Սամեբա գյուղի դպրոցը օձերի «գերության» մեջ\տեսանյութ

Սամեբա գյուղի դպրոցը   օձերի «գերության» մեջ\տեսանյութ

Սամեբա գյուղի հանրակրթական դպրոցը թե՛ շենքի ներսում, թե՛ տարածքում առկա օձերի պատճառով անցել է հեռավար ուսուցման։

Օրերս, NOR ռադիոկայանին հայտնի դարձավ, որ Սամեբա գյուղի դպրոցն անցել է հեռավար ուսուցման՝ դպրոցի տարածքում օձեր հայտնվելու պատճառով։

Պարզելու համար, թե ինչու է դպրոցն անցել հեռավար ուսուցման, լրագրողները դիմել են Ռեսուրս կենտրոնի տնօրեն Դավիթ Զեդգենիձեին, ով պատասխանել է, որ տեղյակ չէ, թե ինչու է դպրոցն անցել հեռավար կրթության։ Նա նաև նշել է, որ ինքը միջնորդ է նախարարության և դպրոցների միջև։ Դպրոցներն ինքնավար են և իրավունք ունեն որոշելու, թե ինչ անել:

Դրանից հետո զանգահարեցինք Սամեբա գյուղի դպրոցի տնօրեն Մզեկալ Մինաձեին, ով հրաժարվեց մեկնաբանել այս իրավիճակը՝ ասելով, որ երբ իրավիճակը կարգավորվի, ինքը կմեկնաբանի։

Սամեբա գյուղում տիրող իրավիճակը տեսնելու նպատակով ապրիլի 28-ին գյուղ են այցելել NOR ռադիոյի լրագրողները։
Սակայն դպրոցը փակ էր։ Դպրոցի շուրջը շատ օձեր կային, որոնք սողում էին պատերով։

Ինչպես ասացին բնակիչները, դպրոցն արդեն երկու շաբաթ է՝ հեռավար ուսուցման է։ «Դպրոցի բակում շատ օձեր կան, որոնք ճեղքերով մտնում են դասարաններ։ Հատկապես սարսափելի է գարնանը: Երբ սկսում են ձվադրել։
Այս պահին, որքան գիտենք, սպասում են նախարարության արձագանքին, որպեսզի անցնեն լրիվ դրույքով կրթության»,- ասաց Սամեբա գյուղի բնակիչներից մեկը։

Ինչպես նշում են բնակիչները, օձերը հատկապես շատ են գարնանն ու աշնանը։ Նրանց կարելի է տեսնել նաև տների բակերում, բայց մեծ քանակությամբ՝ դպրոցի բակում են։ Սրանք օձերի ընտանիքից՝ ոչ թունավոր օձեր են։

Սամեբա գյուղի դպրոցում սովորում է 14 աշակերտ։

Մենք նամակ ենք ուղարկել Վրաստանի կրթության և գիտության նախարարություն՝ պարզելու, թե ինչ քայլեր են ձեռնարկվում այս խնդրի լուծման ուղղությամբ։ Պատասխան ստանալուն պես կհրապարակենք մեր հաջորդ նյութերում։

Radio NOR · Змеи вместо учеников в школе села Самеба