Ռազմավարական էներգետիկ ենթակառուցվածքների գծով Լեհաստանի կառավարության ներկայացուցիչ Պյոտր Նաիմսկին ասել է, որ Վարշավան հրաժարվում է ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Դիտարկվում են բոլոր հնարավորություններն ու ռիսկերը։ Մենք պատրաստ ենք դրանց»,- ասել է Նաիմսկին։ Նրա խոսքով, անհրաժեշտության դեպքում երկիրը ցանկացած պահի կարող է հրաժարվել գազի մատակարարումից եւ պատրաստ է ռուսական կողմի համապատասխան գործողություններին։
Ավելի վաղ՝ ապրիլին, Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին հայտարարել էր, որ երկիրը որոշում կկայացնի ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու մասին՝ կենտրոնանալով Եվրահանձնաժողովի (ԵՀ) դիրքորոշման վրա։
Մարտի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ռուսաստանի կողմից ոչ բարեկամ երկրներին մատակարարվող գազի դիմաց վճարումները ռուբլով փոխանցելու որոշման մասին։ Օտարերկրյա գնորդները պետք է հաշիվ բացեն Գազպրոմբանկում, այդ թվում՝ ռուբլով: Վճարումը կստացվի արտարժույթով, ինչպես գրված էր պայմանագրերում, և բանկը այն կփոխանակի ռուբլով Մոսկվայի բորսայում։