«Չելսին»՝ Չեմպիոնների լիգայի հաղթող

«Չելսին»՝ Չեմպիոնների լիգայի հաղթող

Լոնդոնի «Չելսին» պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի հաղթող: Վճռորոշ խաղում լոնդոնյան ակումբը նվազագույն հաշվով հաղթեց Անգլիայի նորընծա չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին», որը պատմության մեջ առաջին անգամ խաղաց Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: Ընթացիկ մրցաշրջանում «Չելսին» «Մանչեսթեր Սիթիին» հաղթեց երրորդ խաղում անընդմեջ:

Պորտուգալական Պորտուի «Դրագաու» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչ հանդիպման առաջին գոլային պահն ունեցավ Անգլիայի նորընծա չեմպիոնը: 8-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը բրազիլացի դարպասապահ Էդերսոնի փոխանցումից հետո հայտնվեց հարվածային դիրքում, սակայն «Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսն ու դարպասապահ Էդուար Մենդին միասին խանգարեցին անգլիացուն: 2 րոպե անց վստանգավոր պահ ստեղծեց «Չելսին», որի գերմանացի հարձակվող Տիմո Վերները չկարողացավ հարված կատարել հարմար դիրքից: 14-րդ րոպեին Վերները կորցրեց ևս մեկ գոլային պահ:

Հանդիպման սկզբնամասում «Չելսիի» գրոհներն ավելի վտանգավոր էին ստացվում: Մանչեսթերցիները մրցակցի դարպասին սպառնացին 27-րդ րոպեին, երբ անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը վտանգավոր դիրքում ստացավ գնդակը, բայց հարվածել չհասցրեց պրեսինգի պատճառով:

37-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց լոնդոնյան ակումբի բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվան, որի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ դանիացի Անդրես Կրիստենսենը:

Առաջին խաղակեսի վերջնամասում «Չելսին» բացեց հաշիվը: 42-րդ րոպեին աչքի ընկավ գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը, որը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ և վերջինիս օգնությամբ գրավեց դարպասը: Դա 21-ամյա գերմանացու առաջին գոլն էր Չեմպիոնների լիգայում: 

Թիմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում:

Երկրորդ խաղակեսում մանչեսթերցիներն ունեին նկատելի տարածքային առավելություն, բայց թիմերը երկար ժամանակ չէին կարողանում ստեղծել իրական գոլային պահեր:

60-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց «Մանչեսթեր Սիթիի» ավագ Կևին դե Բրույնեն, որը դաշտը լքելիս չկարողացավ զսպել արցունքները:

«Չելսին» աչքի էր ընկնում թիմային համակարգված պաշտպանությամբ, իսկ 73-րդ րոպեին կարող էր կրկնապատկել հաշիվը, բայց փոխարինման դուրս եկած ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ և շեղ հարվածեց: Պուլիշիչը դարձավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում խաղացած առաջին ամերիկացի ֆուտբոլիստը: Քիչ անց վտանգավոր գրոհ անցկացրեցին մանչեսթերցիները, բայց դարպասին հարված կատարել չհաջողվեց:

77-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ «Մանչեսթեր Սիթիի» պատմության լավագույն ռմբարկու, արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, որը վերջին հանդիպումն անցկացրեց մանչեսթերյան ակումբում:

Վերջնամասում Խոսեպ Գվարդիոլայի թիմի՝ խաղը փրկելու բոլոր փորձերն ապարդյուն էին: Թոմաս Տուխելի գլխավորած թիմը, ոչ առանց դժվարությունների, խաղը հասցրեց հաղթական ավարտի:

Հիշեցնենք, որ «Չելսին» Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչումը նվաճել էր նաև 2011/2012թթ. մրցաշրջանում՝ եզրափակիչում հաղթելով Մյունխենի «Բավարիային»: Այդ տարի ևս լոնդոնյան ակումբը Չեմպիոնների լիգայում հաղթել էր մրցաշրջանի ընթացքում մարզչական փոփոխությունից հետո:

Չեմպիոնների լիգայի այս մրցաշարի լավագույն ռմբարկու դարձավ Դորտմունդի «Բորուսիայի» 20-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, որը խփեց 10 գոլ: news.am