Ժդանովականի հանրային դպրոցում նշվեց «Ա ա» հնչյուն-տառի ծնունդը

Ժդանովականի հանրային դպրոցում նշվեց «Ա ա» հնչյուն-տառի ծնունդը

Նոյեմբերի 24-ին Նինոծմինդայի շրջանի Ժդանովական գյուղի հանրային դպրոցի առաջին դասարանի 11 աշակերտները (4 աղջիկ, 7 տղա) իրենց ուսուցչուհի Անահիտ Մարկոսյանի ուղեկցությամբ նշեցին «Ա ա» հնչյուն-տառի ծնունդը։

Բաց դասի ընթացքում ուսուցչուհին աշակերտների ձեռքը բռնած փորձել են միասին գրել «Ա ա» տառը։

Բաց դասի ընթացքում աշակերտները «Ա ա» տառով սկսվող բառերով պատմություններ են հորինել արջի, աղվեսի առյուծի մասին։ Բացի այդ, ներկայացրել են թե ինչ է տառը, ինչ է հնչյունը։

Դասարանում տեղադրված է եղել Մեսրոպ Մաշտոցի մեծադիր նկարը։ Աշակերտները ներկայացրել են Մաշտոցի մասին։ Պրոեկտորով ցուցադրվել է նաև Մաշտոցի տառապանքով անցած ուղին։

Միջոցառման ընթացքում առաջին դասարանցիները երգել են, պարել, ասմունքել։

Նշենք, որ այս առաջին դասարանցիները յոթերորդ սերունդն են, որոնց Անահիտ Մարկոսյանը դարձնում է տառաճանաչ։ Ուսուցչին բնորոշ խոնարհ հայացքով ու քնքուշ ձեռքերով նա դպրոցական գրատախտակին իրար ետևից շարում է տառերը՝ ճերմակ մարգարիտների նման։ Այդ թանկարժեք մարգարիտներն են, որ հետագայում հատիկ-հատիկ կթափվեն աշակերտների կրթության ճանապարհին։