Եվրամիությունն ամրապնդում է Վրաստանի կիբերանվտանգությունը՝ առաջարկելով նոր ինտեգրված լուծում

Եվրամիությունն ամրապնդում է Վրաստանի կիբերանվտանգությունը՝ առաջարկելով նոր ինտեգրված լուծում

Եվրամիության «SAFE» ծրագրի շրջանակում՝ ՄԱԿ-ի ծրագրային ծառայությունների գրասենյակի (UNOPS) հետ գործընկերությամբ, Վրաստանի պաշտպանության նախարարության կիբերանվտանգության բյուրոյին պաշտոնապես հանձնվեց կիբերանվտանգության ինտեգրված լուծում, ընդ որում՝ ինչպես ապարատային, այնպես էլ ծրագրային ապահովմամբ:

Կիբերանվտանգության այս կարևոր լուծումները նպատակ ունեն խթանել վարակված համակարգերի հայտնաբերումը, նվազագույնի հասցնել չարտոնված մուտքի և տվյալների կորստի դեպքերը և այդպիսով ավելի անվտանգ միջավայր ստեղծել Վրաստանի պաշտպանական համակարգի կիբերտարածքում:

«Եվրամիության «SAFE» ծրագրի շնորհիվ մենք մեր ՏՏ ենթակառուցվածքը հագեցրել ենք կիբերանվտանգության գերժամանակակից տեխնոլոգիաներով: Ծրագիրը մեզ հնարավորություն է տվել նաև վերապատրաստել մեր տեխնիկական անձնակազմը: Եվրոպական միության և UNOPS-ի հետ օրինակելի համագործակցությունից ստացված բոլոր օգուտները ամուր կիբերանվտանգություն են ստեղծում ինչպես Պաշտպանության նախարարության, այնպես էլ ազգային մակարդակում», – նշել է Վրաստանի կիբերանվտանգության բյուրոյի տնօրեն Լևան Գիորգոբիանին:

ԵՄ նվիրաբերած ապարատային և ծրագրային աապահովումն արժեն 231,000 ԱՄՆ դոլար:

Հարևանության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատարն այցելել է Վրաստան և Ադրբեջան՝ ներկայացնելու Արևելյան գործընկերության նոր պլանը

Հարևանության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարեին Արևելյան գործընկերության երկրներ իր առաջին առաքելության՝ Հարավային Կովկասի երկրներ այցի շրջանակներում հուլիսի 7-ին ժամանեց Վրաստան:

Հուլիսի 7-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանձնակատար Վարհեին հանդիպումներ ունեցավ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի քաղաքական իշխանությունների, գործարար համայնքի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ` ներկայացնելու Արևելյան գործընկերության երկրների վերականգնման, դիմակայունության և բարեփոխումների նոր հաստատված տնտեսական և ներդրումային պլանն ու ըստ երկրների դրա դրոշակակիր նախաձեռնությունները: Նա երեք երկրներից յուրաքանչյուրի հետ քննարկեց նաև երկկողմ հարաբերությունների առանցքային խնդիրները:

Վրաստանում հանձնակատար Վարհեին հանդիպեց վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ` վերահաստատելով ԵՄ-ի համերաշխությունը Վրաստանին և նրա ժողովրդին՝ այդ թվում՝ COVID-19 ճգնաժամի և քաղաքական բևեռացման դեմ պայքարներում:

«Մենք ձգտում ենք առնվազն 17 միլիարդ եվրո մոբիլիզացնել տարածաշրջանի տնտեսական վերականգնման համար: Այդ գումարից 2.3 միլիարդ եվրոն կլինի դրամաշնորհների, իսկ մնացած մասը՝ մեր միջազգային ֆինանսական գործընկերների՝ Եվրոպական ներդրումային բանկի կամ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ ծրագրերի ու ներդրումների տեսքով», – ասել է հանձնակատարը:

Թբիլիսիում Օլիվեր Վարհեին հանդիպում ունեցավ նաև գործարար համայնքի և երիտասարդության ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու Վրաստանի համար ԵՄ պլանը և քննարկելու վրացական բիզնեսի և երիտասարդության առջև ծառացած մարտահրավերներն ու հնարավորությունները:

Հուլիսի 7-ին Հանձնակատարը տնտեսական և ներդրումային պլանի իրականացման վերաբերյալ մտքեր փոխանակեց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սամիր Նուրիևի և այլ պաշտոնատար անձանց հետ` հատուկ ուշադրություն դարձնելով միակցվածության և COVID-19-ի դեմ պայքարի խնդիրներին:

Հուլիսի 8-ին Վարհեին այցելեց Բաքվի նավահանգիստ: Տնտեսական և ներդրումային ծրագրի ներքո իրականացվելիք դրոշակակիր նախաձեռնություններից մեկի շրջանակում նավահանգիստը կստանա աջակցություն՝ հանուն անդրկասպյան տնտեսական ինտեգրման ապրանքների և ծառայությունների սահուն և արագ շարժի կայուն հանգույց դառնալու համար:

ՎԶԵԲ-ը և ԵՄ-ն «ՊրոԿրեդիտ Բանկի» միջոցով կավելացնեն վրացական ընկերությունների ֆինանսավորումը

ՎԶԵԲ-ը 10 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի միջազգային «ՊրոԿրեդիտ» խմբի մաս կազմող «ՊրոԿրեդիտ Բանկ Վրաստանին»՝ տեղական միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ-ներ) վարկավորման համար: ԵՄ-ն այս աջակցությունը կհամալրի դրամաշնորհային ներարկումներով և տեղական ու միջազգային անվճար խորհրդատվական ծառայություններով, որոնք ֆինանսավորվում են «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակներում:

Ֆինանսավորումը տեղական ընկերություններին թույլ կտա արդիականացնել իրենց արտադրությունը` ներդրումներ իրականացնելով ժամանակակից տեխնոլոգիաների և սարքավորումների ուղղությամբ, ընդունելով ԵՄ չափորոշիչները, բարելավելով աշխատավայրում առողջապահական ու անվտանգային պայմանները, ինչպես նաև խթանելով կայուն բնապահպանական պրակտիկաները: «ՊրոԿրեդիտ Բանկ Վրաստան»-ի վարկերի առնվազն 70 տոկոսը կֆինանսավորեն կանաչ տեխնոլոգիաների ուղղությամբ ներդրումները:

Ֆինանսավորումը հասանելի է «ԵՄ-ն բիզնեսի համար – ՎԶԵԲ» վարկային գծի ներքո, որի նպատակն է բարձրացնել Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում փոքր բիզնեսի ԵՄ շուկա դուրս գալու և մրցակցելու կարողությունները: 2016 թ.-ին նախաձեռնության մեկնարկից ի վեր միայն Վրաստանում դրանից օգտվել են տարբեր ոլորտներ ներկայացնող շուրջ 170 ընկերություններ՝ արտադրությունից մինչև գյուղատնտեսություն, հյուրընկալությունից մինչև բժշկական ծառայություններ:

ՎԶԵԲ-ը Վրաստանում համարվում է առաջատար ինստիտուցիոնալ ներդրող: Երկրում իր գործունեության մեկնարկից ի վեր, բանկը ավելի քան 4 միլիարդ եվրո ներդրումներ է կատարել ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում շուրջ 237 նախագծերի միջոցով, որոնցից 79% ներդրումները ուղղվել են մասնավոր հատված:

Թիմ Եվրոպա. ԵՆԲ-ն 106.7 միլիոն եվրո է տրամադրում Վրաստանին` «Արևելք-Արևմուտք» մայրուղու արդիականացման համար

Եվրոպական ներդրումային բանկը լրացուցիչ 106.7 միլիոն եվրո է տրամադրել Վրաստանի կառավարությանը՝ երկրի հիմնական ճանապարհային զարկերակի՝ «Արևելք-Արևմուտք» (E60) մայրուղու արդիականացման համար:

ԵՄ բանկից ստացված վարկով կֆինանսավորեն արդիականացման երկու գործողություններ. մեկը՝ Ալգեթիի և Սադախլոյի միջև 30 կմ երկարությամբ հատվածի, իսկ մյուսը՝ Ռուսթավիի և Կարմիր կամրջի միջև 32 կմ երկարությամբ հատվածի երկայնքով: Երկու արդիականացումներով մայրուղին կձգվի համապատասխանաբար մինչև Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանները:

Այս գործողությունը կնպաստի ավտոմայրուղու ճանապարհային անվտանգության բարելավմանը, ճանապարհորդության ժամանակի կրճատմանը, տրանսպորտային միջոցների շահագործման և պահպանման ծախսերի նվազեցմանը և Վրաստանի տնտեսական ու տարածքային համախմբվածության ամրապնդմանը: Այն նաև կբարելավի միակցվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում:

«Ինչպես երկրի, այնպես էլ տարածաշրջանի համար նոր առևտրային հնարավորություններով՝ «Արևելք-Արևմուտք» մայրուղին տասնամյակներ շարունակ օգտակար կլինի Վրաստանի համար: Այս ներդրումը կընդլայնի նաև «Թիմ Եվրոպա» նախաձեռնության աջակցությունը՝ ուղղված COVID-19 ավերիչ ճգնաժամից Վրաստանի արագ վերականգնմանը: Այն լրացնում է 170 միլիոն եվրո գումարին, որը միայն 2020 թ. ընթացքում ԵՆԲ-ն ներդրել է երկրի ՓՄՁ-ներում և առողջապահական համակարգում», – նշել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Թերեզա Չերվինսկան, ով պատասխանատու է Վրաստանում ԵՆԲ գործառնությունների համար:

Մինչ օրս ԵՆԲ-ն մոտ 1 միլիարդ եվրո է ներդրել «Արևելք-Արևմուտք» մայրուղու վրա, ինչը կազմում է երկրում իր ընդհանուր ներդրումների գրեթե կեսը:

Ավարտելուց հետո «Արևելք-Արևմուտք» մայրուղին կդառնա գործող հաղորդակցության ուղիների նկատմամբ ավելի արագ և անվտանգ երթևեկի այլընտրանք և Վրաստանը կինտեգրի Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցին (TEN-T): TEN-T ցանցն ընդգրկում է Եվրոպական միությունը և ամրապնդում դրա ներսում սոցիալական, տնտեսական և տարածքային համախմբումը, մինչդեռ դրա ընդլայնված ցանցերը, ինչպիսին «Արևելք-Արևմուտք» մայրուղին է, նույն գործառույթը կատարում են ԵՄ գործընկեր երկրների համար:

ՎԶԵԲ-ը պարգևատրել է կայուն աշխատանքի առաջատարներին: Վրաստանը և Ուկրաինան ներկայացնող ընկերությունները հաղթողների թվում են

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) պարգևատրել է 21 ընկերությունների, որոնք ակնառու ներդրում են ունեցել շրջակա միջավայրի և սոցիալական կայունության զարգացման գործում: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել ՎԶԵԲ-ի՝ 2021 թ. հունիսի 29-ին կայացած տարեկան ժողովի շրջանակում, որին նախորդել է Բանկի կայուն զարգացման մասին վերջին զեկույցի շնորհանդեսը:

Կայուն էներգիայի անվանակարգում այս տարվա հաղթող ճանաչվեց ղազախական Intergas Central Asia ընկերությունը:

Վրաստանում առողջապահական ծառայություններ մատուցող խոշորագույն Georgia Healthcare Group (GHG) ընկերությունը ոսկե մրցանակակիր դարձավ բնապահպանական և սոցիալական նորարարությունների անվանակարգում: ՎԶԵԲ-ն օժանդակել է GHG-ին՝ տրամադրելով 25 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ` շրջանառու կապիտալի և գործառնական ծախսերի պահանջները ֆինանսավորելու և այդպիսով կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում նրա կարևոր դերակատարության համար: Միջոցները GHG-ին հնարավորություն են տվել վեց խոշոր հիվանդանոցներ համապատասխանեցնել COVID-19-ով հիվանդների կարիքներին, ինչպես նաև բարելավել սեփական ախտորոշիչ կարողությունները: GHG-ն նաև մշակել է EKIMO անվամբ (թարգմանաբար նշանակում է «Բարև, բժիշկ») եզակի բջջային առողջապահական հավելված, որը ՎԶԵԲ-ի համար գերակայություն համարվող թվային անցման արագացման օրինակ է:

Ուկրաինական մի ընկերություն էլ՝ Fozzy Group-ը, արծաթե մրցանակակիր դարձավ Բնապահպանական և սոցիալական լավագույն փորձի անվանակարգում:

Գենդերային և տնտեսական ներառման անվանակարգում արծաթե մրցանակը շնորհվեց Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը (Վրաստան)՝ Osmangazi Elektrik Dağıtım ընկերության (Թուրքիա) հետ միասին: Նույն անվանակարգում բրոնզե մրցանակը շնորհվեց Agrofusion Group ընկերությանը (Ուկրաինա):

Հայաստան. ԵՄ նախագիծն աջակցում է երեխաների համար թատերական ներկայացմանը՝ ներդաշնակ ընտանիքի գործառույթները խթանելու նպատակով

Հունիսի 12-ին ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն իր ելույթով ողջունեց Երևանում «Գազարավազք» վերնագրով առաջնախաղ ինտերակտիվ ներկայացմանը ներկա երեխաներին և նրանց ծնողներին։

«Գազարավազք» ներկայացման նպատակն է բեմականացման եղանակով հաղորդել ընտանիքի ներդաշնակության համար անհրաժեշտ թիմային աշխատանքի կարևոր նշանակությունը։

Ինտերակտիվ հեքիաթի բեմականացումը ֆինանսավորվում է «EU4GenderEquality» տարածաշրջանային նախագծի շրջանակներում: Առաջիկա շաբաթներին ներկայացումը հյուրախաղերի կմեկնի Հայաստանի մյուս քաղաքներ։

Միջազգային ավիացիա․ ԵՄ խորհուրդը հավանության է արժանացրել Հայաստանի և Ուկրաինայի հետ կարևոր համաձայնագրեր ստորագրելու մասին որոշումները                                                         

Հունիսի 28-ին Եվրոպական միության խորհուրդը հավանություն տվեց ԵՄ հարևանության երեք երկրների՝ Ուկրաինայի, Հայաստանի և Թունիսի հետ ընդհանուր ավիացիոն գոտու ստեղծման շուրջ համաձայնագրեր, ինչպես նաև Կատարի հետ՝ օդային տրանսպորտի վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ որոշումներին։ Նշված համաձայնագրերը թույլ կտան բացել ավիատրանսպորտի շուկան՝ նոր հնարավորություններ առաջարկելով սպառողներին և ավիաընկերություններին։ Ավելի արդյունավետ միակցվածության շնորհիվ նոր թափ կհաղորդվի առևտրին, զբոսաշրջությանը, ներդրումների խթանմանը և սոցիալ-տնտեսական զարգացմանը։

«ԵՄ խորհուրդն այժմ պատրաստ է ստորագրել ավիացիայի ոլորտին առնչվող չորս կարևոր համաձայնագրերը, որոնց միջոցով կապահովվի շուկայի հասանելիությունը ավիափոխադրող ընկերություններին և կընդլայնվի միակցվածությունն ու քաղաքացիների տեղաշարժի ազատությունը։ Համաձայնագրերի միջոցով կապահովվի նաև անվտանգության և ապահովության բարձրագույն մակարդակը, միջոցներ կձեռնարկվեն հավասար մրցակցային պայմանների ապահովման ուղղությամբ»,- նշել է Պորտուգալիայի ենթակառուցվածքների նախարար Նունո Սանթոսը, որն այժմ նախագահում է ԵՄ խորհրդում:

Հարևանության տարածքի երկրների հետ ստորագրվելիք երեք համաձայնագրերի շնորհիվ կհանվեն շուկայի սահմանափակումները ԵՄ հարևան երկրների նկատմամբ, իսկ այդ երկրները կասոցացվեն ԵՄ-ն ներքին ավիացիոն շուկային, քանի որ նրանց կողմից կներդրվեն ԵՄ ավիացիոն չափանիշները և կկիրառվեն ԵՄ ավիացիայի կանոնները։

Ուկրաինայի և Հայաստանի հետ համաձայնագրերն, ըստ ընդունված որոշումների, կարող են ժամանակավորապես կիրարկվել մինչև կավարտվեն փաստաթղթերի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ ներպետական օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերը։

Ակնկալվում է, որ չորս համաձայնագրերը կստորագրվեն 2021 թվականի աշնանը: Այնուհետև, համաձայնագրերը պետք է վավերացվեն ԵՄ անդամ բոլոր պետությունների, Միության և ստորագրող երկրի կողմից:

Արևելյան գործընկերություն․ վերականգնման, դիմակայունության և բարեփոխման օրակարգը՝ տնտեսական և ներդրումային պլանի աջակցությամբ                                                

Եվրոպական հանձնաժողովն ու Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչն հուլիսի 2-ին նախանշեցին ԵՄ արևելյան գործընկեր երկրների հետ առաջիկա տարիների համագործակցության առաջնահերթություններին թափ հաղորդելու վերաբերյալ առաջարկի ընդհանուր նկարագիրը։ Այս օրակարգը հիմնված է հինգ երկարաժամկետ նպատակների վրա՝ հիմքում ունենալով դիմակայունությունը՝ 2020թ մարտին հրապարակված «Արևելյան գործընկերության ապագան 2020թ․ հետո» տեսլականին համահունչ: Օրակարգը կյանքի կկոչվի տնտեսական և ներդրումային պլանով  հասանելի  2.3 միլիարդ եվրո դրամաշնորհների, ֆինանսական խառնուրդների և երաշխիքային միջոցներից բաղկացած բյուջեով, որոնք կարող են հավաքագրել մինչև 17 միլիարդ եվրո պետական և մասնավոր ներդրումներ:

Համապարփակ օրակարգի նպատակն է ավելացնել առևտրի և տնտեսական աճի ծավալները,  ստեղծել նոր աշխատատեղեր, ներդրումներ կատարել միակցվածության ուղղությամբ, ամրապնդել ժողովրդավարական հաստատությունները և օրենքի գերակայությունը՝ աջակցելով «կանաչ» և թվային փոխակերպումներին և խթանելով արդար, գենդերային հավասար և ներառական հասարակությունների կայացմանը։

Վերականգնման, դիմակայունության և բարեփոխումների վրա հիմնված համապարփակ օրակարգում ներառված են 2025 թ․ համար տասը հիմնական թիրախային նպատակներ՝ համագործակցության բոլոր գերակա ոլորտների վերաբերյալ սահմանված հստակ պարտավորություններով: Թիրախային նպատակների շարքում են՝  լրացուցիչ աջակցությունը 500,000 փոքր և միջին ձեռնարկություններին, 3000կմ առաջնային նշանակության մայրուղիների և  երկաթուղիների՝ ԵՄ չափանիշներին համապատասխան կառուցումը կամ արդիականացումը, հիբրիդային և կիբեր սպառնալիքների չեզոքացումը, կոռուպցիայի դեմ պայքարը, 250,000 տնային տնտեսությունների էլեկտրական էներգիայի սպառման կրճատումը առնվազն 20 տոկոսով,  անվտանգ ջրամատակարարման և օդի որակի մատչելիության բարելավումը, տնային տնտեսությունների 80 տոկոսի համար արագ ինտերնետի հասանելիության ապահովումը, բուժաշխատողների  պատվաստումների օժանդակությունը, քաղաքացիական հասարակությանը և անկախ լրատվամիջոցներին լրացուցիչ օժանդակությունը, 70000 ուսանողների, հետազոտողների և երիտասարդների համար շարժունակության հնարավորությունների ապահովումը:

Տնտեսական և ներդրումային տարածաշրջանային պլանը կաջակցի հետքովիդյան սոցիալ-տնտեսական վերականգնմանը և տևական կայունության հաստատմանը՝ առաջնորդվելով «կանենք ավելի լավ, քան նախկինում էր» կարգախոսով։ Այս ծրագրով նախանշվում են առաջնահերթ ներդրումները և սահմանվում են առաջնային կարևրություն ներկայացնող ծրագրերի շարքը, որոնք համատեղ որոշվել են գործընկեր երկրների հետ` հաշվի առնելով նրանց առաջնահերթությունները, կարիքները և հավակնությունները:

Առաջարկությունները կքննարկվեն գործընկեր երկրների, ԵՄ անդամ երկրների, քաղաքացիական հասարակության և այլ հիմնական շահագրգիռ կողմերի հետ՝ նկատի առնելով 2021 թ․ դեկտեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովը:

Մաքուր էներգիայի անցման խթանում. Եվրամիությունը ԱլԳ-ում գործարկում է «ԵՄ-ն էներգիայի համար» ծրագրի նոր փուլը

Հուլիսի 8-ին Եվրոպական հանձնաժողովը գործարկեց իր «ԵՄ-ն էներգիայի համար» (EU4Energy) ծրագրի երկրորդ փուլը, որը կկրի «Արևելյան գործընկերության երկրներում մաքուր էներգիայի անցման խթանում. ԵՄ-ն էներգիայի համար՝ II փուլ» անվանումը:

Ծրագիրը, որը կիրականացվի մինչև 2024թ․ դեկտեմբեր, կնպաստի էներգետիկայի ոլորտում ամուր իրավակարգավորիչ դաշտի զարգացմանը՝ աջակցելով տարածաշրջանի անցմանը մաքուր էներգիային և էներգետիկ շուկայի ազատականացմանը:

Այն կանդրադառնա նոր մարտահրավերներին և հնարավորություններին, ինչպիսիք են էներգիայի հետ կապված շուկայի բոլոր հատվածներում թվային տեխնոլոգիաների աստիճանական ներդրումը` ծախսերի արտացոլման միաժամանակյա ապահովմամբ: Արևելյան գործընկեր երկրների քաղաքացիները կշահեն կայուն էներգետիկ ներդրումների համար բարենպաստ միջավայրի զարգացումից, ենթակառուցվածքային նախագծերի առաջնահերթացումից և տարածաշրջանային շուկայի ինտեգրման և ներտարածաշրջանային առևտրի աճից:

Ծրագիրը նաև կնպաստի իր գործունեության մեջ և բարեփոխումներում ԱլԳ քաղաքացիների ներգրավմանը՝ խորհրդակցությունների և կլոր սեղանների, ինչպես նաև անմիջապես քաղաքացիների հզորացմանն ու ներգրավմանն ուղղված արշավների շարքի միջոցով: Ծրագիրն առանձնահատուկ ուշադրություն կդարձնի գենդերային հավասարության խնդրին՝ շեշտը դնելով էներգետիկայի ոլորտում կանանց ներգրավվածության կարևորության և ղեկավար դերեր ստանձնելու նրանց ներուժի վրա:

«Արևելյան գործընկերության երկրները զգալի առաջընթացի են հասել ԵՄ օրենսդրության ընդօրինակման և իրենց էներգետիկ շուկաները Եվրամիության շուկայի հետ մերձեցնելու գործում` քայլեր ձեռնարկելով սպառողների հզորացման և օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար նպաստավոր միջավայր ստեղծելու ուղղությամբ: «ԵՄ-ն էներգիայի համար» ծրագրի նվաճումներն այսպիսով ընդգծում են Արևելյան գործընկերության երկրների և քաղաքացիների նվիրվածությունը եվրոպական արժեքներին: Նրանց դերն ընդգծելը կարևոր է. Եվրոպական միությունը կարող է օժանդակել իր փորձառությամբ, բայց կառավարություններից ու քաղաքացիներից է կախված մեր առաջարկությունները կյանքի կոչելը» – նշել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության (DG NEAR) Արևելյան հարևանությունում Եվրոպական կանաչ գործարքի և միակցվածության թիմի ղեկավար, դոկտոր Մայքլ Ռապը:

«ԵՄ-ն էներգիայի համար» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ 8,5 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով:

30 վրաստանցի շահել են «Էրազմուս +» կրթաթոշակներ՝ 2021 թ.-ին եվրոպական համալսարաններում մագիստրոսական կրթություն ստանալու համար

Վրաստանի 30 ներկայացուցիչ ընդգրկվել են ԵՄ աջակցությամբ «Էրազմուս +» կրթաթոշակների մրցույթի 2021 թ.-ի 2,756 հաղթողների թվում: Նրանք աշխարհի տարբեր անկյուններից այլ ուսանողների հետ կսովորեն Եվրամիության և աշխարհի համալսարանների համատեղ մագիստրոսական ծրագրերում:

2021 թվականին Վրաստանից, ընդհանուր առմամբ, ներկայացվել է 120 հայտ, մինչդեռ 167 երկրներից ներայացված բոլոր հայտերի թիվը կազմել է 12,271: Եվս 593 թեկնածու կար Արևելյան գործընկերության այլ երկրներից (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա և Ուկրաինա), որոնցից հաջող էին 124-ի դիմումները:

Վրաստանը ներկայացնող ուսանողները (20 կին և 10 տղամարդ) Թբիլիսիի տարբեր համալսարաններից են. Թբիլիսիի պետական համալսարան, Թբիլիսիի բաց համալսարան, Իլիայի պետական համալսարան, Վրաստանի հանրային կապերի ինստիտուտ (GIPA), Կովկասի համալսարան, Սոխումի պետական համալսարան և Թբիլիսիի արվեստի պետական ակադեմիա:

Այս աշնանը նրանք կսկսեն Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերի (ԷՄՀՄԾ) շրջանակում իրենց ուսումնառությունը եվրոպական առաջատար համալսարաններում: Նրանք կանցնեն Հարավային Եվրոպայի ուսումնասիրությունների, Գինու զբոսաշրջության ոլորտում նորարարությունների, Անթրոպոգենի և նախնադարի, Գլոբալ շուկաների, Տեղական ստեղծարարությունների, Կանանց և գենդերային ուսումնասիրությունների, Եվրոպական քաղաքականության և հասարակության, Տեսական քիմիայի և համակարգչային մոդելավորման, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիական ուսումնասիրությունների, Վերլուծական քիմիայի, Ներկառուցված հաշվողական համակարգերի, Անցումային, նորարարական և կայունության միջավայրերի, Աշխատանքային, կազմակերպական և անձնակազմի հոգեբանության, Միջազգային հումանիտար գործողությունների, Գլոբալ անվտանգության, խաղաղության և զարգացման միջազգային իրավունքի, Հանրային քաղաքականության, Ժամանակակից գերմանական և ֆրանսիական փիլիսոփայության, բարձրագույն կրթության ոլորտում հետազոտությունների և նորարարությունների, Մարդու իրավունքների քաղաքականության և պրակտիկայի, Անիմացիայի և Հնագիտական նյութագիտության դասընթացներ:

Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերը առնվազն երկու եվրոպական համալսարանների կոնսորցիումի կողմից մշակված եզակի մագիստրոսական դասընթացներ են, որոնք տրամադրում են ուսումնական ծրագրի, ճանապարհորդության, ապահովագրության, վիզայի աջակցության ծախսերն ամբողջությամբ փոխհատուցող դրամաշնորհներ, ինչպես նաև ամսական 1,000 եվրոյի չափով կրթաթոշակ: Իրենց հիմնական ուսումնական ծրագրերից զատ, ուսանողները մասնակցելու են լեզվի դասընթացների, ծանոթանալու են իրենց գտնվելու երկրներին, ինչպես նաև ամբողջ աշխարհից իրենց դասընկերների հետ բացահայտելու և վայելելու են այն:

Եվրատոմի հետազոտությունների և ուսուցման ծրագիրը կստանա 300 միլիոն եվրո` ջերմամիջուկային սինթեզի հետազոտության, միջուկային անվտանգության ու ճառագայթային պաշտպանության բարելավման, ինչպես նաև ուսուցման համար

Հուլիսի 2-ին Եվրոպական հանձնաժողովն ընդունեց Եվրատոմի 2021-2022 թթ. աշխատանքային ծրագիրը, որն իրականացնում է Եվրատոմի հետազոտությունների և ուսուցման 2021-2025 թթ. ծրագիրը: Աշխատանքային ծրագրում սահմանված են այն նպատակներն ու հատուկ թեմատիկ ոլորտները, որոնց ուղղությամբ կհատկացվի 300 միլիոն եվրո:

Այս ներդրումները կաջակցեն ջերմամիջուկային սինթեզի հետազոտություններին և կօգնեն խթանել առաջընթացը մի շարք ոլորտներում՝ միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության շարունակական բարելավումից մինչև միջուկային տեխնոլոգիաների ոչ էներգետիկ կիրառումների ակտիվացում: Աշխատանքային ծրագիրը նպաստում է տեխնոլոգիական առաջնորդության շարունակական զարգացման և միջուկային հետազոտությունների և նորարարությունների ոլորտում գերազանցության խթանման ուղղությամբ ԵՄ ջանքերին:

«Եվրատոմի 2021-2025 թթ. հետազոտությունների և ուսուցման ծրագրի» բյուջեն կազմում է ավելի քան 1,38 միլիարդ եվրո՝ լրացնելով մեկ այլ եվրոպական շրջանակային ծրագրին՝ «Հորիզոն Եվրոպային»: Այն կնպաստի ջերմամիջուկային սինթեզի և տրոհման հետազոտություններին, կաջակցի Քաղցկեղի դեմ պայքարի եվրոպական պլանին և կամրապնդի միջուկային ոլորտում Եվրոպայի փորձագիտական կարողություններն ու կոմպետենցիաները: Ծրագիրը շեշտը դնում է նաև միջուկային ոլորտում Եվրոպայի փորձագիտական կարողությունների ու կոմպետենցիաների վրա՝ շարժունակության, կրթության և ուսուցման, ինչպես նաև տարածման և տեխնոլոգիաների փոխանցման միջոցով: Միջուկային գիտնականներն այլևս իրավունք ունեն մասնակցելու Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողության մրցույթներին՝ «Հորիզոն Եվրոպա»-ի ներքո դոկտորական կրթաթոշակներ ստանալու համար:

Radio NOR · Եվրամիությունն ամրապնդում է Վրաստանի կիբերանվտանգությունը՝