Ախալքալաքում շատ մարդիկ զբաղվում են գյուղատնտեսությամբ, այնուամենայնիվ, այստեղ ամենածանր աշխատանքը կատարում են կանայք, հատկապես գարնանը: Երբ սկսվում է ցանքը, շատ ընտանիքներից տղամարդիկ մեկնում են Ռուսաստան աշխատելու, իսկ հողագործությունը դառնում է տանը մնացած կանանց գործ: Ախալքալաքում յուրաքանչյուր ընտանիք 20 և ավելի տոննա կարտոֆիլ է աճեցնում, տեղացիները դրա համար աշխատում են ամբողջ տարվա ընթացքում:
Անցյալ տարի կանանց «բախտը բերեց», համաճարակի և փակ սահմանների պատճառով տղամարդիկ տանը մնացին, բայց այս տարի, երբ հնարավոր դարձավ աշխատանքի գնալ, հողի վրա աշխատելու բեռը կրկին կանանց վրա ընկավ:
Նրանց համար, ովքեր ապրում են կարտոֆիլ վաճառելով, համաճարակը նաև մեկ այլ խնդիր ստեղծեց ՝ շարժի սահմանափակումի և այսպես կոչված Պարետային ժամի պատճառով ապրանքը չկարողացան վաճառել: Այն, ինչ ընտանիքը չի կարող սպառել, կամ գյուղ գնացող գնորդը չի գնում, փչանում է, քանի որ չեն կարող այն վաճառքի հանել մայրաքաղաքում կամ երկրի այլ քաղաքներում:
Ալաստան գյուղում բնակվող Երոյանների ընտանիքն արդեն սկսել է կարտոֆիլ ցանել: Ընտանիքի տնային տնտեսուհի Ռուզան Երոյանն ասում է, որ սա տարվա քրտնաջան աշխատանքի սկիզբն է:
«Արդեն 2-3 օր է, ինչ մենք սկսել ենք ցանել տան բակում, այստեղ ձեռքով ենք ցանում, իսկ մեծ դաշտերում տրակրտորով: Հողը չեմ փորում, քանի որ առողջական խնդիր ունեմ: Տրակտորով ցանելիս կարտոֆիլը լցնում եմ պարկերի մեջ, որ տանեն, ցանեն, իսկ բակում կարտոֆիլը գցում եմ փորված հողի մեջ: Մենք դաշտում ենք ջոկել սննդամթերքի և սերմացու կարտոֆիլը, բնակչության մի մասը դեռ ջոկում է, իսկ մյուս մասն ջոկում է սարքավորումների միջոցով: Գյուղի դժվարությունն էլ սա է, ինչ անենք, ցանում ենք, մշակում, ամբողջ տարի աշխատում, այսքանից հետո էլ այն գին չի ունենում: Գիշերն եմ տունը մաքրում, որ առավոտյան կողպեմ ու գնամ դաշտ, այլ ժամանակ ընդանրապես չեմ ունենում, էլ չեմ խոսում, որ ինձ խնամելու համար ժամանակ մնա»,- ասում է Ռուզանը
Այդպես աշխատում են նաև Արոյանների ընտանիքի կանայք: Քրիստինե Արոյանը սկեսուրի հետ առավոտից երեկո նկուղում փչացած կարտոֆիլ է ջոկում:
«Մենք ունենք երեխաներ, եղջերավոր անասուններ, մինչև այստեղից դուրս ենք գալիս նրանց հաց, ջուր ենք տալիս մութն էլ ընկնում է: 20 տոննա կարտոֆիլ ենք աճեցրել, որից ոչ մի կիլոգրամ չենք վաճառել, ոչ մի գնորդ այս տարի գյուղ չի եկել: Բերքը փչանում է և ոչնչանում, ուստի մենք պետք է այս փչացած կարտոֆիլից լավերը ջոկենք, որ ցանենք: Ես չէի ուզենա այլ տեղ ապրել, ես սիրում եմ Ջավախեթին: Ուզում եմ այստեղ ապրել, բայց լավ ապրել, հիմա մենք չենք ապրում, մենք գոյատևում ենք»,- ասում է Քրիստինեն
Նույն իրավիճակն է Վարեվան գյուղում բնակվող Աբաջյանների ընտանիքում: Նարինե Աբաջյանն, «Հարավային դարպասի» լրագրողի մոտենալու ժամանակ պարկեր էր տանում, նա տեսախցիկի դիմաց չցանկացավ խոսել, ասելով, որ ինքը «ֆորմայի մեջ չէ», բայց մեզ պատմեց Ջավախեթիում ապրող կանանց քրտնաջան աշխատանքի մասին:
«Սկզբում տեսակավորում, հետո ցանում, հետո մշակում, հետո ջոկում ու էլի տեսակավորում, մեր կյանքի ռեժիմը շարունակվում է այսպես: Մենք կարտոֆիլը ցանում ենք տրակտորով, բայց միևնույնն է պարկեր ենք տանեմ: Բեռնատարից պարկերը տալիս եմ ամուսնուս և որդուս, որ տանեն բունկերն լցնեն: Այս տարի նույնիսկ չկարողացանք վաճառել բերքը, որ մեր աշխատանքը գին ունենա: Մենք չենք կարող տեղական բերքը վաճառել, իսկ Վրաստանը վնասակար կարտոֆիլ է ներկրում դրսից: Դժվար է ապրել, երբ ոչ ոք չի հետաքրքրվում գյուղատնտեսությամբ: Մենք քրտնաջան աշխատում ենք և երբեք դրական արդյունք չենք ունենում»,- ասում է Նարինեն
Նարինեի ամուսինը ՝ Արմեն Աբաջյանն, պատմում է մեզ, որ համաճարակից առաջ կամ գնորդներն էին գալիս գյուղ, կամ էլ ապրանքը շուկա բնակչությունն էր տանում:
«Եթե մենք այստեղից Թբիլիսի տեղափոխենք բերքը, դեռ տրանսպորտի և վառելիքի համար է գումար հարկավոր, ապա նաև պարետային ժամ կա, մենք գնում էինք վաղ առավոտյան և վերադառնում գիշերը: Հիմա, եթե գնանք, գոնե 2 օր պետք է մնանք: Նաև չգիտենք` կվաճառվի, թե ոչ, դա կապված է մեծ ծախսերի հետ, գնորդը չի գալիս գյուղ նույն սկզբունքով », – ասաց Արմենը
Ըստ Գյուղատնտեսության նախարարության Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային բաժնի պետ Նանա Զուբաշվիլիի, 2020 թվականին մեկ հեկտարի վրա կարտոֆիլի միջին բերքատվությունը Սամցխե-Ջավախեթիում կազմում էր մոտ 45 տոննա, որից 20 տոննա Սամցխեում էր և 25 Ջավախեթիում:
Ըստ Երիտասարդ տնտեսագետների ասոցիացիայի, 2012 թ.-ին գյուղացիական տնտեսությունների ղեկավար կանանց թիվը կազմել է 241 000, իսկ տղամարդկանց թիվը `574 000: 2012-ի տվյալներով` տնային տնտեսությունների ղեկավարների 70% -ը տղամարդիկ են, 30% -ը կանայք:
Ըստ ISET հետազոտական ինստիտուտի առաջատար տնտեսագետ Սալոմե Գելաշվիլիի, շուկայում կարտոֆիլի վաճառքի խնդիրը ստեղծվել է գնորդների և վաճառողների ցածր ինտեգրման արդյունքում:
«Այս պահին կարտոֆիլի նկատմամբ մեր ինքնաբավության հարաբերակցությունը բավականին բարձր է, չնայած մենք նաև ներմուծում ենք, ինչը նշանակում է, որ տեղական արտադրանքը կարող է չբավարարել ներկայիս պահանջարկը, հատկապես սեզոնայնության առումով: Այս տարի առանցքային խնդիրներ առաջացան, չնայած այդ խնդիրները կարող են պայմանավորված լինել պայմանագրային հարաբերությունների բացակայությամբ, ինչպես նաև շուկային ցածր ինտեգրմամբ: Ներմուծումը արհեստականորեն սահմանափակելը միայն գների բարձրացման կհանգեցնի, քանի որ սննդամթերքի գներն բարձրանում են, նաև կատոֆիլի գնի բարձրացումն այս փուլում ցանկալի չէ», – ասում է Սալոմե Գելաշվիլին
Ըստ Սաքստատի ՝ 2021 թվականի հունվար-մարտ ամիսներին Վրաստան է ներմուծվել 883 500 դոլար արժողությամբ նոր կամ սառեցված սերմացու և ոչ սերմացու կարտոֆիլ: sknews.ge
Ախալքալաքի գյուղերում կարտոֆիլի գնորդներ են հայտնվել, մարդիք այլևս ստիպված չեն լինի թափել բերքը