Ի՞նչ է ասում սեյսմաբանը Ջավախքում տեղի ունեցող երկրաշարժերի մասին

Ի՞նչ է ասում սեյսմաբանը Ջավախքում տեղի ունեցող երկրաշարժերի մասին

Երեկ երեկոյան Ջավախքի օջախային գոտում կրկին բավականին ուժեղ երկրաշարժ գրանցվեց։ Նույն  օջախային գոտում տարեկան տասնյակ թույլ և համեմատաբար ուժեղ ցնցումներ են գրանցվում։

Որոնք են այս տարածաշրջանում սեյսմիկ ակտիվության պատճառները և արդյոք թույլ ցնցումները ուժեղ երկրաշարժի նախանշան են, մասնագիտական կարծիք է ներկայացրել ՀՀ Սեյսմիկ ծառայության Հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի փորձագետ, երկրաֆիզիկոս Սերգեյ Նազարեթյանը։

«Սովորական երևույթ է, որովհետև այդ երկրաշարժը տեղի է ունեցել հայտնի Ջավախքի օջախային գոտու արևելյան մասում, որն այս տարի մի քիչ շատ է ակտիվացել։ Ընդհանրապես, Ջավախքի գոտու կառուցվածքն այնպիսին է, որ այստեղ տեղի են ունենում բազմաթիվ թույլ ցնցումներ և միջին ուժի ցնցումներ։ Բարեբախտաբար, ուժեղ ցնցումները շատ քիչ են և համարվում է Կովկասի ամենաակտիվ երկրաշարժերի տարածքը»,- shantnews-ին ասել է Սեյսմիկ ծառայության Հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի փորձագետ Սերգեյ Նազարեթյանը։

Սեյսմիկ ծառայության Հյուսիսային տարածաշրջանային կենտրոնում ամեն ամսվա, եռամսյակի և տարեկան կտրվածքով երկրաշարժերի էպիկենտրոնային քարտեզներ են կազմում, որտեղ նշումներ են կատարում, թե որ էպիկենտրոնային գոտում քանի երկրաշարժ է գրանցվել։ Նշումները կատարում են կետերի տեսքով, ինչքան կետերը շատ են, այդքան երկրաշարժերի թիվը մեծ է։ Ընթացիկ տարում կազմված էպիկենտրոնային քարտեզի վրա ամենաշատ կետերը հյուսիսային հատվածում են՝ սեյսմակտիվությամբ հայտնի Ջավախքի օջախային գոտում։

Էպիկենտրոնում երկրաշարժն ունեցել է 5 բալ ուժգնություն։ Ցնցումն ուղեկցվել է նաև ձայնով։

Ջավախքի օջախային գոտում հաճախակի տեղի ունեցող ցնցումներն ուժեղ երկրաշարժի նախանշան չեն։ Սեյսմաբան Սերգեյ Նազարեթյանը նշում է՝ անհանգստանալու կարիք կա այն դեպքերում, երբ նոր օջախային գոտի է հայտնվում կամ վաղուց չակտիվացած օջախում նոր ցնցում է գրանցվում, իսկ Ջավախքի գոտին ակտիվ է տասնյակ տարիներ շարունակ, այսինքն՝ անոմալ երևույթներ չկան։

« Ջավախքի և Սպիտակի օջախային գոտիների հետ կապված անհանգստանալ պետք չէ, որովհետև Սպիտակում հետցնցումներ են, սովորական գործընթաց է, որը պետք է տեղի ունենա երկար ժամանակ, տասնյակ տարիներ, իսկ Ջավախքը շատ ակտիվ գոտի է, իր բնական գործընթացն է։ Սեյսմակտիվ շինարարության մեջ մեկ հայտնի կետ՝ օրենք կա, որ 6 բալից սկսած շենքները սկսում են վնասվել, թույլ ցնցումների ժամանակ չեն վնասվում»,- ասել է Սերգեյ Նազարեթյանը։