Ուժգին երկրաշարժ Վրաստանում

Ուժգին երկրաշարժ Վրաստանում

Այսօր Թբիլիսիի ժամանակով 23:35-ին Դմանիսիի մերձակայքում գտնվող Իրգանչայ գյուղում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ։ Նշենք, որ Իրգանչայ գյուղն ու Սամեբան մոտ են իրար։ Էպիկենտրոնը Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղից գտնվում է 11 կմ հեռավորության վրա։

Ցնցումները զգացվել են Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում։ Ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան։

Վերջերս Դմանիսիի և Նինոծմինդայի (Քվեմո-Քարթլիի և Սամցխե-Ջավախքի շրջաններ) սահմանին գտնվող Սամեբա գյուղը դարձել է ակտիվ սեյսմիկ գոտի։ Այնտեղ ցնցումներ են տեղի ունենում գրեթե ամեն օր։

Այս տարածքում ամենաուժեղ երկրաշարժը գրանցվել է փետրվարի 13-ի երեկոյան։ Նրա ուժգնությունը կազմել է 6,1 մագնիտուդ։ Դրան հաջորդել են մի շարք հետցնցումներ, որոնցից ամենաուժեղը եղել է 4,5 մագնիտուդ ուժգնությամբ։