Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղի բնակիչները, համագյուղացու COVID-19 թեստը հաստատվելուց հետո բախվել են նոր խնդրի: Զանգահարելով NOR ռադիոյի ստուդիա ՝ գյուղացիները խնդրեցին բարձրաձայնել իրենց խնդրի մասին:
Խնդիրն այն է, որ այս տարի փոխվել է Կախեթիից ոչխարների տեղաշարժի ճանապարհը և ոչխարների հոտը տեղաշարժվում է Ղաուրմա գյուղի արոտավայրով, հենց այն մասով , որտեղ արածում են Ղաուրմա գյուղի բնակիչների անասունները և հանդիսանում է գյուղի միակ արոտավայրը:
Բնակիչների խոսքով ՝ միջին հաշվով օրական անցնում է ոչխարի 3-4 հոտ ՝ 2000-ից 4000 ոչխար, որից հետո այդ տարածքը, որը գյուղում միակ արոտավայրն է, անասունների համար դառնում է ոչ պիտանի:
Ներկայումս Ղաուրմա գյուղի բնակիչները, որոնք զբաղվում են միայն անասնապահությամբ, մեծ խնդրի առաջ են կանգնում: Եթե այսպես շարունակվի, նրանք այլևս չեն կարողանա եկամուտ ստանալ :
«Մենք բազմիցս դիմել ենք քաղաքապետարանի ղեկավարությանը, բայց մինչ օրս տեղական իշխանությունների կողմից որևէ արձագանք չի եղել: Մենք ուզում ենք, որ նրանք ճիշտ որոշում կայացնեն այս խնդիրը լուծելու համար: Հակառակ դեպքում մենք կփակենք գյուղական ճանապարհը և թույլ չենք տա ոչխարների հոտի տեղաշարժը: Մենք ելք չունենք, սա միակ վայրն է, որտեղ մեր անասունները արածեցնում են », – ասում է Ղաուրմա գյուղի բնակիչ Կյուրեղը:
Ինչպես նշում են Ղաուրմա գյուղի բնակիչները, այս խնդիրը լուծելու համար նրանք առաջարկում են փոխել ուղին և ուղղորդել ոչխարներին Հեշտիյա գյուղի անտառի մոտակայքում գտնվող այլ ճանապարհով, ինչը չի վնասի արոտավայրերին:
«Եթե շարունակվի, մենք պետք է կրճատենք անասունների քանակը: Մեկ ամիս նրանք ոչխարներ են տեղափոխում, իսկ հետո ՝ մեկ ամիս հետ են տանում:Ստացվում է, որ ամեն ինչ վատ է ընթանում, և անասունների համար արոտավայր չենք ունենա: Բոլորն անելիքներ ունեն, և ոչ ոք չի կարող ամեն օր պահպանել արոտավայրերը », – նշում է Ղաուրմա գյուղի մեկ այլ բնակիչ:
Մեկ այլ բնակիչ էլ պնդում է, որ խնդիրը ծագել է այն պատճառով, որ հարևան Հեշտիա գյուղի բնակիչները թույլ չեն տվել որ ոչխարների հոտը իրենց գյուղով անցնի:
Թե որն է լինելու տեղական ղեկավարության որոշումը այս խնդրի վերաբերյալ, դեռ պարզ չէ: Այնուամենայնիվ, «NOR» ռադիոն կփորձի պարզել և տեղեկացնել հետագա նյութերում: Լրացուցիչ մանրամասները Ղաուրմա գյուղի բնակիչների հետ զրույցում: