Վրաստանի քաղաքացիներին արգելված է հատել երկրի սահմանը

Վրաստանի քաղաքացիներին արգելված է հատել երկրի սահմանը

Վրաստանյան սոցցանցերում հայազգի օգտատերերը տեղեկություն են տարածում, որ ՀՀ կառավարության կայացրած որոշումը՝ ցամաքային  սահմանը հատելու հետ կապված վերաբերում է նաև Վրաստանի քաղաքացիներին ու այսուհետ առանց որևէ խնդրի կկարողանան հատել Վրաստան-ՀՀ սահմանը:

Տեղեկությունն Ալիք Մեդիայի հետ զրույցում հերքեցին Վրաստանի կառավարության մամլո ծառայությունից:

«Վրաստանն իր քաղաքացիներին  թույլ չի տալիս հատել ցամաքային սահմանը»,- նշեցին ծառայությունից ու հավելեցին, որ տեղեկություն չունեն, թե երբ  հնարավոր կլինի առանց խնդիր այցելել հարևան երկիր:

Նշենք՝ կան բացառություններ, որոնք հնարավորություն ունեն դուրս գալ Վրաստանից ու հատել ՀՀ սահմանը, օրինակ՝ ուսանողները:

Հիշեցնենք՝ նախօրեին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել ևս վեց ամսով երկարաձգել կարանտինը՝ որոշակի արտոնություններով: Այսուհետ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են  մուտք գործել ՀՀ:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են հատել սահմանը և մուտք գործել Հայաստանի Հանրապետություն նաև ցամաքային սահմանային անցման կետերով, եթե Հայաստանի տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ սահմանային անցակետում իրականացվում է նմուշառում և տրվում է ինքնամեկուսացման հրահանգ մինչև մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը (նախկինում՝ սույն պահանջը ներկայացված էր միայն օդային սահմանային անցման կետերում)»,- նշված է ՀՀ Առողջապահության նախարարության  տարածած հայտարարության մեջ: aliq.ge