Մեկուսացման, կարանտինի և դիմակ կրելու կանոնները խախտելու համար տուգանված անձինք կազատվեն տուգանքի վճարումից, – այսօր ճեպազրույցում ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Վարչապետի խոսքով ՝ նախաձեռնությունն արդեն ներկայացվել է խորհրդարան:
«Այսօր խորհրդարան է ներկայացվել երկու օրինագիծ, որոնք վերաբերում են նրանց, ովքեր վարչական կամ քրեական պատասխանատվության են ենթարկվել համաճարակային պայմաններում սահմանված կարգերը խախտելու համար: Նախաձեռնության համաձայն, համաներումը կկիրառվի, և ավելի քան 245 հազար քաղաքացի և 344 իրավաբանական անձ կազատվեն ինչպես քրեական պատասխանատվությունից, այնպես էլ վարչական տուգանքներից: Խոսքը մեկուսացման, կարանտինի և դիմակ կրելու կանոնների խախտման համար սահմանված շուրջ 76 միլիոն լարի չվճարված տուգանքների մասին է: Այս որոշումը, իհարկե, մենք կայացրեցինք՝ հաշվի առնելով համաճարակային իրավիճակի պատճառած ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը:
Համաճարակի ընթացքում մենք լավ գիտակցում ենք, որ տուժել են մեր շատ քաղաքացիներ և բիզնեսներ: 2020 թվականը շատ դժվար տարի էր, և այդ տույժերը լրացուցիչ բեռ են նրանց համար: Իհարկե, մենք հասկանում ենք, որ վիրուսի կառավարման ընթացքում անհրաժեշտ էր և անհրաժեշտ է պահպանել կանոնակարգերը, այնուամենայնիվ, շատ կարևոր է նաև, առաջին հերթին, մեղմացնել մեր քաղաքացիների տնտեսական վիճակը, և դա է պատճառը այս նախաձեռնության: Ուստի ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր խորհրդարանին: Ես շփում եմ ունեցել մեր թիմի հետ, իհարկե, քաղխորհրդի, մեծամասնության հետ, և այս նախաձեռնությունը հնարավորինս սեղմ ժամկետում կընդունվի և կհաստատվի», – ասաց վարչապետը:
Ավելի վաղ հայտնել էինք՝