Քննարկվում է հասարակական տրանսպորտում «կանաչ անձնագրերի» կիրառումը

Քննարկվում է հասարակական տրանսպորտում «կանաչ անձնագրերի» կիրառումը

Վրաստանի կառավարությունը քննարկում է հասարակական տրանսպորտում «կանաչ անձնագրեր» համակարգից օգտվելու պայմանները։ Այս մասին Առաջին ալիքին տված հարցազրույցում ասել է Վրաստանի առողջապահության նախարարության ղեկավար Էկատերինա Տիկարաձեն։

«Կովիդ անձնագիր» կամ «կանաչ անձնագիր» էլեկտրոնային փաստաթուղթ է, որում մուտքագրվում են քաղաքացու կորոնավիրուսային կարգավիճակի վերաբերյալ տվյալները։ Դեկտեմբերի 1-ից Վրաստանում առանց նման անցագրի չի կարելի այցելել սննդի օբյեկտներ, ժամանցի կենտրոններ, կինոթատրոններ, թատրոններ, թանգարաններ, համերգասրահներ, խաղատներ, սպա, հյուրանոցներ, մարզասրահներ, ձմեռային հանգստավայրեր և ճոպանուղիներ։

«Մենք ինտենսիվ խորհրդակցում ենք այն մասին, թե ինչպես կարելի է կանաչ անձնագրերը օգտագործել տրանսպորտում՝ դրանք ավելի կառավարելի դարձնելու համար: Միայն դրանից հետո մենք կձևակերպենք, թե ինչ առաջարկություններ կտանք և ապագայում ինչպիսի կանոններ կլինեն տրանսպորտի հետ կապված»,- ասել է Տիկարաձեն։

Միևնույն ժամանակ նա մատնանշել է, որ այն հաստատությունների ցանկը, որտեղ այսօր գործում է Covid Pass-ը, «պատահական չէ»։

«Կարևոր է աստիճանաբար վերահսկել COVID-19-ի կանոնակարգերը, վերահսկել գործադիր մեխանիզմները և միայն դրանից հետո աստիճանաբար դրանք տեղափոխել այլ ոլորտներ։

Ինչ վերաբերում է տրանսպորտին, ապա ես համաձայն եմ, որ տրանսպորտը որոշակի ռիսկեր է պարունակում, բայց պետք է նաև նշել, որ կանոնակարգերը չեն կարող լինել հենց այնպես, կարևոր է, որ յուրաքանչյուր կարգավորում իրագործելի լինի»,- ասել է Առողջապահության նախարարության ղեկավարը։

Քաղաքացին «կանաչ» կամ անվտանգ կարգավիճակ կարող է ստանալ պատվաստումների ամբողջական կուրսից կամ փոխանցված կորոնավիրուսի մասին փաստաթուղթ ներկայացնելուց հետո։ Նաև կանաչ անձնագիր կարելի է ստանալ ժամանակավորապես՝ PCR թեստի բացասական պատասխանից հետո 72 ժամվա ընթացքում, ինչպես նաև էքսպրես թեստ անցնելու դեպքում՝ մեկ օրվա ընթացքում։