Յոթնյակի (G7) երկրների ղեկավարները հայտարարել են, որ մտադիր են «կանխել Ռուսաստանի հաղթանակը» Ուկրաինայում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով վիրտուալ գագաթնաժողովի արդյունքներին հաջորդած կոմյունիկեին։
«Մեծ յոթնյակը և Ուկրաինան միավորված են այս դժվարին պահին և այս երկրի համար ժողովրդավարական, բարգավաճ ապագա ապահովելու իրենց ցանկության մեջ: Մենք միասնական ենք մեր վճռականության մեջ՝ թույլ չտալու նախագահ Վլադիմիր Պուտինին հաղթել Ուկրաինայի դեմ իր պատերազմում»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։
G7-ի ղեկավարները նշել են, որ այս կերպ իրենք «հարգանքի տուրք են մատուցում բոլոր նրանց հիշատակին, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմում կռվել են ազատության համար»: Նրանք մտադրություն են հայտնել «շարունակել պայքարը» հանուն Ուկրաինայի, Եվրոպայի և ողջ միջազգային հանրության։
Ավելի վաղ G7-ի երկրների ղեկավարները վիրտուալ հանդիպում են անցկացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում պատրաստակամություն են հայտնել շարունակել երկրին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել։ Նրանք բացատրել են, որ շարունակելու են հետևել ներկայիս ընթացքին՝ օգնելով Ուկրաինային զենքի մատակարարման հարցում, պաշտպանելով նրա ցանցերը հաքերային հարձակումներից և ընդլայնելով համագործակցությունը երկրի հետ։