Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը, ով անազատության մեջ է անցյալ տարվա հոկտեմբերից, չափազանց տագնապալի է, նա բուժման կարիք ունի արտերկրում, ասել է Վրաստանի օմբուդսմենին կից ստեղծված այլընտրանքային բժշկական խորհրդի բժիշկ Օթար Թոիձեն։
«Նրա (Սահակաշվիլիի) վիճակն այնքան ծանր է, որ անհապաղ բուժում է անհրաժեշտ արտասահմանյան կլինիկայում: Մենք ասացինք, որ այդ գործընթացը աստիճանաբար հիվանդին կտանի հաշմանդամության, իսկ հետո, հնարավոր է, մահվան: Հիմա մենք մոտեցել ենք այս կետին», – երեքշաբթի լրագրողներին ասել է Թոիձեն։
Անցյալ շաբաթ այլընտրանքային բժշկական խորհրդի անդամները այցելել և զննել են Սաակաշվիլիին բանտում։ Բժիշկները նրա առողջական վիճակի մասին հաղորդում են պատրաստում։
Նաև անցյալ շաբաթ՝ ապրիլի 22-ին, Վրաստանի արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայությունը հերքել է Սահակաշվիլիի առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին տարածված տեղեկատվությունը։ Ծառայության տվյալներով՝ քաղաքական գործիչը գտնվում է շուրջօրյա ինտենսիվ բժշկական հսկողության տակ և ապահովված է բոլոր բժշկական ծառայություններով։
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկանոր Մելիան երեքշաբթի օրը ճեպազրույցում դիմել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Սաակաշվիլիին ներում շնորհելու և արտերկիր բուժման ուղարկելու խնդրանքով։
Սաակաշվիլին գաղտնի Վրաստան է ժամանել 2021 թվականի սեպտեմբերի 29-ին։ Հոկտեմբերի 1-ին նա ձերբակալվել է Թբիլիսիում, որից հետո նրան տեղափոխել են Ռուսթավի քաղաքի բանտ, որտեղ նա հացադուլ է հայտարարել։ Նոյեմբերի 8-ին, առանց հարազատների և փաստաբանների համաձայնության, նա Ռուսթավի քաղաքի բանտից տեղափոխվել է Թբիլիսիի բանտային հիվանդանոց (Գլդանի շրջան)։ Նոյեմբերի 20-ին Սաակաշվիլին տեղափոխվել է Գորի քաղաքի զինվորական հոսպիտալ, որտեղ նա դադարեցրել է հացադուլը։
Վրաստանում Սաակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում։ Սաակաշվիլին իր կալանքը համարում է անօրինական, իսկ իրեն առաջադրված մեղադրանքները կեղծված։