Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն չի ողջունում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման պատճառով լրացուցիչ սահմանափակումների ներդրումը, սակայն հանդես է գալիս գործող կանոնների կատարման նկատմամբ վերահսկողության ուժեղացման օգտին։
Վրաստանում դիմակ կրելը պարտադիր է ինչպես փակ վայրերում, այնպես էլ փողոցում, սակայն քչերն են հետևում այդ կանոններին։ Ռեստորաններ, թատրոններ, թանգարաններ, ֆիթնես կենտրոններ և այլ հաստատություններ կարելի է այցելել միայն «կանաչ անձնագրերով»։ QR կոդերը ստացվում են պատվաստված, հիվանդ կամ բացասական թեստով:
«Այստեղ կա և՛ իշխանության, և՛ բնակչության մեղքը, դիմակ կրելը, բնակչության պատասխանատվությունը և երկրի ղեկավարության վերահսկողության թույլ կետն է, շատ թույլ կետ, եթե այս երկու հարցերը շտկվեն, կամ գոնե կիսով չափ շտկվեն, ապա ես ձեզ երաշխիք եմ տալիս, որ մենք կկարողանանք ավելի լավ հաղթահարել «Օմիկրոնի» մարտահրավերը, քան մյուս երկրները»,- ասել է Ցերցվաձեն PalitraNews հեռուստաալիքի եթերում։
Ինչպես դրսում, այնպես էլ ներսում դիմակներ կրելու մակարդակը կազմում է ընդամենը 28%, դեկտեմբերին ասել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։
Ցածր է նաև պատվաստումների մակարդակը՝ չափահաս բնակչության 41,3%-ը պատվաստվել է երկու չափաբաժինով։ Ցերցվաձեի խոսքով՝ կառավարությունն արեց հնարավոր ամեն ինչ, բայց անհրաժեշտ էր անել անհնարինը։ Մասնավորապես՝ գտնել նորարարական մոտեցումներ և համոզել թերահավատ քաղաքացիներին պատվաստումների անհրաժեշտության մեջ։