ՌԴ-ն խստացնում է միգրացիոն քաղաքականությունը. Միգրանտները ID քարտ կստանան, կվերահսկվեն GPS-ով, 72 ժամը մեկ Covid թեստ կհանձնեն

ՌԴ-ն խստացնում է միգրացիոն քաղաքականությունը. Միգրանտները ID քարտ կստանան, կվերահսկվեն GPS-ով, 72 ժամը մեկ Covid թեստ կհանձնեն

Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է խստացնել իր երկրի միգրացիոն քաղաքականությունը։ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը մշակում է օրենսդրական փաթեթ, ըստ որի միգրանտները ՌԴ ժամանելիս ստանալու են էլեկտրոնային կրիչով միասնական փաստաթուղթ, որը տրամադրվելու է 10 տարով։ Այսինքն բոլոր նրանք, ովքեր ժամանում են ՌԴ և ցանկանում են 30 օրից ավել մնալ պետք է ստանան ադ փաստաթուղթը։ Փաստաթուղթը ստանալիս միգրանտները պետք է մատնահետք հանձնեն, բուժզննում անցնեն և ստանան ID քարտ, որը վճարովի է լինելու։ Օրենքը ուժի մեջ է մտնելու դեկտեմբերին։

Բացի սա՝ աշխատանքային միգրանտը ՌԴ-ում հայտնվելիս պետք է գրանցվի օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված թափուր աշխատատեղերի ռեեստրում, նշի, թե ինչ մասնագետ է ինքը և որևէ այլ աշխատանք չի կարող իրականացնել բացի իր նշած մասնագիտությունը։ Այսինքն, եթե միգրանտը նշում է, որ ինքը խոհարար է, ապա այլևս որևէ այլ աշխատանքի առաջարկ չի կարող ընդունել և աշխատել։ Օրենսդրական այս փոփոխությունը դեռևս ուժի մեջ չի մտել։

«Հայկական Կարիտաս» ՀԿ-ի աշխատանքային միգրացիայի ծրագրի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է, որ ՌԴ-ի առաջարկած փոփոխությունները մեծ փաթեթով առաջարկվել էր արդեն 2020 թվականին։ Հիմա փուլ առ փուլ ընդունում են այդ փոփոխությունները։ Հաջորդ փոփոխութունը լիենլու է ID քարտը, որը ՌԴ-ում լինելու է 30 օրից ավել մնացած քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթը։ Ազգային անձնագիրն արդեն չի համարվի միգրանտի անձը հստատող փաստաթուղթ։ ID քարտի վրա կլինի չիպ, որը կվերահսկվի միջազգային արբանյակի կողմից։ Դա հնարավորություն կտա  մշտապես վերահսկել միգրանտի գտնվելու վայրը։ «ՌԴ միգրացիոն հարցերով զբաղվող մասնագետներն ասում են, որ դա անհրաժեշտ է անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար։ Եվ քանի որ իրենք ունեն օրենք, որ միգրանտը պարտավոր է բնակվել իր միգրացիոն հաշվառման հասցեում, ապա օրենսդրական մեկ այլ փոփոխությամբ սահմանվելու է, որ անձինք պարտավոր են գտնվել այն աշխատանքային վայրի տարածքում, որի համար պայմանագիր են կնքել և եթե 7 օրից ավել բացակայեն իրենց մշտական բնակության վայրից, ապա կարող են 3 տարի ժամկետով վտարվել երկրի տարածքից»,-ասել է Բեժանյանը՝ հավելելով, որ իրավապաշտպանները լրջագույն խնդիր են տեսնում այս փոփոխություններում, քանի որ միգրանտի տոտալ վերահսկողությունը մարդու իրավունքների լրջագույն խախտում է. «Ստացվում է, որ եթե միգրանտը 7 օր բացակայի իր մշտական բնակության վայրից և մեկ օր գնացքի ուշացման պատճառով մեկ ժամով  ուշանա իր մշտական բնակության վայրից, ապա կվաստակի մուտքի արգելք 3 տարով»,-ասել է Բեժանյանը՝ հավելելով, որ միգրանտների տոտալ վերահսկողությունը կարող է բերել միգրանտների մասսայական անօրինական դառնալուն։

Մյուս կողմից, եթե միգրանտի անձը հաստատող փաստաթուղթը լինում է ոչ թե նրա ազգային անձնագիրը, այլ ՌԴ-ի կողմից տրված ID քարտը, ապա որևէ պաշտոնյայի կամայական որոշման արդյունքում կարող են չեղարկել այդ ID քարտը և միգրանտը շատ արագ կարող է դառնալ անօրինական ՌԴ-ում՝ չունենալով անձը հաստատող փաստաթուղթ։ «Իսկ ամբողջ աշխարհում չկա նմանատիպ որևէ օրինակ, երբ անձը հաստատող փաստաթուղթը չլինի նրա ազգային անձնագիրը, կամ իր քաղաքացիության երկրի կողմից տրված փաստաթուղթը կամ քաղաքացիություն չունեցող անձի փաստաթուղթը։ Այսինքն նման խնդիրների  հնարավոր է բախվեն միգրանտները։ Ես համոզված եմ, որ այս փոփոխությունները, խստացումները կնպաստեն անօրինական միգրացիայի աճին։ Ես ավելի քան վստահ եմ դրանում, քանի որ այդ փաստաթուղթը տալու  է լիցենզավորված կազմակերպությունը։ Իսկ այդպիսի կազմակերպություն Մոսկվայում մեկն է, որը տալիս է ոչ ԵԱՏՄ երկրներին «պատենտ, որը ոչ թույլատվական բնույթի փաստաթուղթ է, որով այդ երկրների քաղաքացիները աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունք են ստանում։ Հիմա բոլոր երկրների միգրանտները ստիպված են լինելու ID քարտ ստանալ նման կազմակերպությունից»,-ասել է Բեժանյանը՝ հավելելով, որ բոլոր խնդիրներով, բարդություններով հանդերձ սա նաև լրացուցիչ ֆինանսական բեռ է միգրանտի համար, քանի որ միգրանտն ինքը պարտավոր է լինելու վճարել այդ ID քարտը ստանալու համար։ Դրան էլ գումարվելու է ինֆեկցիոն հիվանդութունների գծով անալիզների հանձնումը, յուրաքանչյուր 72 ժամը մեկ միգրանտի կողմից կորոնավիրուսի թեստի հանձնումը, ապա սա արդեն նշանակում է, որ աշխատանքային միգրանտները պետք է անվերջ ինչ-որ վճարումներ անեն։

Փորձագետի խոսքով՝ ՌԴ-ն իսկապես ունի մեծ թվով անօրինական միգրանտներ, բայց վստահաբար սա այն ճանապարհը չէ, որով հնարավոր կլինի օրինականացնել միգրանտներին։ Ավելին՝ արդեն իսկ ընդունված կետերը, ինչպես արդեն նշեցինք, բերելու է միգրանտների մասսայական անօրինականացման. «Նրանք, ովքեր գրել են այս օրենսդրական փոփոխությունները, պարզապես չեն ունեցել բավարար ճշգրիտ տեղեկատվություն և գիտելիքներ իրենց երկրում միգրացիայի վիճակի, միգրանտների խնդրների վերաբերյալ։ Այս խստացումները շատ անհասկանալի են ու երբեմն չափազանցության են հասնում»,-ասել է Բեժանյանը։