Խոպանչիների «սոված առողջությունը»

Խոպանչիների «սոված առողջությունը»

Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները հայտնվել են անելանելի վիճակում։ Բանն այն է, որ այստեղ եկամտի հիմնական աղբյուրը արտագնա աշխատանքն է։ Կորոնավիրուսի պատճառով փակվեցին ճանապարհները, շատերը չկարողացան մեկնել արտագնա շխատանքի և հայտնվեցին տնտեսապես ծանր վիճակում, շատերն էլ արտերկրում էին, կարող էին վերադառնալ, սակայն վախենալով որ հետագայում կմնան առանց փող՝ չեն վերադարձել։

«Չվերադարձա, վախենալով որ կհայտնվեմ տնտեսապես վատ վիճակում։ Ամենասարսափելին պատահեց՝ մայրս մահացավ չկարողացա գալ վերջին հրաժեշտը տալու, որդիս առաջին դասարան գնաց չկարողացա ներկա գտնվել: Հիմա կինս մենակ է զբաղվում տնտեսությամբ, ծանր գործերով, չեմ կարող գալ օգնել»,- ասում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչը՝ Արմենը։

Արմենի կինն էլ իր հերթին նշեց, որ իր համար շատ դժվար է զբաղվել ծանր գործերով, դժվար է տանը մենակ մնալ փոքր երեխայի հետ, բայց ուրիշ տարբերակ չկա, եթե ամուսինը գա՝ կմնան առանց փողի, օգնություն էլ ոչ մի տեղից չեն ստանում.

«Օգնություն միայն մի անգամ ենք ստացել, երբ երեխայի համար պետությունը փոխհատուցեց 200 լարի, ուրիշ ոչ մի օգնություն չենք ստացել», – ասում է 26֊ամյա կինը։

Մենք նաև զրուցեցինք մեկ այլ բնակչի հետ ով չի կարողացել մեկնել արտագնա շխատանքի։

«Հայտնվել ենք տնտեսապես ծանր վիճակում։ Գյուղում աշխատում եմ, սակայն դա չնչին աշխատավարձ է ներկայումս ապրելու համար։ Ունեմ փոքր ֆերմա: Կորոնավիրուսի պատճառով տնտեսությունը կանգ առավ, չենք կարող վաճառել անասուններին։ Պետությունը աջակցեց 900 լարիով` 400- ական լարի 2 փոքր երեխաներիս համար ստացա, 300 լարի փոխհատուցում էլ ինձ տրվեց։ Ես ՌԴ – ում ստանում էի ամիսը 3000 լարի, իսկ պետությունը մի տարվա մեջ տվեց 900 լարի, դե համեմատեք։ Սահմանները փակեցին որ մարդիկ չհիվանդանան, բայց տեղյակ չեն, որ մարդիկ ավելի վատ հիվանդություն ձեռք բերեցին, բոլորը դարձել են հոգեկան հիվանդներ», – ասում է նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչը։

Ծրագրում նաև առկա է փորձագետի կարծիքը։

Մանրամասները՝ ռադիո ծրագրում.

Radio NOR · Խոպանչիների «սոված առողջությունը»