2022 թվականի ամռանը կարգավիճակը բարձրացնել ցանկացող ուսուցիչների համար կանցկացվի առարկայական և մասնագիտական հմտությունների թեստ։ Այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը։
Ինչպես պարզաբանում են նախարարությունից, ուսուցիչների համար կարգավիճակի բարձրացումը պարտադիր չէ և ծառայում է միայն ուսուցիչների մասնագիտական առաջխաղացմանը, որն ուղղակիորեն կազդի նրանց վարձատրության վրա։
Հատկանշական է, որ մասնագիտական հմտությունների թեստը հանձնելու հնարավորություն կտրվի այն ուսուցիչներին, ովքեր ավագ ուսուցչի կոչում ստանալու համար հաղթահարել են 50% շեմը՝ ավագ ուսուցչի կարգավիճակ ստանալու համար կամ ավագի կոչում են ստացել՝ դոկտորի գիտական աստիճանի հիման վրա։
Իսկ այն ուսուցիչները, ովքեր չեն հաղթահարել 50% շեմը, իրենց կարգավիճակը բարելավելու համար պետք է հաղթահարեն առարկայի 60%+1 շեմը՝ մասնագիտական հմտությունների թեստը հանձնելու համար։
Կարիերայի առաջխաղացման համար առարկայի և մասնագիտական հմտությունների քննությունները հաջող հանձնելուց հետո ուսուցիչները պետք է գնահատվեն նաև գործնական բաղադրիչով, որը ներառում է ուսուցչի պորտֆոլիոյի ուսումնասիրությունը և ուսուցչի անմիջական աշխատանքի գնահատումը դպրոցում՝ ներառյալ հարցազրույցներ, դասապրոցեսի դիտարկում և այլն։
Ուսուցչի կարգավիճակի բարձրացման քննություններն իրականացնում է Վրաստանի Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը։ Հատկանշական է, որ կենտրոնը 2022 թվականին առաջին անգամ կանցկացնի մասնագիտական հմտությունների թեստ առաջատար և մենթոր ուսուցիչների համար։
«Արդեն մշակվել են քննական ծրագրեր՝ ուսուցիչների մասնագիտական չափորոշիչին համապատասխան, որոնք տեղադրված են Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի պաշտոնական կայքում»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք նաև, որ թեստերի մասին մանրամասն տեղեկատվությունը փուլ առ փուլ կհրապարակվի Գնահատման և քննությունների կայքում:1tv .ge