Այսօր՝ դեկտեմբերի 23-ին Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ օնլայն ներկայացում։ Ժողովրդական թատրոնի դերասանական անձնակազմը բեմ էր հանել Հովհաննես Թումանյանի «Տերն ու ծառան», «Բարեկենդանը» և «Սուտասանը» հեքիաթները։
Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված ներկայացումը նկարահանվեց և մոտ օրերս կցուցադրվի Փարվանա հեռուստատեսությամբ։
Nor ռադիոկայանի հետ զրույցում Մշակույթի կենտրոնի Ժողովրդական թատրոնի ռեժիսոր-դերասան Արկադի Սիմոնյանը ասաց.
«Օնլայն տարբերակով որքան էլ որ դերասանը լավ խաղա ու ներկայացումը հաջողված լինի միևնույնն է դա ես թատրոն չեմ կարող համարել։ Թատրոնը պիտի լինի հանդիսատեսի ներկայությամբ, որ նրանց ծափերով հասկանաս, արդյո՞ք այն ընդունվեց, թե՞ ոչ, թեկուզ մի հոգի լինի դահլիճում նստած։ Ինչ վերաբերվում է օնլայն խաղին, ես միշտ ասել եմ, որ մեր դերասանական անձնակազմը չունենալով դերասանական կրթություն խաղում են հնարավորության սահմաններում, երբեմն գերազանցելով այդ սահմանները»։
Մշակույթի կենտրոնի տնօրեն Գայ Ղարսլյանը ներկայացման մեջ խաղալու համար հրավիրել էր Դավիդ Չոբանյանին, ով խաղալով սիրողական ոճում, հավուր պատշաճի ներկայացրեց իրեն բաժին հասած դերը։
Ներկայացման մեջ նորեկ էր նաև Մշակույթի կենտրոնի պարուսույց Ֆիալա Բաբոյանը ով ներկայացնում էր թագուհու կերպար՝ «Սուտասանը» հեքիաթում։
Ռեժիսորը մեզ հետ զրույցում նաև հայտնեց, որ իր նախընտրած ներկայացումները դրանք կոմեդիաներն են և հետևաբար հաջորդ տարվա բեմադրությունները կլինեն նաև կոմեդիաներ։