Երկու շաբաթից Վրաստանում հնարավոր է սահմանափակումները մեղմացվեն

Երկու շաբաթից Վրաստանում հնարավոր է սահմանափակումները մեղմացվեն

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի խոսքով՝ միջգերատեսչական խորհուրդը երկու շաբաթ հետո ևս մեկ անգամ կվերանայի երկրում ստեղծված համաճարակային իրավիճակը և դրականության օրական ցուցանիշի ցածր լինելու դեպքում առկա սահմանափակումները կմեղմացվեն:

Այս մասին Թուրնավան հայտարարել է լրագրողների հետ զրույցում, կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո:

«Մենք հույս ունենք, որ մոտակա երկու շաբաթից հետո, երբ ևս մեկ անգամ կվերանայենք դրականության ցուցանիշը, որը այսօր բարձր է, բայց հուսով ենք այն կնվազի, կկարողանանք որոշ սահմանափակումներ մեղմացնել: Սա վերաբերում է բոլոր սահմանափակումներին միասին», -ասել է Թուրնավան:

Վերջին օրերի համեմատ, այսօր Վրաստանում արձանագրվել է ամենացածր օրական դրականության ցուցանիշը: Երկրում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է վարակի 776 նոր դեպք, դրականության օրական ցուցանիշը՝ 2,43 տոկոս:

Հիշեցնենք, Վրաստանում արդեն կես տարուց ավելի  գործում է երեկոյան ժամերին տեղաշարժի արգելքը: Արգելվում է բազմամարդ սոցիալական միջոցառումները, ինչպես նաև շաբաթ և կիրակի օրերին սննդի կետերի աշխատանքը:  aliq.ge