Ուկրաինան մեղադրում է Վրաստանին Հայաստանին և Ադրբեջանին՝ Ռուսաստանի պատժամիջոցները շրջանցելու օգնության մեջ

Ուկրաինան մեղադրում է Վրաստանին Հայաստանին և Ադրբեջանին՝ Ռուսաստանի պատժամիջոցները շրջանցելու օգնության մեջ

Վրաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) փոխանցմամբ՝ մայիսի 2-ին նախարարությունում հանդիպում է տեղի ունեցել Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր ներկայացուցիչ Անդրեյ Կասյանովի հետ։

Ըստ Վրաստանի ԱԳՆ-ի՝ «դիվանագետը կանչվել է ԱԳՆ՝ կապված Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզական ծառայության տրամադրած տեղեկատվության հետ»։

Ընդգծենք, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը տեղեկատվություն է տարածել Ռուսաստանի՝ պատժամիջոցները շրջանցելու և ուղիներ գտնելու փորձերի մասին։

Ըստ ուկրաինական հետախուզության՝ Ռուսաստանը նախատեսում է արտադրել ապրանքներ վրացական, հայկական և ադրբեջանական ապրանքների անվան տակ, այնուհետև արտահանել երրորդ երկրներ։

ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում փոխնախարար Թեյմուրազ Ջանջալիան ևս մեկ անգամ հայտնել է վրացական կողմի դժգոհությունը նմանատիպ բովանդակության պնդումների առնչությամբ և նշել, որ նման չճշտված լուրերի հիման վրա տեղեկատվության տարածումը վնասում է երկու երկրների գործընկերությանը։

«Վրաստանի ԱԳՆ-ն Ուկրաինայի գործերի ժամանակավոր ներկայացուցչին խնդրել է ժամանակին փաստացի բացատրություններ և ապացույցներ տրամադրել Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզական ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության վերաբերյալ»,- ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

ԱԳՆ տվյալներով՝ ուկրաինացի դիվանագետը հանդիպման ժամանակ ասել է, որ այս փուլում համապատասխան արձագանք չունի ուկրաինական հետախուզության տարածած հայտարարությանը և նշել է, որ համապատասխան հաղորդագրություն կուղարկի Կիև։

Հանդիպմանը վերահաստատվել է Վրաստանի անսասան աջակցությունն Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին.

«Անդրեյ Կասյանովն իր երախտագիտությունն է հայտնել Վրաստանին` միջազգային կազմակերպությունների շրջանակներում Ուկրաինային աջակցող բանաձևերի ու հայտարարությունների, ինչպես նաև մարդասիրական օգնության համար»։

Նշենք, որ Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին այսօր՝ մայիսի 2-ին, անհասկանալի է որակել Ուկրաինայի հետախուզական ծառայության հայտարարությունը, թե պատժամիջոցների ազդեցությունը նվազեցնելու համար Ռուսաստանը բանակցություններ է վարում Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ ռուսական արտադրանքը միջազգային շուկա վերաարտահանման շուրջ։

Նշենք նաև, որ սա ուկրաինական կողմի առաջին մեղադրական հայտարարությունը չէ, նմանատիպ հաղորդագրություն է հրապարակվել նաև ապրիլի 4-ին։aliq.ge