Հայաստանը դիմում է Ռուսաստանին՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Փոխանցում է Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայությունը։
ԱԽ քարտուղարը տեղեկացրեց՝ այսօր ժամը 13։00-ի դրությամբ ադրբեջանական զինված ուժերը ռազմական գործողություններ են սկսել Հայաստանի սահմանի արևելյան ուղղությամբ և փորձել են սրել իրադրությունն՝ ամբողջ սահմանի երկայնքով։ Նրա խոսքով՝ մարտական գործողություններն այս պահին շարունակվում են, Պաշտպանության նախարարությունը քայլեր է ձեռնարկում՝ իրավիճակը կայունացնելու նպատակով։
«Քանի որ հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում են Ռուսաստանի Դաշնությանը, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակներում, Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով, և համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտականություններն իրագործելու տրամաբանության շրջանակներում», – հայտարարեց Գրիգորյանը։
Դիմումը բանավոր է, բայց լինելու է նաև գրավոր ընթացակարգ։ «Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանն օգնություն կտրամադրի, և Հայաստանը հնարավորություն կունենա վերականգնել տարածքային ամբողջականությունը», – ասաց ԱԽ քարտուղարը։