EU4Youth-ը գործարկում է իր ուսումնական կենտրոնը Վրաստանում

EU4Youth-ը գործարկում է իր ուսումնական կենտրոնը Վրաստանում

2022 թվականի հունվարի 24-ին պաշտոնապես իր դռները բացեց «Գարիսելի» ուսումնական կենտրոնը։ Այս սոցիալական ձեռնարկությունը EU4Youth-ի «Սոցիալական ձեռներեցությունը Հայաստանում և Վրաստանում» (SEAG) ծրագրի հաղթողներից է, իսկ դրա բացման արարողությունը բազմամարդ էր (COVID-19-ին առնչվող բոլոր պետական կանոնակարգերը պահպանվել են): Ի թիվս այլոց, հյուրերի թվում էին Թեթրի Ծղարոյի ներկայիս և նախկին քաղաքապետերը, ավագանու խորհրդի նախագահը և Վրաստանում ԵՄ պատվիրակության, Վրաստանի բիզնես խորհրդատվական կազմակերպությունների ասոցիացիայի (ABCO) ու Թեթրի Ծղարոյի ռեսուրսների կենտրոնի ներկայացուցիչները:

ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Նինո Սամվելիձեն նշեց, որ ուրախ է աջակցել ձեռնարկությանը, քանի որ այն «պետք է Թեթրի Ծղարոյի ու նրա մերծակայքի երիտասարդներին և ընդհանուր բնակչությանը թույլ տա օգտագործել իրենց ներուժն ու իրականացնել իրենց գաղափարները»: Նա նաև հույս հայտնեց, որ այն «բազմապատկիչ ազդեցություն» կունենա ողջ տարածաշրջանում:

SEAG ծրագրի տնօրեն Գիգա Սարուխանիշվիլին նշեց, թե որքան կարևոր նշանակություն ունի «Գարիսելի»-ն համայնքի համար, քանի որ այն թույլ կտա «երիտասարդներին, հատկապես էթնիկ փոքրամասնություններին և խոցելի խմբերին, ստանալ ոչ ֆորմալ կրթություն և արժանապատվորեն ինքնադրսևորվել հասարակության մեջ»: Նա շեշտեց, որ «նախագիծը հնարավոր է դարձել Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է մեր երկրին ԵՄ աջակցության կարևորությունը»:

Ուսումնական կենտրոնը բաց է բոլոր երիտասարդների համար։ Որևէ տեսակի հայտ լրացնելու կարիք չկա. միակ բանը, որ հարկավոր է անել, այնտեղ քայլելն է: Հիմնական ուշադրությունը կենտրոնացվում է Թեթրի Ծղարոյի երիտասարդության հմտությունները զարգացնելու վրա՝ նրանց առաջարկելով ուսումնական և կրթական դասընթացներ: Սա կբարելավի երիտասարդների (հատկապես էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների), ոչ ֆորմալ կրթության, ինչպես նաև աշխատանքի անցնելու կամ երրորդ մակարդակի կրթության պատրաստության մակարդակը: Վրաստանում բուհական ընդունելությունը ուսանողներից պահանջում է քննությունների հանձնում, որոնք խիստ տարբեր են դպրոցական քննություններից, ուստի կենտրոնը դիմորդների համար անցկացնում է հատուկ դասընթաց: Ստեղծվել են նաև օտարալեզու խմբեր, որոնք ղեկավարում են պատշաճ որակավորում ունեցող ուսուցիչներ:

Թեթրի Ծղարոյի համայնքապետարանն իր առաջին քայլերն է անում զբոսաշրջության ոլորտում, իսկ սա այն ոլորտն է, որը կարող է մեծ փոփոխությունների հանգեցնել: Այդ գործում «Գարիսելի»-ն ևս կարող է օգտակար գտնվել: Այստեղ գործում է զբոսաշրջային տեղեկատվական անկյուն՝ քաղաքի, նրա շրջակայքի և տարածաշրջանի մշակութային ժառանգության մասին բազմաթիվ նյութերով: Հասանելի են նաև զբոսավարի, ինչպես նաև էքսկուրսիաների ու զբոսաշրջային երթուղիների պլանավորման խորհրդատվական ծառայություններ (ինչպես առցանց, այնպես էլ կենտրոնում):

Բայց, թերևս, վերջին խոսքի իրավունքը «Գարիսելի»-ի հիմնադիր Նինո Տիկուրիշվիլիինն է, ում նվիրվածությունն առ իր համայնքը և այն ամրապնդելու ու զարգացնելու ձգտումը ընկած են այս կրթական կենտրոնի հիմքում: «Ոչ ֆորմալ կրթության հասանելիությունը հատկապես կարևոր է էթնիկ բազմազանություն ունեցող համայնքների համար, քանի որ յուրաքանչյուր ոք ունի իր ներուժը զարգացնելու և իրացնելու հնարավորություն՝ անկախ ծագումից կամ դավանանքից», – ասում է նա:

Այս սոցիալական ձեռնարկությունը ստեղծվել է EU4Youth-ի SEAG ծրագրի շրջանակներում, որը Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ շրջաններում սոցիալական ձեռներեցության զարգացման միջոցով նպաստում է երիտասարդների զբաղվածությանը և սոցիալական փոփոխություններին: Ծրագիրն աջակցում է սոցիալական ձեռներեցության ոլորտում Հայաստանի և Վրաստանի երիտասարդների ձեռնարկատիրական ներուժի զարգացմանը, հատկապես՝ սոցիալական համախմբվածությանը, զբաղվածությանը, ներառականությանը և անհավասարությունների նվազեցմանը նպաստելու նկատառումով:

Վրաստանը սկսում է խխունջների արտահանումը եվրոպական շուկա

Վրաստանը սկսել է խխունջների արտահանումը եվրոպական շուկա։ Եվրոպական հանձնաժողովը Վրաստանին ներառել է հաստատված երկրների ցանկում դեռևս 2021 թվականի դեկտեմբերին։

Վրաստանի ու ԵՄ-ի միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի (ԽՀԱԱՀ) շրջանակներում ընդունված այս որոշումը Վրաստանին թույլ է տալիս ի թիվս այլ պարենային ապրանքների նաև խխունջներ ու գորտի ոտքեր արտահանել Եվրոպական միություն։

Ներկայում խխունջները հավաքվում են Վրաստանի մոտ 50 տնտեսություններում, որոնք ապահովված են խխունջարտադրության համար իդեալական եղանակային պայմաններով:

Ըստ Վրաստանում ԵՄ պատվիրակության մամուլի հաղորդագրության՝ խխունջի արտադրությունը գրավիչ շուկա է բարձր պահանջարկի, պահանջվող ցածր ներդրման և բարձր եկամտաբերության պատճառով: «Վրացի ֆերմերները կարող են գործունեություն սկսել կես հեկտար հողատարածքից և եվրոպական շուկայում մեկ կիլոգրամ արտադրանքը վաճառել ավելի քան 10 վրացական լարիով»:

Գործարկվել է էներգետիկ աղքատության վերացման արագացման նոր կենտրոն

Էներգետիկ համայնքի քարտուղարությունը հիմնադրել է նոր կենտրոն՝ Էներգետիկ համայնքի պայմանավորվող կողմ (ECCP) երկրներում (ներառյալ Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան) էներգետիկ աղքատության հաղթահարման նպատակով:

էներգետիկ աղքատության հաղթահարման կենտրոնը կհավաքի տվյալներ և տեղեկատվություն ECCP երկրներում էներգետիկ աղքատության պատճառների և ազդեցության վերաբերյալ և կնպաստի համապատասխան քաղաքականության ու միջոցառումների մշակմանը: Այն նաև կամրապնդի էներգետիկ ոլորտի շահագրգիռ կողմերի միջև համագործակցությունը, ներառյալ պետական իշխանությունների, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչները:

«Մեր պայմանավորվող կողմերն ունեն էներգետիկ աղքատության ամենաբարձր ցուցանիշներն ամբողջ Եվրոպայում։ COVID-19 համավարակը և էներգակիրների գների արագ աճը ավելի են սրել իրավիճակը», – նշել է Էներգետիկ համայնքի քարտուղարության տնօրեն Արթուր Լորկովսկին։

Կենտրոնի ստեղծումը 2021 թվականի դեկտեմբերին հրապարակված «էներգետիկ աղքատության հաղթահարումը ECCP երկրներում» ուսումնասիրության առաջարկությունների արդյունքն է:

Կրթության միջազգային օր. ԵՄ-ն կշարունակի աջակցել գործընկեր երկրներին իրենց կրթական համակարգերը վերափոխելու գործում

Եվրոպական հանձնաժողովը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, ԵՀ փոխնախագահ Ժոզեպ Բորելը հունվարի 24-ին նշվող Կրթության միջազգային օրվան ընդառաջ հրապարակված իրենց հայտարարության մեջ նշել են, որ կրթությունը կշարունակի աշխարհի այլ մասերի հետ ԵՄ-ի փոխգործակցության հիմնական ալիքը լինել:

Ինչ վերաբերում է գործընկեր երկրներին ցուցաբերվող աջակցությանը, Բորելը շեշտել է, որ ԵՄ հաստատությունները և ԵՄ անդամ երկրները՝ ի դեմս «Թիմ Եվրոպա» նախաձեռնության, կշարունակեն օգնել այս երկրներին վերափոխել իրենց կրթական համակարգերը և «վերացնել առկա թերություններն ու անհավասարությունները դասավանդման, վերապատրաստման և ուսուցման բոլոր մակարդակներում»: Նա հավելել է, որ «Եվրոպան գործընկեր կառավարությունների հետ հատկապես կաշխատի ուսուցիչների վերապատրաստման և կառավարման ուղղությամբ՝ որակյալ կրթական արդյունքներ ապահովելու նպատակով»:

Բորելը նաև հիշատակել է «Էրազմուս+» ծրագրի առավելությունները, որը նպաստում է ուսանողների, կրթական անձնակազմի, դասավանդողների և ուսնակների շարժունակությանը, ինչպես նաև ամրապնդում է բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանում կապերն ու փոխադարձ ուսուցումը. «Այս հնարավորությունները բաց են աշխարհում բոլոր մարդկանց համար: ԵՄ-ն նաև կաշխատի գործընկեր երկրների հետ՝ ամրապնդելու համագործակցությունը հետազոտությունների և նորարարության ոլորտում, օրինակ՝ «Հորիզոն Եվրոպա»-ի միջոցով»:

Փոխնախագահի խոսքով, «քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և կրթության ոլորտի գլոբալ շահագրգիռ կողմերի հետ գործընկերությունը առանցքային նշանակություն կունենա գլոբալ քաղաքացիության խթանման համար»:

ԵՄ հաստատությունները և անդամ երկրները միասին տրամադրում են կրթությանը բաժին հասնող համաշխարհային օգնության կեսից ավելին՝ աջակցելով կրթության ոլորտին աշխարհի ավելի քան 100 երկրներում:

EU4Digital-ը սկսում է eSignature-ի պիլոտային տարբերակի փորձարկման հերթական փուլը

«EU4Digital» ծրագիրը շարունակում է էլեկտրոնային ստորագրության (eSignature) պիլոտային տարբերակի փորձարկումը:

Ծրագիրը կստուգի անդրսահմանային էլեկտրոնային ստորագրության տեխնիկական փոխգործելիությունը Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և ԵՄ անդամ Էստոնիայի միջև ու նպատակ ունի շարունակել փորձարկումները Արևելյան գործընկերության այլ երկրների հետ: Ասվածը ներառում է էլեկտրոնային ստորագրության ստեղծման, ժամանակի դրոշմավորման, վավերացման և վկայագրի կարգավիճակի ստուգման բաղադրիչների ստուգման աշխատանքները:

Պիլոտային իրականացումը հիմնված կլինի Տեխնիկական հուշագրի վրա, որը նկարագրում է էլեկտրոնային ստորագրության պիլոտային գործունեության տեխնիկական ասպեկտները, փոխգործելիության մակարդակների տարբերակները և էլեկտրոնային ստորագրության միասնական ձևաչափը: Տեխնիկական հուշագիրը բանաձևելով և դրան աջակցելով՝ «EU4Digital» ծրագիրը նպատակ ունի թափ հաղորդել Արևելյան գործընկերության տարածաշրջանին՝ վստահության ծառայությունների անդրսահմանային փոխադարձ ճանաչմանը հասնելու գործում:

EU4Digital-ի էլեկտրոնային ստորագրության պիլոտային գործողությունները երկրներին թույլ կտան փորձարկել հղացքների նախնական տարբերակները և այդպիսով բարձրացնել թվային վստահության ծառայությունների փոխադարձ ճանաչման պատրաստությունը: Անդրսահմանային էլեկտրոնային ստորագրությունը թվային միասնական շուկան դեպի Արևելյան հարևանություն ընդլայնելու հիմնական հնարավորություններից մեկն է: EU4Digital-ի փորձագետները ողջ գործընթացի ընթացքում երկրներին կաջակցեն վերացնել էլեկտրոնային ստորագրության փոխգործելիության անդրսահմանային խոչընդոտները:

Գործարկվել է Արևելյան գործընկերության ստարտափ էկոհամակարգի հարթակը

Հունվարի 27-ին EU4Digital-ը պաշտոնապես գործարկեց Արևելյան գործընկերության երկրների ստարտափ էկոհամակարգի հարթակը: Այս լուծումը նախատեսված է որպես տարածաշրջանային ստարտափ էկոհամակարգի լանդշաֆտին հետևելու հիմնական գործիք և կտրամադրի ստարտափների, նորարարությունների, ներդրողների ու ֆինանսավորման փուլերի վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև բազմաթիվ այլ տեղեկություններ:

Ինտերակտիվ հարթակն արդեն իսկ ներգրավել է ավելի քան 2500 ստարտափ՝ այլ մասնակիցների լայն շրջանակի հետ միասին: Առաջին եզրահանգումներն արվել են՝ հիմնվելով հարթակի տվյալների վրա. օրինակ, որ հարթակում ներկայացված ստարտափների գումարային ձեռնարկատիրական արժեքը ներկա պահին կազմում է ավելի քան 62 միլիարդ եվրո, և որ դրանք 2021 թվականին վաստակել են 668 միլիոն եվրո:

Հարթակն այժմ բաց է գրանցման համար՝ իր օգտատերերին առաջարկելով գործընկերությունների հաստատման գործիքներ, վստահելի տեղեկատվություն Արևելյան գործընկերության երկրների ստարտափ և տեխնոլոգիական էկոհամակարգի, ինչպես նաև մակրոմակարդակային միտումների մասին՝ աջակցելու տվյալների վրա հիմնված քաղաքականության իրականացմանը և բիզնես որոշումների կայացմանը:

Հարթակն օգտակար է օգտատերերի լայն շրջանակի համար՝ պետական կառույցներ և քաղաքականություն մշակողներ, վենչուրային կապիտալիստներ, հրեշտակ և այլ ներդրողներ, ստարտափներ և սքեյլափներ, հետազոտողներ և լրագրողներ, համալսարաններ, ծառայություն մատուցողներ և արագացուցիչներ:

Music Moves Europe Awards 2022. Հայաստանը և Ուկրաինան ներկայացնող երգիչները հաղթողների թվում են

Հունվարի 20-ին «Eurosonic Noorderslag» փառատոնի հիբրիդային մրցանակաբաշխության ժամանակ հայտնի դարձան փոփ և ժամանակակից երաժշտության համար ԵՄ մրցանակի դափնեկիրները:

«MME Awards 2022»-ի ժյուրիի գլխավոր մրցանակը ստացավ Մեսկերեմ Մեեսը (Բելգիա): Ուկրաինացի երգչուհի Ալինա Պաշը հինգ այլ հաղթողների թվում է, իսկ Հանրային ընտրության մրցանակը ստացել է «Լադանիվան» (Հայաստան):

Փոփ և ժամանակակից երաժշտության համար ԵՄ մրցանակը ճանաչման է արժանացնում Եվրոպայի նորահայտ տաղանդներին և նրանցից յուրաքանչյուրին պարգևատրում է 10,000-ական եվրո դրամական մրցանակով ու նրանց միջազգային կարիերայի խթանմանն ուղղված ուսումնական ծրագրով: Բացի այդ, 5000 եվրո դրամական մրցանակ է ստանում Հանրային ընտրության մրցանակակիրը:

Ալինա Պաշը 100 տոկոսանոց «բիտանգա» է (ռուսինական բարբառ՝ «խուլիգան»), որը կոտրում է հին կարծրատիպերի համակարգը: Նրա յուրահատուկ ոճը էլեկտրոնային, հիփ-հոփ, փոփ և էթնիկ ֆոլք երաժշտության միքս է:

«Լադանիվա»-ն բազմամշակութային խումբ է, որը համաշխարհային երաժշտություն է ստեղծում հայկական ֆոլքի և այլ ավանդական ձևերի (մալոյա, բալկանբիթ, ռեգգի, արաբական և աֆրիկյան ազդեցություններ) օրիգինալ մեկնաբանությամբ:

2021 թվականի Հանրային ընտրության մրցանակի դափնեկիր, ուկրաինացի հիփ հոփ արտիստ Ալյոնա Ալյոնան այժմ Music Moves Awards-ի ժյուրիի անդամ է։

ՎԶԵԲ-ը և դոնորները ավելացնում են փոքր և կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների ֆինանսավորումը Հայաստանում

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և դոնորները 25 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսական աջակցություն են տրամադրում Հայաստանում Ամերիաբանկին՝ երկրի մասնավոր բիզնեսներին վարկեր տրամադրելու նպատակով:

Ֆինանսավորման այս փաթեթի շրջանակներում Ամերիաբանկը կստանա 10 մլն ԱՄՆ դոլար «Կանայք բիզնեսում» (WiB) ծրագրի ներքո՝ կանանց կողմից ղեկավարվող փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) տեղական արժույթով վարկեր տրամադրելու նպատակով։ Ծրագիրը համատեղում է ֆինանսավորումը, տեխնիկական աջակցությունը, ռիսկերի նվազեցումը՝ ծածկելով տեղական ֆինանսական հաստատությունների առաջին կորուստները: Տեխնիկական աջակցությունն ու խորհրդատվական ծառայությունները համատեղ ֆինանսավորվում են Եվրոպական միության (ԵՄ) կողմից:

Լրացուցիչ 10 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրվի տեղական միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) զարգացմանն աջակցելու նպատակով։

Ամերիաբանկը նաև կստանա 5 միլիոն ԱՄՆ դոլար ԵՄ-ն՝ բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գծի շրջանակում, որին աջակցում է ԵՄ-ն՝ արտահանման ներուժ ունեցող տեղական ՓՄՁ-ներին վարկեր տրամադրելու նպատակով՝ տեխնոլոգիաներն ու ծառայությունները ԵՄ չափանիշներին համապատասխան արդիականացնելուն ու, միաժամանակ, կանաչ տեխնոլոգիաների կիրառումը խթանելուն ուղղված ներդրումների համար:

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը կաջակցի Impact Hub Yerevan-ի նոր ծրագրին

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հունվարի 10-ին հայտարարեց Impact Hub Yerevan-ի հետ իր նոր համագործակցության մասին։

«Ավելի ուժեղ ձեռնարկատիրական էկոհամակարգ Սյունիքում. աջակցություն խոցելի և տեղահանված անձանց» նոր ծրագիրը միտված է աջակցելու ձեռնարկատիրական հնարավորությունների հզորացմանը Սյունիքի մարզում` թիրախում ընդգրկելով ամենախոցելի խմբերին, այդ թվում՝ տեղահանված անձանց։

Հաջորդ տասներկու ամիսների ընթացքում Impact Hub Yerevan-ի ջանքերով կստեղծվի գործունեության համար անհրաժեշտ ֆիզիկական տարածք, ինչպես նաև կանցկացվի ծրագրի 6-ամսյա ինկուբացիոն փուլը: Ծրագրի արդյունքում ակնկալվում է ընտրել 30 շահառու՝ անհատներ և կազմակերպություններ, որոնց ծրագրի շրջանակներում կտրամադրվեն վերաորակավորման վերապատրաստումներ՝ աջակցելով նրանց ձեռնարկատիրական գործունեությանը, նրանց համար ստեղծելով նոր աշխատանքային հնարավորություններ:

Impact Hub-ը նաև ծրագրում է իր գործունեությունը տեղափոխել մարզ՝ ծրագրի իրականացման ժամկետի ավարտից հետո այնտեղ մնալու նպատակով:

Հայաստանում մեկնարկել է ԵՄ ֆինանսավորմամբ խոշոր ծրագիր

Ս.թ. հունվարի 25-ին տեղի ունեցավ ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԲՀ-ի և ԵԱՀԿ-ի կողմից համատեղ իրականացվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանություն Հայաստանում» ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի մեկնարկային միջոցառումը, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության կառավարության, դիվանագիտական հանրության, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Առաջիկա 24 ամիսների ընթացքում ծրագիրը կաջակցի ՀՀ կառավարությանը՝ կառուցելու լավ կառավարման և օրենքի գերակայության հարգման սկզբունքների վրա հիմնված արդյունավետ և հաշվետու հաստատություններ:

Ծրագրի հիմնական ուղղություններն են պետական ծառայությունների մատուցման՝ իրավունքահեն մոտեցումների ընդլայնումը, անվտանգության ոլորտի կառավարման և բարեփոխումների խթանումը, ինչպես նաև սահմանադրական բարեփոխումների գործընթացի խթանումը:

Վրաստան. ՖԱՕ-ն փնտրում է երիտասարդ գյուղատնտեսներ

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ԵՄ ֆինանսավորմամբ) հայտարարել է Վրաստանում երիտասարդ գյուղատնտեսների պրակտիկայի ծրագրի մասին:

ՖԱՕ-ն փնտրում է 13 գյուղատնտեսության բակալավրի աստիճան ունեցող նորավարտ երիտասարդների կամ ուսումնառության վերջին տարում սովորող ուսանողների, ովքեր կաշխատեն Աջարիայի, Իմերեթի, Սամցխե-Ջավախեթի, Կախեթի, Շիդա Քարթլիի և Քվեմո Քարթլիի տարածաշրջաններում: Երիտասարդ գյուղատնտեսները ՖԱՕ-ին տեխնիկական աջակցություն կցուցաբերեն գյուղացիներին գյուղատնտեսական լավագույն փորձը ներկայացնելու համար նախատեսված ցուցադրական հողատարածքների ցանցի ներդրման գործում:

Պրակտիկանտները կկարողանան տեսական և գործնական վեցամսյա վերապատրաստում անցնել ցուցադրական հողամասերում իրենց պարտականությունները կատարող փորձագետների մոտ: Ծրագրից հետո երիտասարդները հնարավորություն կունենան միանալ թիմին որպես մասնագետ։

ՖԱՕ-ն այս ծրագիրն իրականացնում է ԵՄ կողմից ֆինանսավորվող Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի (ԵՀԳԳԶԾ III/ENPARD III) շրջանակներում, որի նպատակն է բարձրացնել ֆերմերների կարողությունները՝ Վրաստանի ութ համայքներում (Դեդոփլիսծղարո, Թեթրի Ծղարո, Լագոդեխ, Կազբեգ, Խուլո, Կեդա, Ախալքալաք և Բորժոմ) խորհրդատվական ծառայությունների տրամադրման բարելավման միջոցով:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս.թ. փետրվարի 14-ն է:

EU4Culture. շարժունակության դրամաշնորհների հայտամրցույթ Արևելյան գործընկերության երկրների արվեստագետների ու մշակույթի ոլորտի մասնագետների համար

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «EU4Culture» («ԵՄ-ն՝ մշակույթի համար») ծրագիրը հայտարարում է շարժունակության դրամաշնորհների համար իր առաջին հայտամրցույթը, որն ուղղված է աջակցելու Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի արվեստագետներին ու մշակույթի ոլորտի մասնագետներին:

Հայտարմցույթը բաց է աշխատանքային պրակտիկաների, ճանաչողական այցերի, կոնֆերանսների, մասնագիտական զարգացման հնարավորությունների և գիտելիքի փոխանակումն ու միջմշակութային երկխոսությունը խթանող այլ միջոցառումների համար:

Դրամաշնորհային սխեմայի շրջանակում կարճաժամկետ շարժունակության համար (7-10 օրացուցային օր) կտրամադրվի մինչև 1500 եվրո, միջնաժամկետ շարժունակության համար (մինչև 5 շաբաթ)՝ մինչև 3500 եվրո, իսկ երկարաժամկետ շարժունակության համար (մինչև 12 շաբաթ)՝ մինչև 5000 եվրո աջակցություն։

Շարժունակության ծրագրերը պետք է իրականացվեն 2022թ. հունիսից մինչև 2023թ. հունիսն ընկած ժամանակահատվածում՝ ԵՄ անդամ երկրներում, ԵՄ գործընկեր երկրներում և եվրոպական այլ երկրներում:

Դիմելու իրավունք ունեն 18 տարին լրացած բոլոր արվեստագետներն ու մշակույթի ոլորտի մասնագետները, ովքեր հանդիսանում են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացի կամ օրինական բնակիչ:

Դիմորդները պետք է պատրաստեն միջազգային շարժունակության բյուջեով գործողությունների ծրագիր՝ օգտագործելով առցանց հայտի ձևը, և այն ներկայացնեն «Գյոթե ինստիտուտի» դիմումների պորտալի (GAP) միջոցով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն ապրիլի 8-ն է:

ԵՄ-ի ֆինանսավորմամբ «EU4Culture» ծրագիրն իրականացվում է «Գյոթե ինստիտուտի» (հիմնական իրականացնող), Չեխական կենտրոնների, Դանիական մշակութային ինստիտուտի և Վրաստանում ֆրանսիական ինստիտուտի կողմից: Ընդհանուր առմամբ, «EU4Culture»-ը 2022-2024 թվականների ընթացքում կհայտարարի շարժունակության դրամաշնորհների վեց մրցույթ և կտրամադրի մինչև 250 անհատական դրամաշնորհ:

Էներգետիկ համայնքի ամառային դպրոց. ընդունվում են հայտեր 2022 թվականի համար

Էներգետիկ համայնքի քարտուղարությունը հայտարարել է 2022 թվականի Էներգետիկ համայնքի ամառային դպրոցին մասնակցելու համար հայտերի ընդունման մասին: Ամառային դպրոցն էներգետիկ անցման վերաբերյալ խորքային գիտելիքներ ձեռք բերելու եզակի հնարավորություն կտա մինչև 48 ասպիրանտների և երիտասարդ մասնագետների և նրանց համար կծառայի որպես փոխանակման ու ոլորտի ապագան կերտելու հարթակ:

Այս տարվա ամառային դպրոցը կկայանա 2022 թվականի օգոստոսի 20-ից 27-ը ժամանակահատվածում` Սարաևոյի համալսարանում (Բոսնիա և Հերցեգովինա):

Արևելյան գործընկերության երկրները ներկայացնող ուսանողներն ու մասնագետները դպրոցին կարող են մասնակցել անվճար: Էներգետիկ համայնքի ամառային դպրոցի խորհուրդը լավագույն թեկնածուներին կընտրի ընտրության չափանիշների հիման վրա:

Դիմելու վերջնաժամկետն է 2022 թվականի մարտի 31-ը:

2022 թվականի ամառային դպրոցը կազմակերպվում է Վիշեգրադի հիմնադրամի, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի «Dialogue Southeast Europe» նախաձեռնության (FES SOE) և Սարաևոյի համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետի հետ համագործակցությամբ:

EU4Youth. դիմեք դրամաշնորհների և նպաստեք Արևելյան գործընկերության շրջանակներում երիտասարդների զբաղվածության և ձեռներեցության զարգացմանը

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն՝ երիտասարդների համար» («EU4Youth») ծրագիրը նախաձեռնել է դրամաշնորհային առաջարկների մրցույթ՝ ուղղված երիտասարդների թվային հմտությունների խթանմանը, կանաչ անցման համար հմտությունների զարգացմանը և ձեռնարկատիրական ու կարիերայի կառավարման հմտությունների բարելավմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով անապահով երիտասարդների վրա:

​​ Դրամաշնորհային ծրագիրը բաղկացած է երկու լոտերից.

  1. Անապահով երիտասարդների թվային կոմպետենցիաների զարգացում, ձեռներեցության խթանում և աջակցություն համապատասխան ցանցերին ու գործընկերություններին: Ծրագրային առաջարկներից յուրաքանչյուրի բյուջեն պետք է լինի 250,000-ից 300,000 եվրոյի շրջանակում:
  2. Երիտասարդների սոցիալական ձեռներեցության և կարիերայի կառավարման հմտությունների զարգացում` կենտրոնանալով կանաչ և թվային տնտեսությունների վրա, և աջակցություն համապատասխան ցանցերին ու գործընկերություններին: Ծրագրային առաջարկներից յուրաքանչյուրի բյուջեն պետք է լինի 800,000-ից 1,000,000 եվրոյի շրջանակում:

Ծրագրային առաջարկները պետք է ներկայացվեն նվազագույնը երեք և առավելագույնը վեց կազմակերպություններից բաղկացած խմբի կողմից, որոնցից մեկը պետք է հանդես գա որպես գլխավոր հայտատու, իսկ առնվազն երկուսը՝ համահայտատու՝ Արևելյան գործընկերության առնվազն երկու երկրներից (օրինակ՝ Վրաստանը ներկայացնող գլխավոր հայտատու + Հայաստանը ներկայացնող համահայտատու + ԵՄ-ն ներկայացնող համահայտատու, կամ Ուկրաինան ներկայացնող գլխավոր հայտատու + Ադրբեջանը ներկայացնող համահայտատու + Ուկրաինան ներկայացնող համահայտատու):

Ցանկացած առաջարկվող գործողություն պետք է իրականացվի Արևելյան գործընկերության առնվազն երեք երկրներում և ունենա 18-ից 30 ամիս տևողություն:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2022թ. մարտի 14-ն է։

Տվյալ դրամաշնորհային առաջարկների մրցույթի վերաբերյալ տեղեկատվական հանդիպումը տեղի կունենա 2022 թվականի փետրվարի 8-ին:

Գրեթե մեկ տարվա կամավորական աշխատանքի հնարավորություն գերմանական ավագ դպրոցում

Հարավային Գերմանիայի Բադ Վուրցախ առողջարանային քաղաքում գործող «Salvatorkolleg» գիմնազիան հրավիրում է գերմաներեն լեզվի հիմնական մակարդակի իմացությամբ կամավորների Արևելյան գործընկերության բոլոր երկրներից՝ մասնակցելու դպրոցի ամենօրյա աշխատանքին:

Կամավորական գործունեության տևողությունը 46 շաբաթ է՝ 2022թ․ սեպտեմբերի 15-ից մինչև 2023թ․ հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում:

Կամավորները հիմնականում զբաղվում են ոչ ֆորմալ գործունեությամբ և անցկացնում արվեստի, երաժշտության, լեզուների ու մշակույթի վերաբերյալ սեմինարներ: Նրանք զբաղվում են ֆիզիկական դաստիարակությամբ և ուսանողների ներկայացուցիչների գործունեությամբ։

Կամավորները կտեղավորվեն երկու հոգու համար նախատեսված բնակարանում և կստանան գրպանի գումար՝ սննդի և տեղական տրանսպորտի ծախսերը հոգալու համար։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 28-ն է:

«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:

Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից  ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։

Эксперт дошкольного образования в Ниноцминде · EU4Youth-ը գործարկում է իր ուսումնական կենտրոնը Վրաստանում