Գերմանիայում օրինական զբաղվածության ծրագրով գտնվող Վրաստանի քաղաքացիների գործով մինչև այժմ արձագանք չկա: 24 մարդ դեռ գտնվում է ծանր պայմաններում: Ելակի ֆերմայում աշխատողների հայտարարությամբ, իրենց աշխատանքի և կենցաղի պայմանները բարելավվելու փոխարեն վատթարանում են:
Դեռ մայիսին, երբ միգրանտները իրենց ժամանակավոր կացարանից տարածեցին ծանր կադրերը և խոսեցին աշխատանքային պայմանագրի պայմանների խախտման մասին, Գերմանիայի և Վրաստանի համապատասխան գործակալությունների կողմից խոստում տրվեց, որ խնդիրները կլուծվեն, հակառակ դեպքում աշխատողներին կտեղափոխեին մեկ այլ գործատուի մոտ: Այնուամենայնիվ, ըստ աշխատողների, գործատուն մինչ օրս շարունակում է խախտել աշխատանքային պայմանագրի կետերը:
Կենցաղային ոչ պատշաճ միջավայրի պատճառով աշխատակիցներից մեկը նույնիսկ առողջական վնաս է ստացել և չի ստացել որակյալ բժշկական օգնություն:
Վրաստանի քաղաքացիների բնակելի և աշխատանքային պայմանների ուսումնասիրման նպատակով, հունիսի 4-ին իրենց մոտ էին գտնվում Գերմանիայի աշխատանքի և սոցիալական հարցերի դաշնային նախարարության համապատասխան գործակալության ներկայացուցիչները: Գերատեսչությունը ուսումնասիրել է տեղում ստեղծված իրավիճակը և զգուշացրել գործատուին, որ նա խախտում է ինչպես պայմանագրով նախատեսված, այնպես էլ Գերմանիայի օրենսդրությամբ նախատեսված նորմերը: Դրանց ուղղման վերջնաժամկետը հունիսի 16-ն էր, սակայն իրավիճակը չի փոխվել: