Եվրոպական ամառային ճամբար Վրաստանում

Եվրոպական ամառային ճամբար Վրաստանում
Վրաստանի երիտասարդական գործակալությունն ընդունում է Վրաստանում եվրոպական դպրոցի հերթական ամառային ճամբարի մասնակցության դիմումներ։ Ճամբարը նախատեսված է Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, ինչպես նաև Եվրոպական միության անդամ երկրներից 14-18 տարեկան դպրոցականների համար։
Ճամբարում անցկացվելիք բոլոր միջոցառումները նվիրված են քաղաքացիական հասարակության մեջ եվրոպական արժեքներին, համագործակցությանը, միջմշակութային փոխըմբռնմանն ու հանդուրժողականությանը Արևելյան գործընկերության երկրներում և Եվրոպական միությունում։ Ճամբարը նաև կծառայի որպես նախապատրաստական փուլ այն երիտասարդների համար, որոնք պատրաստվում են ընդունվել Արևելյան գործընկերության Եվրոպական դպրոց։
Փաթեթ արտադրող վրացական ընկերությունների ֆինանսավորման մրցույթ

 ԵՄ «Վրաստանում մասնավոր հատվածի մրցունակության բարձրացման նորարարական ծրագրի» շրջանակներում Եվրոպական միությունը (ԵՄ) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) փաթեթ արտադրող վրացական ընկերություններին հրավիրում են ֆինանսավորման հայտ ներկայացնել: Ծրագիրը կօգնի ընկերություններին ավելացնել վաճառքները, բարձրացնել զբաղվածությունը և բարելավել ապրանքների որակը: Դրամաշնորհային նախաձեռնությունն օգտվում է մոտ 6 միլիոն ԱՄՆ դոլարի բյուջեից՝ վրացի ձեռնարկատերերին օգնելու, ֆինանսների մատչելիություն ապահովելու և ԵՄ-ի հետ կապերն ամրապնդելու համար:

Ծրագրի նպատակները.

  • Արտադրական գործընթացի արդիականացում և կատարելագործում.
  • Ապրանքների և ծառայությունների ավելացված արժեքի մեծացում, որակի բարելավում և նորարարությունների ներդրում.
  • Արտադրական գործընթացում որակական փոփոխությունների իրականացում.
  • Թափոնների ու երկրորդային հումքի վերամշակում և արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) ինստիտուտի ներդրում.

Դրամաշնորհի չափը.

  • Տրամադրվելիք գումարի նվազագույն չափը՝ 5,000 ԱՄՆ դոլար
  • Տրամադրվելիք գումարի առավելագույն չափը՝ 50,000 ԱՄՆ դոլար

ԵՄ աջակցությամբ դրամաշնորհային ծրագիր՝ Վրաստանի գյուղական բնակավայրերում բիզնեսի զարգացման համար

 Եվրոպական միությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) և Վրաստանի Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության Գյուղական տարածքների զարգացման գործակալությունը (ԳՏԶԳ) վրացական ստարտափներին ու ձեռնարկություններին հրավիրում են դիմել ոչ գյուղատնտեսական ձեռնարկությունների համար դրամաշնորհային մրցույթին:

Ծրագրի նպատակներն են՝ գյուղական տարածքների տնտեսության դիվերսիֆիկացումը, ինչպես նաև կայուն զբաղվածության ստեղծումն ու բնական ռեսուրսների արդյունավետ և կայուն կառավարումը: Ծրագիրն իրականացվելու է ութ վարչական տարածքներում. Ախալքալաք, Բորժոմ, Դեդոփլիսծղարո, Կազբեգ, Կեդա, Խուլո, Լագոդեխի և Թեթրի Ծղարո։

Դրամաշնորհի նախաձեռնությունն իրականացվում է ԵՄ ENPARD ծրագրի շրջանակներում, որը նպատակ ունի նվազեցնել աղքատությունը Վրաստանում: 179,5 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով այս նախաձեռնությունը 2013 թվականից ի վեր աջակցում է Վրաստանի գյուղատնտեսությանն ու գյուղական տարածքների զարգացմանը:

Քաղաքացիական հասարակության համար սթորիթելինգի դասընթացի ինքնուս տարբերակն այժմ հասանելի է առցանց

ԵՄ կողմից ֆինանսավորվող Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության հիմնադրամն Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպություններին հրավիրում է գրանցվել քաղաքացիական հասարակության համար սթորիթելինգի դասընթացի ինքնուս տարբերակին: Այս դասընթացը կօգնի ավելի լավ հաղորդակցվել ծրագրերի մասին և ավելի շատ մարդ  ներգրավել՝ օգտագործելով սթորիթելինգի տեխնիկաներ:
 
Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան ներկայացնող քաղաքացիական հասարակության առաջնորդները, ծրագրի ղեկավարները, քաղաքացիական հասարակության կազմակերպություններում աշխատող հաղորդակցության ոլորտի մենեջերները, ակտիվիստները, կամավորները, սոցիալական ստարտափների ղեկավարներն ու սոցիալական ձեռներեցները կսովորեն ուղերձները փոխակերպել հետաքրքիր պատմությունների, ինչպես նաև լայնորեն ու համոզիչ կերպով փոխել ուղերձների և տարածվող պատմությունների մասին լսարանի ընկալումները: Դասընթացը բաժանված է չորս տարբեր մոդուլների, որոնց շրջանակներում սովորողը հերթականությամբ անցնում է պատմություն «գտնելու», այն կատարելագործելու, ստեղծելու և հեռարձակելու քայլերով:
 
Դասընթացը միավորում է տարածաշրջանի մասնագետներին և ստեղծարար մարդկանց. ակադեմիական փորձագետներ, պրոֆեսիոնալ հեղինակներ, ինչպես նաև տեսանկարիչներ ու պրոդյուսերներ:
 
Դասընթացը հասանելի է անգլերեն և ռուսերեն լեզուներով: Վկայականները տրվում են ավտոմատ կերպով՝ դասընթացին ինտեգրված առցանց թեստերը հանձնելուց հետո:

Մեկնարկել է Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտտպանություն (EU4Sevan) ծրագիրը

Մարտի 15-ին մեկնարկել է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագիրը, նպատակն է  բարելավել Սևանա լճի ջրահավաք ավազանի ջրի մշտադիտարկման և կառավարման, ինչպես նաև կեղտաջրերի մաքրմանն ուղղված լուծումների ներդրման կարողությունների հզորացումը պետական և մասնավոր շահառուների շրջանում: Ծրագիրը նաև կաջակցի էկոհամակարգի համար բարենպաստ և ջուր խնայող հողօգտագործման ու մշակման կարողությունների բարելավմանը: Նախատեսվում է բարձրացնել Սևանա լճի պաշտպանության վերաբերյալ իրազեկումն ու տեղեկատվության հասանելիությունը ավազանին կից համայնքներում: Հայաստանում Սևանա լճի էկոհամակարգի կառավարման բաղադրիչը կիրականացվի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ:

Միջոցառումը համախմբել էր EU4SEVAN ծրագիրը ֆինանսավորող և իրականացնող կառույցների, պետական և Գեղարքունիքի մարզային, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին, պետական և մասնավոր ոլորտների գործընկերներին և փորձագետներին, ինչպես նաև լրատվամիջոցներին՝ նշելու ծրագրի պաշտոնական մեկնարկը:

Ի լրումն EU4SEVAN–ի հիմնական արդյունքներին, ծրագիրը նախապատրաստում է ՔՈՎԻԴ-19-ի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման գործողություններ Շրջակա միջավայրի նախարարության և ԳՄՀԸ-ի «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի  հետ համատեղ:  Այս գարնանը Գեղարքունիքի մի շարք գետերի ափամերձ գոտիներում շուրջ 600,000 ուռենիների կտրոններ և պտղատու ծառեր կտնկվեն, ինչպես նաև գետերի հուները և գետափերը կմաքրվեն թափոններից՝ ապահովելով ՔՈՎԻԴ-19-ի սոցիալ-տնտեսական հետևանքներից առավել տուժած 750 բնակչի կարճաժամկետ զբաղվածությունը:

ՔՈՎԻԴ-19-ի հետևանքների չեզոքացման շրջանակներում EU4SEVAN ծրագիրը նախատեսում է նաև աջակցել տեղացի ֆերմերներին շուրջ 3 հա տարածքում մշակել կաղամբի նոր տեսակներ, ինչը, էկոհամակարգերի համար բարենպաստ մշակման արդյունքում, կսպառի երկու անգամ պակաս ջուր և կապահովի 2-3 անգամ ավելի եկամուտ:

Սևանա լիճը քաղցրահամ ջրի պաշարներով ամենամեծ լիճն է կովկասյան տարածաշրջանում և քաղցրահամ ջրի, ոռոգման ջրի,

ջրային մշակաբույսերի, ինչպես նաև Հայաստանում հիդրոէներգիայի ամենակարևոր աղբյուրը։ Լճի վիճակն ուղղակիորեն

անդրադառնում է տարածաշրջանի շրջակա միջավայրի և Հայաստանի տնտեսական ներուժի վրա։ Ծրագիրը կհիմնվի առկա

ձեռքբերումների և պլանների վրա և կլրացնի ու կօժանդակի Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանությանն (վերջնարդյունք)

ուղղված գործողություններին։ Ծրագրի ֆինանսավորումը 5,7 միլիոն եվրոյին համարժեք ՀՀ դրամ է, իսկ իրականացման ժամանակաշրջան 48 ամիս (սեպտեմբեր 2020 – օգոստոս 2024):

EU4Environment-ն աջակցում է էկոլոգիապես մաքուր արտադրությանը Վրաստանում

 Եվրոպական միության «EU4Environment» ծրագիրը Վրաստանի Մցխեթայի և Կախեթի շրջաններում ստեղծել է ռեսուրսարդյունավետ և մաքուր արտադրության (ՌԱՄԱ) ևս երկու ակումբ։

Ակումբները տեղական ընկերություններին կօգնեն ներդնել ՌԱՄԱ մեթոդաբանություն, որը նրանց բիզնեսն ավելի կայուն կդարձնի:

ՌԱՄԱ ակումբը նույն արդյունաբերական հատվածը կամ տարածաշրջանը ներկայացնող 8-10 ընկերություններից բաղկացած խումբ է: Ընկերությունները մասնակցում են չորս ամիս տևողությամբ ինտենսիվ ուսուցման ծրագրին: Դասընթացի ավարտին ակումբի յուրաքանչյուր անդամ մշակում է անհատական ​​ՌԱՄԱ գործողությունների ծրագիր:

Դասընթացի մոդուլներն ընդգրկում են մի քանի թեմաներ. բիզնեսի բնապահպանական պրոֆիլ, էներգետիկա, ջուր և կոյուղի, նյութեր և թափոններ, քիմիական նյութեր և քիմիական թափոններ:

Նոր ՌԱՄԱ ակումբները միավորում են կաթնամթերքի, սննդամթերքի ու ըմպելիքների, շինարարության, փաթեթավորման և թռչնամթերքի արդյունաբերության բնագավառներում գործող փոքր և միջին ձեռնարկությունների: Դրանք կմիանան Կախեթի, Կասպի, Քութայիսի և Ռուսթավի վարչական տարածքներում գործող չորս ակումբներին:

2015-2017 թվականներին ձեռնարկությունները 54 հազար եվրո են ծախսել ՌԱՄԱ միջոցառումների վրա՝ խնայելով 121 հազարը: ՌԱՄԱ-յի ուղղությամբ ներդրումներն ընկերություններին օգնել են խնայել էլեկտրաէներգիա և նվազեցնել ածխաթթու գազի արտանետումները:

Փոդքասթ․ Եվրամիությունն աջակցում է Հայաստանի Շիրակի մարզին

Չնայած մարզերից շատերը հնարավորություններ են փնտրում մայրաքաղաքում կամ այլ երկրներում, ԵՄ-ն ավելի շատ հնարավորություններ է ընձեռում մարզերին `փոքր քաղաքներում կյանքը դարձնելով աշխույժ և հարմարավետ: Փոդքոստը պարունակում է երկու պատմություն. հարցազրույց Հռիփսիմե Գևորգյանի հետ, որը վերապատրաստում և աշխատանք է ստացել բրդի արտադրության ոլորտում և հարցազրույց Գայանե Մելքոնյանի հետ, որը վերապատրաստում և նոր աշխատանք է ստացել ՏՏ ընկերությունում՝ ԵՄ աջակցությամբ։

Վրաստան է հասել COVID-19 պատվաստանյութերի առաջին խմբաքանակը

Մարտի 13-ին COVAX մեխանիզմի շրջանակներում Վրաստան է հասել 43200 պատվաստանյութ։ Ըստ Վրաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Կարլ Հարցըլի՝ հաջորդ քայլը պատվաստումները սկսելն է։ Դեսպանի խոսքերով՝ ինքը հպարտ է Եվրամիության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ, որ ցուցաբերվում է Վրաստանի կառավարությանը՝ պատվաստման առավել արդյունավետ կազմակերպման հարցում։
Համաճարակի սկզբից Եվրոպական միությունը եղել է Վրաստանի ամենամեծ աջակիցներից մեկը՝ ֆինանսական օժանդակություն տրամադրելով թե Կառավարության, թե մասնավոր սեկտորի հակահամաճարակային միջոցառումներին։  Դեսպան Հարցըլի խոսքերով՝ սա ԵՄ՝ վրացիների հետ սոլիդարության հերթական ապացույցն է։

Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից  ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։

Radio NOR · Եվրոպական ամառային ճամբար Վրաստանում