ՀՀ Կոտայքի մարզում բախվել են երգիչ Վարդան Ուրումյանի Mitsubishi Pajero-ն ու BMW-ն. կա 3 զոհ, 2 վիրավոր

ՀՀ Կոտայքի մարզում բախվել են երգիչ Վարդան Ուրումյանի Mitsubishi Pajero-ն ու BMW-ն. կա 3 զոհ, 2 վիրավոր

Երեկ՝ մայիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի՝ Նոր Հաճնի կամրջի սկզբնամասում բախվել են BMW և Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի, որոնցից երկուսը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից 2-ը, գիտակցության չգալով, մահացել են:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mitsubishi Pajero-ն վարել է սիրված ու ճանաչված երգիչ Վարդան Ուրումյանը, ով նույնպես բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց: