«Վրաստան» թերթը 100 տարեկան է

«Վրաստան» թերթը 100 տարեկան է

Վրաստանում հայալեզու մամուլի ամենահինն ու պահպանվածը՝ «Վրաստան» թերթը 100 տարեկան է: Մեկդարյա կյանքի ընթացքում բազմաթիվ փոփոխությունների ենթարկված, բայց հիմնական գործառույթը պահպանած թերթը շարունակաբար երկխոսության հարթակ է եղել Վրաստանաբնակ հայերի համար: Այսօր էլ, շաբաթական 4000 տպաքանակով թերթը բաշխվում է Վրաստանի հայաբնակ բոլոր շրջաններում․ նաև այն գյուղերում, որտեղ համացանցի խնդիրը դեռևս լուծված չէ: Թերթի նկատմամբ բացառիկ վստահություն ունի Վրաստանի գրեթե ողջ հայությունը․ չկա ընտանիք, որտեղ շաբաթաթերթը չկարդան:

Թերթի 13-րդ խմբագիր Վան Բայբուրթն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է. «Այսօր պետության ընդունած որոշումների, ընդունված օրենքների ու փոփոխությունների մասին Վրաստանի հայազգի բնակչությունն իմանում է մեր թերթի միջոցով: Մենք աշխատում ենք նաև նրանց՝ վրաց հասարակությանն ինտեգրվելու ուղղությամբ»,- պատմում է Բայբուրթն ու նշում՝ թերթին 100-ամյակի կապակցությամբ շնորհավորել են Վրաստանի ու Հայաստանի վարչապետներն ու նախագահները, Վրաստանում հայ առաքելական սուրբ եկեղեցու տեղապահը:

«Վրաստան»-ին ուղղված շնորհավորանքներում երկու երկրների ղեկվարները կարևորել են թերթի առաքելությունը բոլոր ժամանակաշրջաններում:

«Այսօր էլ Վրաստանը շարունակում է, և վստահ եմ, շարունակելու է կատարել իր նվիրական առաքելությունը՝ գործունեության առանցքում պահել հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամության տեսլականը և իր ավանդը ներդնելով երկու ժողովուրդների հետագա մերձեցման, չխամրող ավանդույթների պահպանման և մշակութային կապերի զարգացման գործում»,- ասվում է ՀՀ վարչապետի ուղղած շնորհավորանքի մեջ:

««Վրաստան» թերթը միշտ կարևոր դեր է կատարել մեր հայալեզու քաղաքացիների համար կարևոր պետական տեղեկութունն ապահովելու հարցում և այսօր էլ նպաստում է Վրաստանի միասնական հանրությանն ինտեգրմանը»,- նշված է Վրաստանի վարչապետի շնորհավորանքում:

«Ալիք Մեդիան» ևս միանում է շնորհավորանքներին, «Վրաստան» թերթի ողջ անձնակազմին՝ խմբագիր Վան Բայթբուրթի գլխավորությամբ մաղթում ուժ ու եռանդ՝ թերթը կանգուն պահելու դեռ շատ ու շատ դարեր:

«Վրաստան» թերթը հիմնադրման պահին՝ 1920-ին  կոչվել է «Կարմիր աստղ», 1923 թվականին անվանափոխվել է «Մարտակոչ», 1927 թվականին՝ «Պրոլետար», 1939 թվականին՝ «Խորհրդային Վրաստան»: 1940 թվականից այն կոչվում էր «Սովետական Վրաստան», իսկ 1990-ական թվականների սկզբից թերթը կոչվել է «Վրաստան»:

Թերթում աշխատել ու իրենց մեծ ներդրումն են ունեցել այնպիսի հայտնի թիֆլիսահայ դեմքեր, ինչպիսիք են Անահիտ Բոստանջյանը, Բենիկ Սեյրանյանը, Սոս Սիմավորյանը, Հակոբ Բլրցյանը և այլոք: 

Նյութի աղբյուր՝ https://www.aliq.ge