օդը տաքանում է մինչև 8°C: Այսինքն՝ մակաբույծներն ակտիվ են մոտավորապես մարտից նոյեմբեր ամիսներին:
Տզերը հիմնականում հանդիպում են անտառներում, դաշտերում, այգիներում և զբոսայգիներում: Տզերին որտեղ ասես կարելի է հանդիպել: Բայց նրանք գերադասում են տաք և խոնավ տեղեր, հաճախ սողում են թփերի և խոտերի մեջ, սիրում են ճանապարհաեզրեր և մանրանտառներ: Հաճախ մակաբույծներին կենդանիներն են բերում բակ: Կախված տզի զարգացման փուլից, դրա կերակրողները կարող են լինել կրծողները, թռչունները, խոշոր կենդանիները՝ ինչպիսիք են նապաստակները, եղջերուները, տնային շները և կատուները:
«Մեր շունը սատկեց տզերի պատճառով: Նրա պարանոցի շուրջ հավաքվել էին բազմաթիվ տզեր: 3-4 օրվա ընթացքում նա մահացավ, շատ տանջվեց: Մենք կարծում էինք, որ նա հիվանդ է, ներարկեցինք: Վերջին մի քանի օրվա ընթացքում նա վազում էր, ճչում, իսկ մենք ոչնչով չէինք կարողանում օգնել նրան: Երբ նա սատկեց, իմացանք, որ նրա վրա տզեր կային, շատ տզեր: Սկեսրայրս նրան թաղեց տզերի հետ միասին: Շունը հաճախ էր լինում առվեզրերում, ջրերի մեջ, հավանաբար նա այնտեղ էր վարակվել տզերով», – պատմում է Խուլգումո գյուղի բնակչուհին:
Մարդիկ պետք է վախենան տզերի մակաբույծ (գամազային, արգասային, իքսոդային) ենթակարգից: Հենց նրանք են ծծում արյունը և հիվանդությունների հարուցիչ են: Տզերը տարբեր վարակների փոխանցողներ են հանդիսանում, որոնք վտանգավոր են մարդու համար: Առավել տարածված են՝ տզային էնցեֆալիտը և Լայմի հիվանդությունը (բորելիոզ): Հետևանքները կարող են ծանր լինել, եթե ժամանակին օգնություն չցուցաբերվի:
Տիզը ուղղակի չի խայթում, այն կիպ է լինում մարմնին՝ արյունը խմելու համար: Եվ մինչև նա չի հագենում լինի, պոկ չի գալիս: Սովորաբար, դրա համար նրան պետք է մի քանի օր, բայց հազվադեպ դեպքերում արյամբ հագեցման պրոցեսը կարող է տևել մինչև երկու շաբաթ: Եթե տզի գլխակուրծքը (պրոսոմա) պոկվի, նրան պետք է հեռացնել ախտահանված ասեղով, որից հետո անմիջապես հարկավոր է դիմել բժշկի, քանի որ վերքը կարող է բորբոքվել: Խայթոցի տեղը վերածվում է կարմիր այտուց, որը հիշեցնում է մոծակի խայթոց, բայց առանց մոծակի խայթոցին բնորոշ քորի:
Ըստ Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի վիրաբույժ և մենեջեր Ալեքսան Թորոյանի, Ախալքալաքում տզերի խայթոցների դեպքերը հազվադեպ են:
«Նման դեպքերում անհրաժեշտ է դիմել բժշկի՝ միջատին հեռացնելու համար, եթե այն մտել է մաշկի տակ: Ինչ վերաբերում է վարակմանը, անհնար է կատարել հստակ անալիզներ: Մեզ մոտ տզերի խայթոցների դեպքեր հազվադեպ են գրանցվում: Մեզ մոտ միշտ եղել են տզեր, սա նոր միջատ չէ մեր բնության համար», – ասում է Ալեքսան Թորոյանը:
Ամեն դեպքում, պետք է զգույշ լինել: Եթե դուք պատրաստվում եք գնալ արշավի կամ անտառ զբոսնելու՝ հագեք քիփ, երկարաթևք հագուստ:
Նյութը վերցված է jnews.ge-ից: