Մենակությունը կարանտինի պայմաններում

Մենակությունը կարանտինի պայմաններում

Ինչպես հայտնի է Վրաստանում համընդհանուր կարանտինի պայմաններում 70 տարեկանից բարձր քաղաքացիներին արգելվում է տանից դուրս գալ, բացառությամբ մոտակա խանութ, դեղատուն և հիվանդանոց գնալուց:

Նինոծմինդա քաղաքի 88-ամյա բնակիչ Համբարձում Մղդեսյանը կարանտինի հայտարարման օրվանից տանից դուրս չի եկել: Նրան անհրաժեշտ մթերք բերում են հարևանուհին և քույրը:

«Գրեթե տանից դուրս չեմ գալիս: Շաբաթը երկու-երեք անգամ դուրս եմ գալիս, մի քանի պտույտ եմ կատարում տան շուրջը և վերադառնում տուն: Պատահում է, որ խանութ էլ եմ գնում, սակայն հիմնականում հարևանուհիս՝ Անտոնյան Ժենյան և քույրս են ինձ բերում սննդամթերք: Ինձ լավ եմ զգում: Բացի թոշակից, ստանում եմ նաև միայնակության 60 լարի նպաստ: Հարսանիք և թաղում չեմ գնում: Ունեցած գումարը ծախսում եմ մթերքի վրա»,- նշում է Համբարձում Մղդեսյանը:

Համբարձում Մղդեսյանը տեղեկատվություն է ստանում հեռուստատեսությունից և կարծում է, որ կորոնավիրուսի համաճարակը շուտ չի մարի, քանի որ ամբողջ աշխարհն է վարակված:

Չնայած առկա դժվարություններին՝ 88-ամյա տղամարդը լավատես է և հույս ունի, որ կորոնավիրուսը կշրջանցի մեր մունիցիպալիտետը:

Ավելի դժվար կացության մեջ են գյուղերի բնակիչները, ովքեր կտրված են աշխարհից:

Դիլիֆ գյուղի բնակչուհի Սոնյա Սարուխանյանը առողջական խնդիրներ ունի, ով երկրում արտակարգ դրության սահմանումից հետո
ոչ ոքի հետ չի շփվել, չնայած որ նա ունի շատ բարեկամներ և մտերիմներ, ովքեր միշտ հյուրընկալել են կնոջը:

«Ինձ շատ դժվար է ամբողջ օրը տանը մենակ մնալ, բայց ինչ արած, պետք է պաշտպանեմ ինքս ինձ և մյուսներին: Նախկինում ինձ 10 հոգի հյուր էր գալիս, այժմ ես արգելել եմ բոլորին հյուր գալ և ասել եմ, որ ես էլ նրանց հյուր չեմ գնա: Իմ տունը գյուղի կենտրոնում է: Հաց գնելու ինքս եմ գնում»,- նշում է տիկին Սոնյան:

Հեռուստատեսությամբ կոչ է արվում նստել տանը, դուրս չգալ և շփում չունենալ մարդկանց հետ: Տան դուռը փակում եմ երեկոյան ժամը 5-ին: Տեսնես ե՞րբ է այս ամենը ավարտվելու:

Կորոնավիրուսով հիվանդացության ռիսկի գոտում գտնվում են տարեց մարդիկ, նրանց համար վարակվելը ավելի վտանգավոր է, քան տարիքային մյուս խմբերի մարդկանց համար: Կորոնավիրուսով հիվանդացությունը վտանգավոր է նաև խրոնիկ հիվանդություն ունեցող անձանց համար, ովքեր ունեն շաքարային դիաբետ, թոքերի օբստրուկտիվ խրոնիկ հիվանդություն, զարկերակային ճնշում, ասթմա, սրտանոթային հիվանդություն, արթրիտ, երիկամների հիվանդություն, ուռուցքային հիվանդություններ և այլն:

Մանրամասները լսեք նյութում.

Radio NOR · Одиночество на карантине