ՀՀ ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեի հետ մասնակցեցինք Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա, նոր կամրջի շինարարության հիմնարկեքի պաշտոնական արարողությանը։
Երկուստեք արձանագրվեց, որ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան կառուցվող «Բարեկամություն» կամուրջը հավակնում է դառնալ հայ-վրացական բազմադարյա բարեկամությունը առարկայական դարձնող հաջողված ծրագրերից:
Երկու երկրների, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև սերտ համագործացության արդյունքում,
չնայած նախորդ տարվա՝ համավարակով և պատերազմով պայմանավորված խոչընդոտներին, մեզ հաջողվեց ապահովել ծրագրի անընդհատությունը, մշակել անհրաժեշտ փաստաթղթերը և սկսել երկար սպասված շինարարությունը:
Սահմանային նման ենթակառուցվածքի զարգացումն ունի ռազմավարական նշանակություն և լավագույնս կնպաստի հարևան պետությունների միջև փոխգործակցության աճին ու զարգացմանը:
Հայաստանի համար ծրագիրը կարևորվում է նաև դեպի Լարս տանող ճանապարհի երթևեկության ինտենսիվության և անվտանգության տեսանկյունից: Հայաստանի հյուսիսային ուղղությունը՝ ոչ միայն Վրաստանի, այլև ԵԱՏՄ երկրների, այդ թվում՝ մեր հիմնական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ ճանապարհը անցնելու է հենց այս կամրջով։
Նոր կառուցվող կամուրջը կազմված է երկու զուգահեռ կամրջից, յուրաքանչյուրը՝ մեկ ուղղությամբ, երկու երթևեկելի գոտիներով, ջրահեռացման ու լուսավորության համակարգերով։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ծավալների աճ, երթևեկության հարմարավետությունն ու անվտանգության բարձրացում։
Տարածաշրջանային այս կարևոր ենթակառուցվածքային ծրագրերում հատկանշական է նաև իրանական և կորեական ընկերությունների ներգրավվածությունը:
Կամրջի նախագծման և շինարարության համար պայմանագիր է կնքվել Ariana Tunnel Dam Co. (Իրան) ընկերության հետ։
Իսկ տեխնիկական հսկողությունն իրականացնում է Soosung Engineering Co., Ltd և Korea Consultants International Co., Ltd. (Կորեա) համատեղ գործող ընկերությունը։
Ընդգծեմ նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համագործակցության արդյունավետությունը՝ ծրագրի շարունակականությունը ապահովելու և, առհասարակ, Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման ուղղված տարբեր ծրագրերի իրականացման հարցում»: