Ռուս զբոսաշրջիկն ու Եֆրեմովկայի դուխաբորները

Ռուս զբոսաշրջիկն ու Եֆրեմովկայի դուխաբորները

Եթե ցանկություն և հետաքրքրություն ունես զբոսաշրջության հանդեպ, ապա ճանապարհները ուր ասես կտանեն։ Այդպիսին է ՌԴ մայրաքաղաքի՝ Մոսկվայի բնակիչ, մասնագիտությամբ ծրագրավորող՝ Ռոման Ուստինովը։

Ռոման Ուստինով

Ինչպես ինքն է ասում՝ Մոսկվայում քիչ է լինում, տարվա մեծ մասը շրջագայությունների մեջ է։ Եղել է շատ երկրներ։ Վրաստանում շատ է եղել։ Ժդանովականում դեռևս տարիներ առաջ հասցրել է ծանոթանալ Պետրոս Սիմոնյանի և նրա ընտանիքի հետ։ Այս անգամ էլ եկել էր այցելության, սակայն, Պետրոս Սիմոնյանի շիրիմին։

34-ամյա Ռոմանը իմանալով, որ Նինոծմինդայի շրջանում ապրում են նաև դուխաբորներ, ցանկություն էր հայտնել այցելել նրանց։ Պետրոսի որդու՝ Գրիգորի խորհրդով այցելեց Եֆրեմովկա գյուղ, որտեղ նրան մի քանի ժամով հյուրընկալեցին Վոլոդյա Սուխարոկովը և Վոլոդյա Ուգլովը։ Տպավորությունը այնպիսին էր, թե Ռոմանը մի կտորն էր նրանց նախնիների ծննդավայրից։

Ռոմանը Վոլոդյա Սուխարոկովի տանը

Սուխարոկովները անմիջապես սեղան գցեցին և ջերմ մթնոլորտում ծնվում էին նույնքան ջերմ էմոցիաներ և տարբեր հարցեր։ Ռոմանին հետաքրքիր էր, թե ինչով են այստեղ զբաղվում նրանք, որքանով են պահպանվել ավանդույթները և այլ շատ տարբեր հարցեր։ Իսկ հարցերի պատասխանը հետևյալն էր.

«Զբաղվում ենք գյուղատնտեսությամբ, ավանդույթները պահպանում ենք, չնայած ժամանակի ազդեցությանը»։

Ռոմանը, Վոլոդյա Սուխարոկովը, Գրիգոր Սիմոնյանը

Զրույցը երկար էր, բայց ժամանակը կարճ, Ռոմանը պետք է գնար։ Հաջորդ կայարանը Գորին էր, պետք է ավտոստոպով հասներ այնտեղ։ Ընկերները սպասում էին։ Նրանց հետ պետք է մեկներ Թուրքիա ու բարձրանար Արարատ լեռան գագաթ։

«Արագած լեռան գագաթը բարձրացել եմ և հիմա պետք է բարձրանամ Արարատ լեռան գագաթը,֊ ասում է Ռոմանը»։

Սուխարոկովների բնակարանից դուրս գալուն պես Ուգլովն է հրավիրում իր տուն:

Ռոմանի մուտքը Վոլոդյա Ուգլովի բնակարան

«Մինչև 50 գրամ չխմենք, բարի ճանապարհ չմաղթենք չես գնա», – ասում է Ուգլովը։

Ուգլովը վերցնում է բաժակը ու ասում.

«Իմացած եղիր, որ դու այստեղ ունես ընկերներ, մենք միշտ այստեղ ենք»։

Վոլոդյա Ուգլովը, նրա տիկնոջ հայրիկը և Ռոմանը

Այստեղ էլ Ռոմանը ականատես եղավ ջերմ ընդունելության, բացի այդ մի փոքր էլ զբոսնեց Ուգլովների հողատարածքում։

Վոլոդյա Ուգլովի հողատարածքում

Հրաժեշտի պահն էր, փոխանակեցին կոնտակտները և Ռոմանը ասաց.

«Ես չեմ ասում ցտեսություն, այլ միշտ ասում եմ մինչ նոր հանդիպում»:

Ռոմանը հարցեր է ուղղում Վոլոդյա Ուգլովին՝ ապրելակերպի մասին

Այս ամենից հետո Ռոմանը NOR ռադիոկայանի հետ կիսվեց իր տպավորություններով.

«Չեմ ուզում սովորական բառերով նկարագրեմ իմ տպավորությունները, որովհետև կարելի է մի ամբողջ գիրք գրել նրանց մասին, որովհետև այդ մարդիկ ունեն խորը պատմություն, որը անհասկանալի է սովորական ռուս մարդու համար։ Եւ թե ինչպես են ռուսները դիմավորում ինձ այստեղ սարերում, բացառվում է, ռուսաստանում ռուսները այդպես չեն դիմավորում։ Մարդիկ բացում են դռները քո առջև, սեղան են գցում ու դառնում քո լավ ընկերը։ Ես ցանկանում եմ, որ Վրաստանի քաղաքացիները և դուխաբորները որոնք նույնպես Վրաստանի քաղաքացիներ են իրար լավ նայեն»։

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Ռուս զբոսաշրջիկի ու Եֆրեմովկայի դուխաբորների հանդիպումը. Ռոմանը պատմում է տպավորություննրի մասին

Ռոմանը Եֆրեմովկայում իմացավ, որ Գորելովկայում գործում է Դուխաբորների թանգարանը և այցելեց նաև այնտեղ, ծանոթացավ պատմությանը, մի փոքր զբոսնեց, լուսանկարվեց ու հեռացավ։

Գրիգոր Սիմոնյանն ու Ռոման Ուստինովը Դուխաբորների թանգարանում. Գորելովկա

Գրիգորը մեքենայով նրան հասցրեց մինչև Նինոծմինդայից դուրս, այնտեղից հեշտ էր մեքենաներ կանգնեցնել ու գնալ։

Մենք ականատես եղանք թե ինչպես էր Ռոմանը հույսով լի ու ժպիտը դեմքին կանգնեցնում մեքենաները։ Առաջին երկուսը չկանգնեցին, երրորդն էլ կանգնեց, սակայն Նինոծմինդայից մինչև Դիլիֆ էր գնում։ Չնայած մի քանի կիլոմետր էր, Ռոմանը, այնուամենյանիվ նստեց ու գնաց, թեկուզ մինչև այնտեղ։

Ճանապարհը թեկուզ ընդհատումներով՝ միշտ էլ կհասցնի նպատակակետին:

Ռոմանը ժպիտով կանգնեցնում է մեքենաներին