ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին մի շարք միջադեպերից հետո ստեղծված իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։
ՆիկոլՓաշինյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերի գործողությունները ոչ այլ ինչ են, քան ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Ստեղծված իրավիճակում վարչապետը հույժ կարևորել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը:
Վերահաստատվել է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների նկատմամբ հայկական կողմի հավատարմությունը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։