Վրաստանում վառելիքի գները շուտով պետք է իջնեն, հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երկուշաբթի կառավարության նիստում։
Վառելիքի գները Վրաստանում փետրվարի վերջին կրկին բարձրացել են ռեկորդային առավելագույնի և հաղթահարել չորս լարիի շեմը։ Որպես թանկացման հիմնական գործոն փորձագետները նշել են միջազգային շուկայում ստեղծված իրավիճակը և դոլարի նկատմամբ ազգային արժույթի փոխարժեքը։
«Վառելիքի գները համաշխարհային շուկաներում համեմատաբար նվազել են մինչև 95 դոլար մեկ բարելի դիմաց, և քանի որ լարին դոլարի նկատմամբ ամրապնդվել է, ակնկալում եմ, հարգելի վառելիք ներկրողներ, որ հաշվի կառնեք երկրի և բնակչության վիճակը, և գները Վրաստանում հնարավորինս շուտ կվերանայվեն»,– ասել է Ղարիբաշվիլին կառավարության նիստում։
Նրա խոսքով՝ վառելիքի թանկացման պատճառ են դարձել ուկրաինական իրադարձությունները, որոնք շոկային վիճակ են առաջացրել համաշխարհային շուկաներում։ Այս գործընթացները, բնականաբար, ազդել են Վրաստան վառելիք ներկրողների վրա։
Վարչապետը նաև նշել է, որ ինչպես Թուրքիայից Վրաստան էժան դեղամիջոցներ ներկրելու դեպքում անհրաժեշտ է օգնել ձեռնարկատերերին այնպես էլ երկիր ներկրել էժան վառելիք և «գործընթաց սկսել»։
Ըստ վարչապետի, դա կմեծացնի սպառողների ընտրությունը, և Վրաստանի քաղաքացիները կունենան ընտրելու շատ հնարավորություն։