Վրաստանի արձագանքը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման մասին

Վրաստանի արձագանքը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման մասին

Վրաստանն արձագանել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, որտեղ ռուսական կողմը խոսում է Վրաստանի հետ հարաբերությունների վերականգնման պատրաստակամության մասին։

Twitter-ում հրապարակված համառոտ հայտարարության մեջ նախ Սաակաշվիլիի իշխանությունը բնութագրվում է որպես «հանցավոր ռեժիմ», ապա Մոսկվան հայտնում է պատրաստակամություն` հարաբերությունների վերականգնման համար, և ըստ նրանց` «Թբիլիսիում ողջամտությունը կհաղթի»:

Հատկանշական է, որ գրառմանը կից հրապարակված քարտեզը չի ներառում Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներ Աբխազիան ու Օսիան։

Ռուսաստանի այս հայտարարությունից հետո Վրաստանի իշխանությունն ու արտաքին գերատեսչությունը անդրադարձան թեմային: Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը չի պատրաստվում բանակցություններ վարել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ, սակայն երկիրը պատրաստ է քննարկել փոխգործակցությունը տնտեսական և հումանիտար հարցերում։ Պատճառը` Մոսկվայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումն է։

«Մենք ունենք հստակ որոշված քաղաքականություն այդ հարցերի հետ կապված։ Կան կարմիր գծեր, որոնք կապված են ապաբռնազավթման և Արևմուտքի հետ մեր ինտեգրման հետ։ Այդ կարմիր գծերի շրջանակներում կարելի է ամեն ինչ քննարկել, բայց մենք չենք կարող խոսել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին»,- նշել է Կոբախիձեն։

Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը անդրադարձել է նաև Վրաստանի ԱԳ նախարարությունը: Հայտարարության մեջ նշվում է, որ Վրաստանի դեմ Ռուսաստանի լայնածավալ ռազմական ագրեսիայի 13-րդ տարելիցից մի քանի օր առաջ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը փորձել է սարքել հերթական ապատեղեկատվական և քարոզչական պատմությունը «նոր իրականության» և 2008 թվականի օգոստոսյան պատերազմի մասին:

Ըստ Վրաստանի ԱԳՆ -ի, զուգահեռ իրականություն գոյություն չունի, միջազգային հանրությունը և միջազգային իրավունքը միասնական են Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների, օկուպացիայի գործընթացի եւ դե ֆակտո անեքսիայի դեմ:

«Այս տարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2008 թվականի օգոստոսյան պատերազմը անվանել է իր անունով և որոշել, որ Ռուսաստանի Դաշնությունը, որպես օկուպացիոն ուժ և արդյունավետ վերահսկող պետություն, անմիջական պատասխանատվություն է կրում պատերազմի ընթացքում և հետօկուպացիոն ժամանակաշրջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար: Ստրասբուրգի դատարանը մեղադրել է Ռուսաստանի Դաշնությանը էթնիկ զտումներ իրականացնելու մեջ և ընդգծել է Մոսկվայի կողմից 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի համաձայնագրի չկատարումը»,- ասվում է հայտարարությունում:

Արտաքին գերատեսչության հայտարարությամբ՝ Գեորգիևսկու պայմանագրի հոբելյանական ամսաթվի կապակցությամբ Ռուսաստանի ԱԳՆ-ի կողմից սոցիալական ցանցերում հրապարակված մեկնաբանությունը ցինիկ է և բոլորովին անընդունելի, քանի որ Ռուսաստանը, խախտելով այս պայմանագիրը, սկսել է բռնակցել վրացական տարածքները՝ գրավելով հողեր Հարավային Կովկասում, և ցավալի է, որ դարեր անց Ռուսաստանի նպատակը կրկին այլոց տարածքների բռնագրավումն է:

«Եթե որևէ բան հակասում է Վրաստանի և Ռուսաստանի բարիդրացիական հավասար և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններին, դա Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունն է, վրացական տարածքների անօրինական օկուպացիան, մեր երկրի տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված պետական ​​սահմանների խախտումը: Հետևաբար, Վրաստանի և Ռուսաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների ապագան կախված է Վրաստանի տարածքների ապաբռնազավթման և միջազգայնորեն ճանաչված սահմաններում մեր երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ Ռուսաստանի հարգանքից»,- ասված է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:


2008 թվականից Վրաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ վերջինիս կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման պատճառով։ Դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո 2009 թվականի մարտից Թբիլիսիում տեղակայված Շվեյցարիայի դեսպանատանը գործում է ՌԴ շահերի բաժին, որտեղ աշխատում են ռուս դիվանագետներ և տեխնիկական անձնակազմ։ Վրացական շահերի բաժինը նույն սկզբունքով գործում է Մոսկվայում Շվեյցարիայի դեսպանատանը։aliq.ge