Գազելի» մեջ ուղևորին, ով պահանջել է, որպեսզի դիմակ կրեն, սպանել են

Գազելի» մեջ ուղևորին, ով պահանջել է, որպեսզի դիմակ կրեն, սպանել են

Ըստ նախնական տեղեկությունների` սպանվածի և սպանությունը կատարողի միջև վեճ է ծագել, որի պատճառը եղել է պաշտպանիչ դիմակ չդնելը։

Երևանում Պարոնյան-Լեո խաչմերուկում թիվ 54 երթուղին սպասարկող «Գազելում» սպանություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում  է shamshyan.com–ը։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները նշված ավտոմեքենայի մեջ, հետևի նստարանին հայտնաբերել են տղամարդու դի։

«Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայի մեջ մեկ այլ քաղաքացի դանակով հարվածել է ուղևորի կրծքավանդակին, վերջինս տեղում մահացել է»,– գրում է կայքը։

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի աշխատակիցները։

Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ։  ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինն անհրաժեշտ գործողություններ են ձեռնարկում հանցագործությունը կատարած անձին, հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են, որ սպանության պատճառը եղել է այն, որ սպանվածը երթուղու մեջ նստած քաղաքացուն խնդրել է, որպեսզի պաշտպանիչ դիմակ դնի, սակայն վերջինս վիճաբանել է, ապա իր մոտ եղած դանակով հարվածել է նրա կրծքավանդակին, ապա փախել։