Համաշխարհային բանկի հրապարակած թարմացված զեկույցի համաձայն՝ ապրանքների պատմականորեն բարձր գները կշարունակվեն մինչև 2024 թվականի վերջ՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական շոկով, մատակարարման շղթայի հետաձգմամբ, արտադրական գործընթացների ժամանակավոր դադարեցմամբ և համաշխարհային գնաճով:
Վերլուծաբանների գնահատմամբ, միջազգային շուկայում էներգակիրների գների աճի միտումը ամենասուրն է 1973 թվականի ճգնաժամից ի վեր։ Սննդամթերքի և պարենային ապրանքների գները նույնպես զգալիորեն աճում են՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պարենամթերքի խոշորագույն մատակարարներն են, իսկ բնական գազի գների աճը հանգեցնում է պարարտանյութերի գների բարձրացմանը, որն իր հերթին արտացոլվում է գյուղատնտեսական արտադրանքի վրա։
«Ընթացիկ իրադարձությունները մեծացնում են ստագֆլյացիայի ռիսկերը (գնաճի բարձր ցուցանիշ, որն ուղեկցվում է արտադրության լճացումով և բարձր գործազրկությամբ)։ «Քաղաքական գործիչներն ու օրենսդիրները պետք է ամեն ինչ անեն՝ խթանելու տեղական տնտեսությունը և խուսափեն գործողություններից, որոնք կարող են վնասել համաշխարհային տնտեսությանը», – ասել է Համաշխարհային բանկի տնտեսական աճի, ֆինանսների և ինստիտուտների փոխնախագահ Ինդերմիտ Գիլը:
Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ մինչև 2022 թվականի վերջը էներգիայի գները կբարձրանան 50%-ով, թեև ակնկալվում է, որ աճը կդանդաղի 2023 թվականից:
2022 թվականին սպասվում է գյուղատնտեսական ապրանքների արժեքի 20 տոկոս, ցորենի գնի 40 տոկոս աճ, որի դեպքում առաջիկա տարիներին ակնկալվում է աճի տեմպերի դանդաղում։
Չնայած համեմատաբար դրական երկարաժամկետ ակնկալիքներին, Համաշխարհային բանկի վերլուծաբանները գնահատում են, որ գները մոտակա տարիներին 5 տարվա միջինից բարձր կլինեն՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի շարունակման և մատակարարման շղթայի հավելյալ սահմանափակումների հետ ավելի մեծացնելով ապրանքների և էներգիայի գնաճի ռիսկերը: